ՎԱՅՐԵՆԻՆ (2020թ.)

Ռեժիսոր(ներ) Հովհաննես Հակոբյան

Սցենարիստ(ներ) Հովհաննես Հակոբյան

Օպերատոր(ներ)Արտավազդ Խաչատուրյան

Առաջին ցուցադրություն2020

Դերասան(ներ)Ռազմիկ Արզույան, Արթուր Մանուկյան, Դավիթ Հակոբյան, Վրույր Հարությունյան, Էլֆիք Զոհրաբյան, Լիլիթ Սալնազարյան, Գրեգ Ամատունի

Պրոդյուսեր(ներ)Արման Չիլինգարյան

Ընկերություն(ներ)«Զում» փրոդաքշն

27 րոպե

 

Այս պատմությունը մարդու և բնության հարաբերությունների մասին է, իսկ ավելի ճիշտ՝  բնության նկատմամբ մարդու անխնա վերաբերմունքի: Սա մի փոքրիկ դրվագ է, որտեղ ութ հերոսների միջոցով փորձ է արվել ցույց տալ մարդու և բնության բախումը:

 

Անտառապահը՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը, լուռ և խիստ մարդ է, որից զգուշանում է ամբողջ գյուղը: Այս կերպարը ընդգծվում է նաև ամբողջ ֆիլմի ընթացքում՝ նրա լռությամբ և մարդամոտ չլինելով: Բոլորը նրան «Վայրենի» են անվանում: Նա ջանք չի խնայում, որպեսզի պահպանի անտառը որսագողերից և ապօրինի ծառահատումներից: Չնայած նրան, որ ունի դաժան և խիստ մարդու համբավ, Վայրենին, իրականում, նուրբ և զգայուն հոգու տեր է: Մարդկանցից թաքուն կերակրում և փայփայում է իր «ընկերոջը»՝ այդ անտառի միակ արջին: Սակայն, բախվում է մի իրավիճակի, երբ կանգնում է ընտրության առջև և ... ստիպված սպանում է «ընկերոջը»՝ մարդու կյանք փրկելու համար: Չնայած իր վայրենու համբավին, նրա էմոցիոնալ, խոցելի կերպարն ընդգծվում է, երբ գիտակցում է իր անզորությունը. պայքարելով ամեն մի ծառի ճյուղի և կենդանու կյանքի համար՝ նա բախվում է իրականությանը՝ տասնյակ հատված ծառեր և իր իսկ ձեռքով սպանված կենդանի:

 

Հայկը նույնպես գլխավոր հերոսներից է: Նա հասարակ գյուղացի տղա է, ով հոգ է տանում իր ընտանիքի մասին: Մոտենում է ձմեռը, և Հայկը գնում է անտառ վառելափայտի հետևից: Նա հարգում է բնության օրենքները: Ժամանակին որսորդ է եղել, բայց ոչ երբեք՝ որսագող: Տարիներ առաջ, դժբախտ պատահարի հետևանքով Հայկը կորցրել էր հորը՝ արջը սպանել էր նրան: Տղան, իհարկե, վրեժ է լուծում՝ հետապնդում ու սպանում է այդ արջին, որը, բոլորի կարծիքով, այս տարածքի վերջին արջն էր: Սակայն գիտակցում է, որ բնությունը երբեք չի սխալվում, և երդվում է այլևս զենք չվերցնել: Երազը փոխում է նրա կյանքը: Երազում տեսնելով հորը՝ նա, այնուամենայնիվ, անտառ գնալիս զենք է վերցնում: Հանգամանքները բերում են նրան ճիշտ այնտեղ, որտեղ անտառապահը կեր էր թողնում իր «ընկերոջ» համար, և ... «պատահաբար» հանդիպում հենց այն արջին, որի մորը սպանել էր տարիներ առաջ, որի գոյության մասին ոչ ոք չգիտեր... որին, բոլորից թաքուն, փայփայում էր անտառապահը:

 

Պատահականություն թե՞ օրինաչափություն:
Ֆիլմի մյուս հերոսները (բացառությամբ մեկի) հասարակ գյուղացիներ են՝ որսորդներ կամ անասնապահ: Նրանք պարզ, գյուղի բարբառով զրուցում են իրենց առօրյա կյանքի, դժվարությունների, որսագողի և որսորդի տարբերության ու բնության մասին: Սա ամենապարզ, ժողովրդական փիլիսոփայությունն է, որն իր մեջ պարունակում է մի բան միայն՝ մարդ լինել և խնամքով վերաբերվել բնությանը, հարգել նրա օրենքները, չլինել միայն սպառողի դերում, այլապես բնությունը կարող է բարկանալ և պատժել:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը