Հոկտեմբերի 08 2022

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր են:

 

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ մշակույթի նախարարությունների միջև ի նշան երկարատև ու սերտ մշակութային համագործակցության՝ Երևանում իրականացվում է «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագիրը, որի շրջանակներում տեղի են ունենում բազմաշերտ ու ընդգրկուն մշակութային միջոցառումներ:

 

Հայաստան ժամանած ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի և թվային զարգացման դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Դավիդենկոն, «Գոսֆիլմաֆոնդի» տնօրենի տեղակալ Արթուր Մելիքյանը, Կինոյի պետական կենտրոնական թանգարանի տնօրեն Լարիսա Բաժենովան հոկտեմբերի 7-ին այցելեցին նաև Հայաստանի ազգային կինոկենտրոն: Ռուսաստանցի հյուրերը կինոկենտրոնում հանդիպեցին տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի և մի շարք հայ կինոարտադրողների հետ: Դմիտրի Դավիդենկոն ողջունելով հավաքի մասնակիցներին, նշեց ռուսական կինոարվեստում հայկական կինեմատոգրաֆի անփոխարինելի ազդեցության մասին:

 

Ներկաները կարճ անդրադարձան իրենց կառույցների գործունեությանը՝ նշելով, որ այս հարթությունում բոլորի նպատակը մեկն է՝ մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումը: Շուշանիկ Միրզախանյանը մասնավորապես նշեց հայկական կինոժառանգության պահպանության և վերականգնման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների մասին՝ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ: «Հատկանշական է, որ 100-ամյակի հոբելյանական միջոցառումները կշարունակվեն նաև 2024 թվականին՝ ի նշանավորում 20-րդ դարի մեծագույն էսթետի և կինոպոետի՝ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին», - հավելեց նա:

 

Զարգացնելով Հայ կինոյի հոբելյանին վերաբերող զրույցը՝ Լարիսա Բաժենովան առաջարկեց իրենց թանգարանի տարածքում 2023 թվականին կազմակերպել Հայ կինոյի հոբելյանին նվիրված ընդգրկուն միջոցառում, որում ներառված կլինի հայկական մշակույթն ամբողջ ներկապնակով՝ կինոյի առանձնահատուկ ու բազմաշերտ ներկայացմամբ: Տիկին Բաժենովան ընդգծեց, որ իրենց թանգարանում պահպանվում են հայ կինոգործիչների արխիվային հարուստ նյութերը, որոնք կարող են ներկայացվել այդ օրերին:

 

Համագործակցության փոխշահավետ առաջարկներով հանդես եկավ նաև «Գոսֆիլմաֆոնդի» տնօրենի տեղակալ Արթուր Մելիքյանը՝ նշելով, որ իրենց ֆոնդերում պահպանվում են հայկական ֆիլմերի ժապավեններ, որոնց օրինակները չկան Հայաստանում կամ, եթե կան էլ ամբողջական չեն: Ա. Մելիքյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել ֆիլմերի թվայնացման և վերականգնման աշխատանքներին:

 

Կինոպրոդյուսեր և ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը ներկայացրեց Սիրիայում մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված իր նոր վավերագրական նախագիծը՝ նշելով ռուսական կողմի հետ համատեղ արտադրության կարևորությունը:

 

Հանդիպումն անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում՝ նոր հանդիպումների ու առարկայական գործակցության ակնկալիքով:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը