Սեպտեմբերի 29 2025

Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ Կինոմոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ կինոյի և թատրոնի մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի 100-ամյա հոբելյանի առթիվ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված և շրջանառության մեջ դրված «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմայով մեկ նամականիշի մարման պաշտոնական արարողությունը։

 
Մարումն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հենրիկ Մալյանի դուստր Նարինե Մալյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

 

Մարմանը զուգորդած ելույթներում ներկաները շեշտեցին Հենրիկ Մալյանի արվեստի արժեքային նշանակությունը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքերով՝ «Մալյանն իր ժամանակը նկարագրող, իր ժամանակի մասին պատմող, իր ժամանակը վերլուծող ռեժիսոր, սցենարիստ էր, ուսուցիչ։ Կարծում եմ՝ այսօր մեզ անհրաժեշտ են Մալյանի պես ստեղծագործողներ, որպեսզի նկարագրեն այսօրվա կյանքը, կերտեն իրական Հայաստանի գեղագիտությունը»։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի խոսքով՝ «Մալյանի ստեղծագործական ժառանգությունը ձևավորել է հայկական կինոյի ոսկե դարաշրջանը։ Նրա ֆիլմերը ոչ միայն պատմում են մեր ժողովրդի մասին, այլև բացահայտում են համամարդկային ճշմարտություններ։ Նամականիշը փոքր թուղթ է, բայց՝ մեծ վկայություն։ Այն աշխարհին պատմելու է այն մասին, որ մեր երկրում կար մարդ, որի ֆիլմերը մեզ սովորեցրին ապրել ճշմարտությամբ և անկեղծությամբ»։

 

Հայփոստի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը նշեց․ «Այս թողարկմամբ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ նամականիշները մեր երկրի մշակութային այցեքարտերն են։ Հայաստանն աշխարհին ներկայանում է իր բացառիկ գործիչներով նաև նամականիշների միջոցով»։
Նարինե Մալյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին՝ ընդգծելով․ «Այս նամականիշն իր ուրույն տեղը կունենա ֆիլատելիստների հավաքածուում և տարածում կգտնի ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս»։

 

Պատահական չէր ընտրված ինչպես մարման արարողության վայրը, այնպես էլ դրան հաջորդած Հենրիկ Մալյանի «Կեղծ լրտեսը» կարճամետրաժ ֆիլմի փակ ցուցադրությունը։ Այս ֆիլմը Վարպետի լավագույն աշխատանքներից մեկն է, որն այսօր լայն ճանաչում չունի։ Ցավոք, ֆիլմը որակապես վատ վիճակում է և ցուցադրության միջոցով նպատակ ունենք բարձրացնել նման ֆիլմերի պահպանման և վերականգնման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածությունը՝ դրանք հանրության ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու նպատակով։
Փակ ցուցադրությանը ներկա էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մի շարք արվեստասերներ, դերասաններ:

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը համոզված է, որ Հենրիկ Մալյանին նվիրված նամականիշի թողարկումն ու մարումը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ վարպետի հիշատակին, այլև խորհրդանիշ այն արժեքների, որոնք նա թողեց հայկական և համաշխարհային կինոարվեստին։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է՝ Մալյանի ժառանգությունը հավերժական է և շարունակելու է ոգեշնչել նոր սերունդներին։

____________________________________________

Նամականիշի մասին
Անվանական արժեքը՝ 800 ՀՀ դրամ
Չափսը՝ 30.0 × 40.0 մմ
Գեղաթերթիկի չափսը՝ 75.0 × 53.0 մմ
Տպաքանակը՝ 15,000 հատ
Դիզայներ՝ Դավիթ Դովլաթյան
Տպարան՝ bpost Philately & Stamps Printing (Բելգիա)
Թողարկման օր՝ 29 սեպտեմբեր 2025թ.

 

Նամականիշի վրա պատկերված է Հենրիկ Մալյանի դիմանկարը, գեղաթերթիկի աջ հատվածում՝ լուսանկար նկարահանման հրապարակից։ Այն կրում է «ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ» գրառումը հայերեն և անգլերեն լեզուներով և ոճավորված «100»՝ խորհրդանշելով հոբելյանը։


ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը