Հոկտեմբերի 16 2022
Ուրախությամբ հայտնում ենք, որ պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ավրորայի լուսաբացը» վավերագրական - անիմացիոն ֆիլմը ներկայացվել է Asia Pacific Screen Award (APSA) (Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխություն) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում, որտեղ մրցելու են հինգ անիմացիոն ֆիլմեր:
APSA-ն «Ասիա-խաղաղօվկիանոսյան» կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն է, որին տարեկան մասնակցում է ավելի քան 70 երկիր: Այն համագործակցում է FIAPF-ի հետ (Կինոարտադրողների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիա) և նրա հատուկ մրցանակներից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող մշակութային բազմազանության մրցանակն է:
Միաժամանակ նշենք, որ «Ավրորայի լուսաբացը» ընդգրկված է նաև վավերագրական ֆիլմերի IDFA հեղինակավոր փառատոնի (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն) Best of Fests («Փառատոների լավագույն ֆիլմեր») բաժնում:
Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմն արդեն իսկ մասնակցել էր Լիսաբոնի Doclisboa (Festival Internacional de cinema) և Համբուրգի միջազգային 30-րդ հոբելյանական կինոփառատոներին, իսկ հոկտեմբերի 23-ին Լոս Անջելեսի Animation Is Film կինոփառատոնի մրցութային ծրագրում տեղի կունենա ֆիլմի ամերիկյան պրեմիերան:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական կազմին և մաղթում հաղթանակներ ու հաջողություններ:
Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:
Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց Ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:
Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը: Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն` դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը