Հուլիսի 30 2025
Ամերիկյան հայտնի The Hollywood Reporter ամսագիրը հոդված է հրապարակել ռեժիսոր Թամարա Ստեփանյանի՝ «Արտոյի երկիր» ֆիլմի մասին: Հոդվածում ներկայացված է բացառիկ տեսահոլովակ, որը ընդգծում է ֆիլմի մասնակցությունը Շվեյցարիայում կայանալիք Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի բացմանը: Ֆրանս-հայկական համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմում հանդես են գալիս ճանաչված դերասանուհիներ Կամի Կոտեն և Զար Ամիր Էբրահիմին։
Մեջբերում ֆիլմի պաշտոնական սինոփսիսից.
Սելինը առաջին անգամ գալիս է Հայաստան, իր ամուսնու՝ Արտոյի, մահը գրանցելու նպատակով։ Նա հայտնաբերում է, որ ամուսինը ստել է իրեն, մասնակցել է պատերազմին, յուրացրել ուրիշի ինքնությունը, և նրա նախկին ընկերները նրան դավաճան են համարում։ Սելինի համար սա դառնում է անսպասելի ճամփորդություն դեպի ամուսնու անցյալը՝ սկսած 2020 թվականի պատերազմի վիրավորներից մինչև 90-ականների հաղթական պատերազմի վետերաններ, ու շարունակվող պատերազմի ուրվականներ: Կինն անընդհատ փորձում է հասնել նրա հետևից, բայց ինչպե՞ս թաղել ուրվականին։ Արդյո՞ք հնարավոր է փրկել մեռածներին։
Ֆիլմը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Արտադրող ընկերություններ. La Huit Production (Ֆրանսիա), Pan Cinema (Հայաստան) ընկերությունները։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 6-ին, Լոկառնոյի փառատոնի գլխավոր բացօթյա սրահում՝ Piazza Grande-ում։
Ավելին` The Hollywood Reporter-ի կայքեջում
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը