Դեկտեմբերի 06 2022
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին դեռևս 2022 թ․ հուլիսին՝ կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի գործնական աշխատանքներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Փոխըմբռնման հուշագիրը, որն ուղղված է կինոյի ոլորտի զարգացմանն, ինչպես նաև այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը՝ պահանջում է լուրջ ուսումնասիրություն՝ գնահատելու առկա հնարավորություններն ու գործակցության հեռանկարները։
Հնդիկ գործընկերների խոսքով, իրենք անցնող մի քանի ամիսների ընթացքում լրջորեն ուսումնասիրել են հայկական հնարավորությունները, մասնավորապես ֆիլմերի նկարահնումների համար տեղանքների ընտրության, ֆիլմերի հետարտադրական փուլի համար անհրաժեշտ պայմանների գնահատման կարևոր այլ բաղադրիչներ։ Նրանք հույս հայտնեցին, որ որոշակի օրենսդրական ճշգրտումներից հետո հնարավոր կլինի զարգացնել նաև համատեղ կինոարտադրությունը։ Ըստ հնդկական կողմի, այս ամենը նախապատրաստական փուլերն են Հայաստանում «Հնդկական Եվրասիա կինոակադեմիայի» հիմնադրման համար, քանի որ ոլորտի զարգացումը մեծապես կախված է հենց կրթությունից։ Հնդիկ գործարարները, նախատեսում են իրականացնել կինոարվեստի ոլորտում մասնագիտական խմբերի փոխանակումներ, մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև զարգացնել համատեղ կինոարտադրությունը։
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը առաջարկեց կազմակերպել հանդիպում հայ և հնդիկ կինոարտադրողների համար, որպեսզի կողմերը կարողանան քննարկել նեղ մասնագիտական հարցեր՝ անհրաժեշտ ոլորտի զարգացման և գործակցությունն ավելի դինամիկ դարձնելու համար։ Հանդիպմանը ներկա ԱԳՆ և ՀՀ ԿԳՄՍ ներկայացուցիչները առաջարկեցին այս համգործակցությունն ավելի առարկայական և իրավական առումով անխոցելի դարձնելու համար՝ վերջնարդյունքում ունենալ ստորագրված միջպետական համաձայնագիր։ Կողմերը քննարկեցին նաև ֆիլմերի վերականգնման հնարավոր համագործակցության ուղղությունները։
Հնդիկ գործընկերները հավելեցին նաև, որ իրենք Հնդկաստանում բազմաթիվ ընկերությունների են ներկայացրել Հայաստանը, և նրանցից շատերը հետաքրքրված են այստեղ տարբեր ոլորտներում երկկողմ շահավետ ծրագրեր իրականացնել։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Կինոբաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Սարգսյանը, ԱԳՆ ներկայացուցիչ Մարթա Այվազյանը, Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության ներկայացուցիչներ Յաթիշ Վենկաթեշը, Գանեշ Պապանան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօերն Շուշանիկ Միրզախանյանն ու ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը