Ապրիլի 16 2025
Սիրելի՛ կինոգործիչներ, կինոսերներ
Ապրիլի 16-ը հայ կինոյի ոլորտի համար նշանակալի օր է՝ արժևորելու անցած ուղին, անդրադառնալու ներկա մարտահրավերներին և վերահաստատելու համատեղ աշխատանքի կարևորությունը։
Վերջին տարիներին կինոյի ոլորտը դարձյալ հայտնվել է պետական մշակութային քաղաքականության օրակարգում։ Հստակեցվել են ոլորտը կարգավորող իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը՝ ուժի մեջ է մտել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, ընդունվել են ոլորտի կարգավորող ենթաօրենսդրական ակտերը, և ներդրվել են ֆինանսական նոր գործիքներ, այդ թվում՝ համատեղ արտադրությունների խթանման և ներդրումների մասնակի վերադարձի (քեշբեքի) մեխանիզմը։
Հայաստանի Կինոյի Հիմնադրամը հանդես է գալիս այդ պետական քաղաքականության հիմնական իրականացնող կառույցի դերակատարությամբ՝ միավորելով կինոարտադրության խրախուսման, ազգային կինոժառանգության պահպանման և հայկական կինոն միջազգային մակարդակում ներկայացնելու ուղղված ծրագրերը։
Մեր ռազմավարական նպատակն է ստեղծել արդյունավետ և կայուն կինոարտադրական միջավայր, որտեղ հայկական կինոն կարող է լինել մրցունակ, համակողմանի զարգացած և ներկայանալի միջազգային հարթակներում։ Այս գործընթացը հնարավոր է իրականացնել մասնագիտական համայնքի և պետական ինստիտուտների փոխադարձ վստահության ու հետևողական համագործակցության հիման վրա։
Շնորհավորում եմ բոլոր կինոգործիչներին այս խորհրդանշական օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ձեզ ոլորտի զարգացման գործին ունեցած ձեր ներդրման համար։
Դավիթ Բանուչյան
Հայաստանի Կինոյի Հիմնադրամի տնօրեն
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը