Հուլիսի 28 2025

Մեկ շաբաթ շարունակ Երևանը շնչում էր կինոյով։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 7 օրվա ընթացքում ցուցադրվեց 52՝ լիամետրաժ ու կարճամետրաժ, խաղարկային ու վավերագրական ֆիլմ։ Մեծ էկրանին ներկայացվեցին հեղինակային հայ և համաշխարհային կինոյի նշանակալի ստեղծագործություններ։ Փառատոնի ընդհանուր կինոդիտման ժամանակը կազմեց 75 ժամ 31 րոպե՝ վերածվելով կինոարվեստի իրական տոնի։ Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի տարբեր երկրներից ժամանած ռեժիսորներ, դերասաններ, կինոգործիչներ ու հանդիսատես միավորվեցին՝ նշելու կինոյի ուժը, արդիական խոսքը և գեղարվեստական լեզվի բազմազանությունը։
Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հրապարակվեցին մրցանակակիրները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը շնորհվեց Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» ֆիլմին (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա)։ Արծաթե ծիրանի արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը։ Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» ֆիլմը (Ուկրաինա/Դանիա/Շվեդիա/Ֆրանսիա)։


Հրաշալի լուր էր նաև այն, որ «Ծիրանի կորիզ» ազգային մրցույթում Արծաթե ծիրանի մրցանակին արժանացավ Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» (Հայաստան) ֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմը հանդիսանում է ժամանակակից հայկական հեղինակային կինոյի վառ դրսևորումներից մեկը։ «Օձի ապուր»-ը նաև աչքի ընկավ յուրահատուկ կինեմատոգրաֆիական լեզվով և ռեժիսորական համարձակությամբ։ Նույն անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը շնորհվեց Գոռ Առուշանյանի «Մայրենիքը» (Հայաստան/Լեհաստան) ֆիլմին, իսկ հատուկ հիշատակում ստացավ Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» (ԱՄՆ/Հայաստան)։ Տարածաշրջանային մրցույթում լավագույն ֆիլմ ճանաչվեց Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (Ֆրանսիա/Պաղեստին) ֆիլմը, Արծաթե ծիրանին արժանացավ Սայիդ Նուրիի «Թեհրան․ անավարտ պատմություն» (Իրան), իսկ հատուկ հիշատակման արժանացավ Զարդաշտ Ահմեդիի «Տիգրիս գետի առյուծները» (Նորվեգիա/Նիդերլանդներ)։ FIPRESCI միջազգային կինոգետների մրցանակը շնորհվեց Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել հեռանալ» (Եգիպտոս/Սուդան/Թունիս/Սաուդյան Արաբիա/Կատար/Ֆրանսիա/Գերմանիա) ֆիլմին։
Փառատոնի հատուկ «Փարաջանովյան թալեր» մրցանակը կինոյում ունեցած վաստակի համար հանձնվեց ժյուրիի նախագահ, Կաննի և Սեզարի մրցանակակիր Աբդերահման Սիսակոյին, ինչպես նաև «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանին։ Մեկ այլ հատուկ մրցանակ՝ «Վարպետ», շնորհվեց հունական Նոր ալիքի համահիմնադիր, «Աթենբերգ» ֆիլմի ռեժիսոր Աթինա Ռախիլ Ցանգարիին՝ ժամանակակից հեղինակային կինոյում ունեցած ներդրման և գեղարվեստական համարձակության համար։


«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 22-րդ կինոփառատոնը դարձավ կինոարվեստի իսկական տոն, որն ընդգծեց Երևանի նշանակությունը որպես տարածաշրջանի մշակութային կենտրոն։ Կինոփառատոնը նպաստեց հայկական և միջազգային կինոյի միջև համագործակցության և երկխոսության խորացմանը՝ ներկայացնելով ժամանակակից հեղինակային ֆիլմեր, համարձակ կինեմատոգրաֆիական լուծումներ և մրցանակակիր ստեղծագործություններ։ «Ոսկե ծիրանը» ևս մեկ անգամ նշանավորեց իր կարևոր դերը համաշխարհային կինոփառատոնային դաշտում՝ միավորելով տարբեր սերունդների և երկրների կինոգործիչների ու հանդիսատեսների՝ արվեստի և մշակույթի շուրջ։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը