Սեպտեմբերի 28 2012

Աշնանային կինոտոնը` «Կինոաշուն - 2012»-ը հայկական կինոֆոնդի ամբողջ գունապնակով սեպտեմբերի 28-ին մեկնարկեց Արմավիրի մարզից: Ավանդական դարձած «Կինոաշուն - 2012»-ը արմավիրցիները դիմավորեցին ազգագրական երգ ու պարով, կրկեսային հետաքրքիր համարների կատարումներով:

 

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն այս տարի եւս անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Իսկ ծրագիրը նվիրվում է հայկական կինոյի մեծ երախտավոր` Համո Բեկնազարյանի 120-ամյակին, եւ ի պատիվ վարպետի կինոտոնը սկսվեց նրա առաջին հայկական հնչունային «Պեպո» ֆիլմի ցուցադրումով: Կինոաշնան կազմակերպիչները բացի հիմնական ֆիլմերից արմավիրցիներին մատուցեցին կինոանակնկալ` ներկայացնելով արխիվային հազվագյուտ փաստագրական կադրեր Սարդարապատի հուշահամալիրի բացման եւ հայկական ատոմակայանի կառուցման մասին:

 

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը համոզված է, որ ծրագրի մեկնարկը մարզերից պատահական չէ: Այն միտված է  յուրաքանչյուր մարզում գոնե մեկ կինոակումբ կամ փոքրիկ կինոթատրոն ստեղծելուն` ծրագրի ավարտից հետո: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող այս մարզի բնակչության համար «Կինոաշունը» դարձավ իսկական տոն, երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ազգային կինոկենտրոնի տնօրեն, «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագրի հիմնադիր Գ. Գեւորգյանի առաջարկով խոստացավ Արմավիրում ստեղծել կինոթատրոն: Մարզպետը համոզված է, որ ցանկացած շփում մշակույթի հետ ազնվացնում եւ բարիացնում է մարդու, իսկ ազգային արժեքների հետ շփումը կրթում է սերունդներին: Կինոաշնան բացման արարողությանը ներկա էին անվանի դերասաններ եւ ռեժիսորներ, կինոոլորտի հայտնի գործիչներ:

 

«Կինոաշուն - 2012»-ը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Իսկ ծրագրի հիմնական գործընկերն է Հայաստանի ազգային արխիվը:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը