Փետրվարի 27 2020

Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից՝ փետրվարի 20-27-ը գործող Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում Հայաստանն առաջին անգամ ներկայացավ առանձին տաղավարով։ Կինոշուկային մասնակցում էր 20 հայ ռեժիսոր ու 15 պրոդյուսեր։ Ընդհանուր առմամբ ներկայացված էր 50 հայկական կինոնախագիծ։

 

Հայաստանի մասնակցությունն ամիսների աշխատանք է պահանջել ազգային կինոկենտրոնից, որը ոչ միայն տարածքն է վարձակալել, որպեսզի հայ պրոդյուսերներն աշխատելու, հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ունենան, այլև հայկական 50 կինոնախագծերի կատալոգ է տպագրել։

 

Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը կարևորում է առաջին քայլը, սակայն ըստ նրա, շոշափելի արդյունքներ կգրանցվեն ավելի ուշ։ 2020թ․-ի կինոշուկայի արդյունքներն ամփոփելիս կինոկենտրոնի ղեկավարը բոլոր պրոդյուսերների մասնակցությամբ քննարկումներ կկազմակերպի՝ լսելու նրանց կարծիքները, առաջարկներն ու նկատառումները։


Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, հայկական տաղավարի հանդեպ հետաքրքրությունը մեծ է եղել։ Մինչ Բեռլին գալը՝ հանդիպումների նախնական պայմանավորվածություններ արդեն ունեցել են․ «այսինքն՝ մեր մուտքը կինոշուկա ակնհայտորեն հետաքրքրել է շատերին»։
Նա գտնում է, որ պետք է կարողանանք պահպանել այն, ինչ ունենք այսօր ու ավելին՝ շարունակական դարձնել ու զարգացնել, հրաշալի կլինի։ «Մեր պրոդյուսերների աշխատանքով պետք է կարողանանք մեր տեղն ու դիրքը կինոշուկայում հիմնավորել և հաստատել։ Հատկապես երիտասարդ պրոդյուսերները բավականին ակտիվ են, մենք էլ մեր կողմից փորձում ենք աջակցել նրանց»։


Մեծ հետաքրքրություն կա հայկական կինոժառանգության հանդեպ. նախնական պայմանավորվածություն չունենալով՝ «Կինոկլասիկա» հիմնադրամի ներկայացուցիչը հայաստանյան պատվիրակության հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։ Նա հետաքրքրվել է՝ հայկական կինոժառանգությանը վերաբերող ինչ նախագծեր կարող են առաջարկել հայերը։ Կինոկենտրոնի տնօրենը «Պեպո» ֆիլմն է առաջարկել։ Առաջարկը «Կինոկլասիկայի» հավանությանն է արժանացել, ու տեղում հետագա համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Շուշանիկ Միրզախանյանը հանդիպել է Film News Europe.com կազմակերպության գլխավոր տնօրեն Աննա Ֆրանկլինի հետ։ Film News Europe.com-ին անդամակցում են նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր երկրները։ Այն մեծ հարթակ է, որը տեղեկություններ է տարածում անդամակցող երկրների կինոյի նորությունների, անցուդարձի մասին։ Կազմակերպությունը յուրաքանչյուր երկրում թղթակից-լրագրող ունի, որը նրանց անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրում։ Film News Europe.com-ը 17 հազար հետևորդ ունի. 7000 պրոդյուսեր է համագործակցում այս կազմակերպության հետ։ Անդամակցող երկրները տարեկան 3000 դոլար են վճարում։


Հայաստանը Film News Europe.com-ին անդամագրվելու առաջարկ է ներկայացրել, որը հատուկ ժողովի ընթացքում քննարկվել է։ Անդամակցող երկրների կինոկենտրոնների ու հիմնադրամների տնօրենները Հայաստանի առաջարկը հավանության են արժանացրել։ Հիմա մերոնք Film News Europe.com-ից պաշտոնական առաջարկի են սպասում, որն էլ ներկայացնելու են ԿԳՄՍ նախարարություն։ Հետագա քայլերը կկանխորոշեն Film News Europe.com-ի հետ համագործակցության հեռանկարները։


Վավերագրական ֆիլմերի Sanny side of the doc կինոշուկայից ևս որոշակի ակնկալիքներ կան։ Sanny side of the doc-ը Ֆրանսիայի հարավում գտնվող Լա Ռոշել քաղաքում է անց կացվում։ Կինոշուկայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայկական կողմին առաջարկվել են վավերագրական ֆիլմերի տարբեր թեմաներ՝ պատմականից մինչև վայրի բնություն։ Sanny side of the doc կինոշուկան մասնակիցներին փիչինգների հնարավորություն է տալիս, բացի այդ՝ օգնում է համարտադրողներ գտնել, անգամ որոշ ֆինանսական ծախսեր է հոգում։ Օրինակ՝ հունիսին կայանալիք կինոշուկային մեր վավերագրողները կարող են մասնակցել, ի դեպ, տաղավարների գները եվրոպական մյուս կինոշուկաներում գործող վճարների համեմատ մատչելի են՝ 6քմ. տաղավարի համար՝ 1000 դոլար կամ մի քիչ ավելի։


Ուզբեկստանի ներկայացուցիչները ևս առաջարկել են համագործակցել։ Նրանք հետաքրքրված են ոչ միայն համատեղ արտադրության ֆիլմերի նախագծերով, այլև Համո Բեկնազարյանի կինոժառանգությամբ, քանի որ անվանի կինոռեժիսորի գործունեությունը նաև Ուզբեկստանի հետ է կապված։ Այնպես որ, Ուզբեկստանը Բեկնազարյանի ֆիլմերի վերականգնմամբ ու թվայնացմամբ հետաքրքրված է։


Մինչև Բեռլինի կինոշուկան՝ Վրաստանում Շուշանիկ Միրզախանյանը հանդիպել է այդ երկրի կինոկենտրոնի ղեկավարությանը և միասին որոշ նախագծեր են քննարկել։ Դրանցից մեկն, օրինակ, վերաբերում է Սերգեյ Փարաջանովի ժառանգության վերականգնմանը։ Բացի այդ՝ Հայաստան-Վրաստան պրոդյուսերական համատեղ հարթակ ստեղծելու մտադրություն կա։ Կկնքվի նաև համարտադրության պայմանագիր։


Ղազախները ևս հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցության ծրագրերով։ Նրանց հետ էլ համարտադրության պայմանագիր կկնքվի։ Ընդհանրապես Շ․ Միրզախանյանը փաստում է, որ հետխորհրդային երկրների հետ համատեղ պատմություն կա, որը չի կարելի մոռանալ կամ ջնջել։ Հետխորհրդային երկրների կինոգործիչների հետ կապերը պետք է վերականգնվեն, համատեղ արտադրություններ ստեղծվեն ու միասին առաջ գնան։


Film University Babelsberg համալսարանի պրոֆեսոր Մարտին Հագեմանի հրավերով՝ Բեռլինալեի օրերին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Մելիք Կարապետյանը և այլք այցելեցին եվրոպական հայտնի կինոդպրոցը։


Տպավորությունները անպատմելի էին։ 2020-ին Film University Babelsberg համալսարանը 6 ֆիլմ է ունեցել Բեռլինալեի տարբեր ծրագրերում։
Ուսանողները հենց սկզբից՝ կրթությունն ու գործնական աշխատանքը զուգահեռում են` գիտելիքները ներդնելով գործնական աշխատանքում։ 0-ից ստեղծում են ֆիլմ, ներկայացում, երաժշտական կամ այլ գործեր։ Բուհն ունի հսկայական արխիվ, մի քանի գրադարաններ, լսարաններ ֆիլմերի ամենատարբեր պրոցեսների համար, որոնք վերջնական տեսք են ստանում (շտկում, ձայնի կամ լույսի փոփոխություն և այլն) խմբագրման արվեստանոցում, որը կապված է կինոյի մյուս բաղադրիչները ստեղծող արվեստանոցների հետ։ Այսինքն՝ պրակտիկ աշխատանքը հանդիսանում է ուսման կարևոր բաղադրիչ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության տարբերակներ, պրոֆեսոր Հագեմանը մանրամասն ներկայացրեց կինոդպրոցի գործունեությունը, աշխատանքի նրբությունները։


Փոխնախարար Արա Խզմալյանը ևս մեկ անգամ փաստեց, որ առանց պրակտիկ բաղադրիչի կիրառման անհնար է կազմակերպել լիարժեք կինոկրթություն․ «Այն ինչին ականտես եղանք Film University Babelsberg համալսարանում անհնար է նկարագրել․ կինոյի ստեղծման բոլոր պրակտիկ բաղադրիչների առկայությունը կինոդպրոցում ուսանողին տալիս է պրակտիկ աշխատանքի լիարժեք հնարավորություն, որի միջով անցնելով նա տիրապետում է կինոարտադրության բոլոր պրոցեսներին»։


Բայցևայնպես, գործնական զրույցի ընթացքում կողմերը պայմանավորվեցին հարցը քննարկել Երևանում, որից հետո համագործակցությունն սկսել հենց ուսանողների փոխանակման ծրագրից։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը