Մարտի 24 2025

Հայաստան և Պորտուգալիա մշակութային համագործակցություն. Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրություն. կինոժառանգության նոր հեռանկարներ։

 

Պորտուգալական Սինեմատեկը և Հայաստանի Կինոյի Հիմնադրամը՝ վրացական և ուկրաինական կողմի գործընկերների հետ համատեղ, կազմակերպեցին Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը նվիրված էր Վարպետի 100-ամյա հոբելյանին։ Հետահայաց ցուցադրության բացմանը, որն անցկացվեց մարտի 15-ին Սինեմատեկի դահլիճում, ողջույնի խոսքերով հանդես եկան Սինեմատեկի տնօրեն Ռուի Մաշադոն, Հայաստանի Կինոյի Հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և «Պորտուգալիա-Հայաստան» բարեկամության ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը։ Ցուցադրության ընդհանուր ծրագրում ընդգրկված էին երկու հայկական ֆիլմ՝ «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյանը», ինչպես նաև հատվածներ ռեժիսորի  «Խոստովանանք» անավարտ ֆիլմը։

 

Մարտի 17-ին տեղի ունեցավ հայկական պատվիրակության այցը պորտուգալական Սինեմատեկի արխիվ։ Այցի ընթացքում Սինեմատեկի տնօրեն Ռուի Մաշադոն և ծրագրերի տնօրեն Նունո Սենան հյուրերին ներկայացրեցին ֆիլմերի պահպանման ու վերականգնման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացների տեխնիկական առանձնահատկությունները և օգտագործման հնարավորությունները։ Ներկայացվեց կինոնյութերի երկարատև պահպանման համար առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործումը և այն մեթոդները, որոնք կիրառվում են ոչ միայն ժառանգության ֆիլմերի, այլ նաև թվայնացված նյութերի վերականգնման և պահպանման համար: Քննարկվեցին համագործակցության հեռանկարները, որոնք կենտրոնացած էին երկու երկրների միջև կինոժառանգության պահպանման և զարգացման կարևոր հարցերի շուրջ։ Մասնավորապես, քննարկվեց առաջիկայում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման ուղիները, որը նախատեսում է պորտուգալական ֆիլմերի ցուցադրություն Հայաստանում: Այս ծրագրի շրջանակում ոչ միայն հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ պորտուգալական կինոյին, այլև տեղի կունենա մշակութային երկխոսություն, որը կնպաստի երկու երկրների կինեմատոգրաֆիաների սերտացմանը։ Միաժամանակ, անդրադարձ եղավ կինոժառանգության վերականգնման ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին, ինչը ներառում է ոչ միայն տեխնիկական հարցերի քննարկումը, այլ նաև մասնագիտական սեմինարների կազմակերպումը, որի միջոցով երկու կողմերը կկարողանան իրենց փորձը կիսել և փոխառնել լավագույն պրակտիկաները:

 

Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում Գյուլբենկյան թանգարանի Հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ, որի ընթացքում մանրամասն քննարկվեցին կրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը համատեղ ուշադրություն դարձրեցին այն հնարավորություններին, որոնք կնպաստեն հայկական կինոյի գիտական ուսումնասիրությունների և վերականգնման աշխատանքների իրականացմանը։ Քննարկվեցին ծրագրեր, որոնք կհամակարգեն կրթական հաստատություններում իրականացվող միջոցառումները, ինչպես նաև ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար փոխանակման ծրագրերի մշակումն ու իրականացումը։

 

Հայաստանի Կինոյի Հիմնադրամի այցը և իրականացված միջոցառումները կարևոր ու նշանակալի քայլ են Պորտուգալիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցության խորացման ու նոր ուղղությունների ստեղծման գործում։ Այս այցը ոչ միայն խթանեց մշակութային կապերի ամրապնդմանը, այլ նաև բացեց նոր հնարավորություններ, որոնք միտված են խթանել համատեղ ծրագրերի մշակմանը՝ կինոժառանգության պահպանման և վերականգնման նպատակով։

 

Նշենք, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի մասնակցությունը ծրագրին իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

 

Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» ցուցադրությունը՝

2025 թվականի մարտի 15-ից 31-ը. ծրագիրը կից հղումով https://www.cinemateca.pt

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը