Նոյեմբերի 27 2025

Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ «Մալյան 100» ծրագրի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Նարեկացի արվեստի միությունում ներկայացրել է Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը։

Բացման միջոցառմանը ներկա էին ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի ազգային արխիվի, մշակութային ոլորտի կազմակերպությունների և կինոոլորտի մի շարք ներկայացուցիչներ։ Մասնակիցները շրջայց կատարեցին ցուցադրության տարածքում՝ ուսումնասիրելով ներկայացված նյութերը և վերարժևորելով Հենրիկ Մալյանի նշանակալի ներդրումը հայկական կինեմատոգրաֆի զարգացման մեջ։

 

Ցուցահանդեսում ներկայացված են ռեժիսորի ընտանեկան արխիվից պահպանված եզակի լուսանկարներ, ֆիլմերի նկարահանման հրապարակներից կադրեր, ինչպես նաև Մալյանի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերը ներկայացնող փաստագրական նյութեր։ Ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս բացահայտել ստեղծագործողի անհատականությունը, մտածողության ձևավորումը և նրա արվեստի խորքային ազդեցությունը հայ ժամանակակից կինոյի վրա։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ գործընկերային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց առաջիկա համատեղ նախաձեռնությունների շրջանակը՝ միտված հայկական կինոժառանգության հանրահռչակմանն ու զարգացմանը։

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս. թ. նոյեմբերի 29-ը՝ ժամը 17:00-ը, հնարավորություն ընձեռելով այցելուներին ծանոթանալու Հենրիկ Մալյանի հարուստ ստեղծագործական ժառանգությանը և նրա դերակատարությանը ազգային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։

«Մալյան 100» ծրագրի նպատակն է հանրայնացնել Հենրիկ Մալյանի արվեստը, պահպանել նրա ստեղծագործական հիշողությունը և խթանել սերունդների կապը ազգային կինոյի պատմական ու գեղարվեստական ավանդույթների հետ։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամի 
Հասարակայնության հետ կապերի բաժին

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը