Հուլիսի 31 2025
Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակելով ակտիվ համագործակցությունը մասնագիտական կառույցների և տեխնոլոգիական ընկերությունների հետ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում՝ ժամանակակից կինոարտադրության մարտահրավերներին, տեխնոլոգիական զարգացումներին և համագործակցության հնարավորություններին նվիրված։
Հանդիպմանը մասնակցել են կինոարդյունաբերության առաջատար մասնագետներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ։ Հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը հանդիպման մեկնարկին ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերն ու պետական աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները։ Հյուրերն իրականացրել են շրջայց հիմնադրամի տարածքում՝ տեղում ծանոթանալով ենթակառուցվածքներին։ Քննարկման առանցքային թեմաներից մեկն էր ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի պետական ծրագիրը, որը ներկայացվել է որպես կինոնախագծերի ֆինանսավորման խթանման արդյունավետ գործիք։ NolanAI ընկերության հիմնադիր Խաչատուր Ղարիբյանը ներկայացրեց արհեստական բանականության վրա հիմնված ծրագրային հարթակի հնարավորությունները, դրա կիրառումը սցենարային զարգացման, արտադրության պլանավորման և մոնտաժի փուլերում։ Ավարտին կազմակերպվել է հարցուպատասխան՝ հավելվածից օգտվելու կարգի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում իր գործունեությունն է ներկայացրել նաև Հայաստանում գործող ամենամեծ սթրիմինգային հարթակը՝ Kinodaran-ը։ Ներկայացվել են հարթակի ներկայիս բովանդակության, դիտումների ծավալները, ինչպես նաև առաջիկա կինոնախագծերը և համագործակցության հնարավորությունները։
Քննարկմանը մասնակցեցին՝ Sony ընկերության ներկայացուցիչ Էսլի Բեյսոնը, Հայաստանի օպերատորների գիլդիայի նախագահ՝ Միքայել Մալխասյանը, Kinotech ընկերության ներկայացուցիչ Գևորգ Թութունջյանը, Taylor and Co կինոարտադրական ընկերության հիմնադիր Անդրանիկ Թեյլոր, Kinoket տեխնիկական լուծումների հարթակի համահիմնադիր Արգո Բարոյանը, LensBase Armenia ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մարտիրոսյանը:
Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը