Հունվարի 22 2021

Հայկական և իրանական կինոյի պատասխանատուները՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնում կայացած հանդիպման ժամանակ, վերաստորագրեցին  (փաստաթուղթը ստորագրված էր 3 տարով) դեռևս 2017թ. Երևանում վավերացված հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Երկկողմ համաձայնագիրը հայկական կողմից վավերացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ իրանական կողմից՝ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը։

Փաստաթղթի վերաստորագրմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական` Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը և այլք։

Երկու կինոկառույցների պատասխանատուները համոզմունք հայտնեցին, որ համագործակցության համաձայնագրի վերաստորագրումը նոր կինոգործընթացների զարգացման հեռանկարներ և ուղիներ է ենթադրում։ Շ․ Միրզախանյանի խոսքերով, փաստաթղթի վերաստորագրումը արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարավորություն է ընձեռում, իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է, որ այն երկու երկրների կինոոլորտների գործակցության նոր հնարավորությունների սկիզբ է։

Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ, այդ թվում՝ կինոժառանգության պահպանության, մանկապատանեկան կինոծրագրերի իրականացման, համատեղ կինոարտադրության զարգացման, երկկողմ կրթական ծրագրերի իրականացման, հայ-իրանական կինոշուկայի ձևավորման, ֆիլմերի տարածման ու երկկողմ փառատոների մասնակցության։

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը