Մայիսի 30 2024

Մայիսի 27-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Քաջարանի մշակույթի պալատի համատեղ նախաձեռնությամբ պալատի ճեմասրահում տեղի ունեցավ 20-րդ դարի համաշխարհային և հայ մշակույթի հսկաներից մեկի Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում։ Հենվելով մեծ շանսոնյեի հուշերի և հարցազրույցների վրա՝ ներկայացվեց Ազնավուրի կյանքը՝ նրա մանկությունից մինչև աշխարհի ամենամեծ բեմերում ունեցած հաղթարշավը։ Միջոցառման ընթացքում հնչեցին ազնավուրյան ամենասիրված երգերը՝ «Հավերժ սեր», «Լա բոհեմ» և Սայաթ Նովայի «Աշխարհումս․․․»-ը, պարային համարով հանդես եկավ «Նռանե» պարային համույթը: Երեկոն եզրափակվեց «Շառլ Ազնավուր․ Հայաստան» ֆիլմի ցուցադրությամբ, որը տրամադրել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ մասնակցեց հոբելյանական միջոցառմանը՝ վերստին արժանին մատուցելով այն մեծ Արտիստին, որն իր ամբողջ կյանքով, գործունեությամբ ու սետղծագործական ժառանգությամբ խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծարար սկիզբն ու հարատևության ոգին:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը