Մարտի 19 2025
«Parole Aperte» մշակութային ծրագրի շրջանակում մարտի 14-ին Վատիկանում ցուցադրվեց ռեժիսոր Արամ Մանուկյանի հայկական կարճամետրաժ ֆիլմը՝ «ՍԻԳՄԱ»-ն։ Միջոցառումը կայացել է Վատիկանի ամենահեղինակավոր և պատմականորեն նշանակալի վայրերից մեկում՝ Վատիկանի Առաքելական գրադարանի Սիստինյան սրահում։
Այս ցուցադրությունը դարձավ առաջինը պատմության մեջ, երբ հայկական ֆիլմը ցուցադրվեց Վատիկանում, ինչը խորհրդանշում է մշակութային փոխանակման կարևորությունը և հայկական արվեստի միջազգային ճանաչումը։
«ՍԻԳՄԱ» ֆիլմի ցուցադրությունը հայկական կինեմատոգրաֆի համար պատմական իրադարձություն է, քանի որ ֆիլմին շնորհվեց Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը` մշակութային վաստակի համար։ Արամ Մանուկյանն առաջին հայ ռեժիսորն էր, որն արժանացավ այս մրցանակին, մշակութային վաստակի համար մրցանակ ստացավ նաև ֆիլմի համապրոդյուսեր Մարչելո Զեպպին՝ Մոնտեկատինիի միջազգային կինոփառատոնի (MISFF) նախագահն ու գեղարվեստական ղեկավարը։
«ՍԻԳՄԱ» ֆիլմի ցուցադրությանը անդրադարձ է կատարել նաև Vatican news-ը: Նորին գերազանցություն մոնսենյոր Անջելո Վինչենցո Զանին՝ արքեպիսկոպոս, Սուրբ Հռոմի եկեղեցու արխիվարիուսը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ներկայացնելով «ՍԻԳՄԱ» ֆիլմը՝ ընդգծելով դրա բարձր գեղարվեստական արժեքը։ Նա նշեց, որ նման նախագծերը կարևոր դեր են խաղում մշակութային և բարոյական ուղերձների տարածման գործում, որոնք ունակ են դիպչելու հանդիսատեսի սրտերին ամբողջ աշխարհում։
Նշենք, որ Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունը ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական մասնակի աջակցությամբ։
«ՍԻԳՄԱ» (LETME Production կինոընկերություն) ֆիլմը ներկայացվել է Մոնտեկատինիի կինոփառատոնին 2024 թվականի աշնանը, որտեղ էլ կայացավ դրա պաշտոնական համաշխարհային պրեմիերան։
Պրոֆեսոր Ջենարո Կոլանջելոն՝ «Parole Aperte» մշակութային ծրագրի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ «Parole Aperte»-ն Վատիկանի կողմից կազմակերպվող խոշորագույն մշակութային ծրագիրն է, որը ներառում է կինո, գրականություն, երաժշտություն և թատերական ներկայացումներ։ Միջոցառումները լուսաբանվում են Vatican News-ի կողմից, ինչը թույլ է տալիս գրավել միջազգային մեծ լսարան և էլ ավելի ամրապնդել մշակութային երկխոսությունը տարբեր ժողովուրդների միջև։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը