Հունվարի 04 2023
2022թ. խաղարկային կինոնկարների արտադրության համար բյուջետային հատկացումների գումարը կազմել է 128731.6 հազար դրամ, իսկ անիմացիոն կինոնկարների արտադրության բյուջետային հատկացումները՝ 48658.6 հազար դրամ։ Արդյունքում, հաստատվել են 14 նախագծեր, այդ թվում՝ 8 խաղարկային և 6 անիմացիոն։
Խաղարկային նախագծեր 8
ա․Լիամետրաժ-5 (զարգացման փուլ-2, արտադրության փուլ-2, հետարտադրական փուլ-1,
բ․Կարճամետրաժ-3 (արտադրություն)։
Խաղարկային ֆիլմերի բյուջեի 40.61%-ը հատկացվել է դեբյուտային 5 նախագծի (լիամետրաժ-2 և կարճամետրաժ-3)։
Անիմացիոն նախագծեր 6
ա․Լիամետրաժ-0,
բ.Կարճամետրաժ-6 (արտադրություն)։
Անիմացիոն ֆիլմերի բյուջեի 56.61%-ը հատկացվել է անիմացիոն դեբյուտային նախագծերին (կարճամետրաժ-5)։
Գենդերային հարաբերակցություն
2022 թվականին կինոարտադրության մեջ կանանց ընդգրկվածության պատկերն այսպիսին է՝ պետական ֆինանսավորում ստացած 14 կինոնախագծերից 6-ի ռեժիսորները և 13-ի պրոդյուսերները կանայք են։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը 2022-ի նոյեմբերի 8-11-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրիմաժի Գործադիր կոմիտեի (ExCo) նիստին և Եվրիմաժի Կառավարման խորհրդի երկօրյա համաժողովին, որին մասնակցել են Եվրիմաժի 39 անդամ երկրների ներկայցուցիչները և պատվիրակությունները։ Համաժողովի օրերին հընթացս կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը պաշտոնական առաջարկ է ներկայացրել 2023 թ. Եվրիմաժի նոյեմբերյան Կառավարման խորհրդի համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին՝ ի նշանավորումն Հայ կինոյի 100-ամյակի։ Կինոկենտրոնի տնօրենը զրուցել է CNC-ի կինոկենտրոնի միջազգային կապերի փոխտնօրեն Միշել Պլազանեի հետ՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համատեղ արտադրության մասին երկկողմ պայմանագրի ստորագրման հարցի շուրջ։
2016 թ․-ից ի վեր Եվրիմաժից ֆինանսավորում ստացած նախագծերը․
1․2016թ․ Եվրիմաժից ֆինանսավորում է ստացել հայ-ռուսական «Սպիտակ» ֆիլմի նախագիծը․ ռեժիսոր Ալեքսանդր Կոտ, «Սպիտակ» ֆիլմի նախագիծ։
2․2017թ․ Ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում էր «Շարմ» ընկերությունը:
3․2018թ․ հունիսին Եվրիմաժից համատեղ արտադրության ֆինանսավորում ստացավ Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» ֆրանս-հայ-բելգիական համատեղ արտադրություն ֆիլմի նախագիծը:
4․2019թ․ «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան)։
5․2020թ․ պրոդյուսեր, ռեժիսոր Անժելա Ֆրանգյանի խաղարկային «Ամրոց» կինոնախագիծը ստացել է Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը։ Այն Հայաստանից ներկայացված 5-րդ նախագիծն է եղել։
Կաննի կինոշուկա 2022՝ Marché du Film
Հայաստանը 2022թ․ մայիսի 17- 26-ը մասնակցել է Կաննի կինոշուկային։ Հայ արտադրողների կինոարտադրանքը ներկայացված էր ինչպես կինոշուկայում գործող հայկական տաղավարում, այնպես էլ վիրտուալ՝ Marché du Film Online հարթակում։ Marché du Film կայքում տեղադրված հայկական օնլայն էջը (տաղավար) ակտիվ հղումով կապված էր կինոկենտրոնի և CINANDO-ի կայքերի հետ։ Կաննի միջազգային կինոշուկայի ընթացքում Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուներն ունեցել են բազմաթիվ կարևոր հանդիպումներ ինչպես հայկական, այնպես էլ այլ երկրների տաղավարներում, որոնց արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր նախնական համաձայնություններ հատկապես 2023թ. հայ կինոյի 100-ամյակի շրջանակում իրականացվող ծրագրերին առնչվող, ինչպես նաև կինոժառանգության պահպանման, վերականգնման, տարածման ու հանրահռչակման ուղղություններով։
Հայաստանի ազգային կինոկենտրոնից տարբեր տարիներին և 2022թ․-ին ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմերից շատերը ընդգրկվել են միջազգային տարբեր կինոփառատոների մրցութային և ոչ մրցութային ծրագրերում։ Հարկ է նշել նաև, որ միջազգային կինոհարթակներում մեծացել է հետաքրքրությունը հատկապես հայկական կարճամետրաժների և անիմացոն ֆիլմերի նկատմամբ։ Ֆիլմերը հիմնական նկարահանվել են համատեղ կինոարտադրության շրջանակում։
Պետական աջակցություն ստացած հայկական ֆիլմերը 2022թ․-ին ներկայանալի ընդգրկվածություն են ունեցել «Ոսկե ծիրան» 19-րդ երևանյան կինոփառատոնում, որը մեկնարկել է Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով, իսկ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը արժանացել է «Արծաթե ծիրան» մրացանակին։
2022թ․-ին ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին (Winner Best Film): Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում (Pomegranate Film Festival) արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին: Woodstock կինոփառատոնում ճանաչվել է հաղթող «Լավագույն պատմագրական ֆիլմ» անվանակարգում։ Համբուրգի կինոփառատոնում 100-ից ավելի ֆիլմերից ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը՝ կինոփառատոնի «Կալեյդոսկոպ» ծրագրում:
Asia Pasific Screen Award (Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակ) մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում նոմինացված «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին։ Կինոնկարն ընդգրկվել է «Tallinn Black Nights» կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում, ինչպես նաև Ամստերդամի հայտնի վավերագրական փառատոնի (IDFA)՝ Best of Fests ծրագրում։ Իսկ ֆիլմի համարտադրող երկրում՝ Լիտվայում, պրեմիերան կայացել է «Scanorama» փառատոնում։ Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ֆիլմի Ամերիկյան պրեմիերան («ANIMATION IS FILM» փառատոնի մրցութային ծրագրում)՝ Հոլիվուդյան պատմական Չինական թատրոնում՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Դեռևս հոկտեմբերի սկզբին ֆիլմն ընդգրկված է եղել նաև FilmFest Hamburg կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և DocLisboa փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում։
«Բարս Մեդիա» հայկական կինոընկերության «Ավրորայի լուսաբաց» անիմացիոն-վավերագրությունը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է։ Կինոնկարը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնից և ԵՎՐԻՄԱԺ-ից։
Ընդհանուր առամամբ, այս ֆիլմը գերազանցեց բոլոր սպասումները՝ «Ավրորայի լուսաբացը» համշխարհային պրեմիերայից (Անսի) և միջազգային ցուցադրություններից հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով 100 տարի առաջ թուրքական պետության իրականացրած Հայոց ցեղասպանությանը, որի արդյունքում՝ իր բնօրրանում, ոչնչացվեցին 1,5 միլիոն հայեր։ Աշխարհը լռելյայն դարձավ այդ սպանդի՝ Հայոց ցեղասպանության, անուղղակի մասնակիցը։
Ներկայացնում ենք 2022թ․-ին միջազգային փառատոներում մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ներկայացված հայկական ֆիլմերի ամբողջական ցանկը, որոնցից շատերը արժանացել են մրցանակների։
Հայաստան ժամանած ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի և թվային զարգացման դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Դավիդենկոն, «Գոսֆիլմաֆոնդի» տնօրենի տեղակալ Արթուր Մելիքյանը, Կինոյի պետական կենտրոնական թանգարանի տնօրեն Լարիսա Բաժենովան հոկտեմբերի 7-ին այցելեցին նաև Հայաստանի ազգային կինոկենտրոն: Ռուսաստանցի հյուրերը կինոկենտրոնում հանդիպեցին տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի և մի շարք հայ կինոարտադրողների հետ:
Հանդիպում է տեղի ունեցել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոնի և դեսպանության մշակույթի կցորդ Սիղիել Լուրդի հետ, հընթացս դեսպանին է ներկայացվել Կինոկենտրոնի ընդհանուր գործունեությունը, ընթացիկ և ապագայի ծրագրերը, մասնավորապես ազգային կինոժառանգության թվայնացման, վերականգնման, տարածման, պահպանման հարցերը, ինչպես նաև քննարկվել են հայ կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված հայ-ֆրանսիական հնարավոր ծրագրերն ու նախագծերը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված կինոյի ոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։ Սույն հուշագրով կողմերը կիրականացնեն կինոարվեստի ոլորտում մասնագիտական խմբերի փոխանակումներ, մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը երկու երկրների միջև:
Իտալիա-Սալենտո․ Իտալիայի Բիշելիե քաղաքում կայացած «Սալենտո» միջազգային փառատոնի՝ 2022թ․-ին, բացման ֆիլմ էր ընտրվել ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» գեղարվեստական ֆիլմը (արտադրություն «Օրդերֆիլմ» ընկերություն), որը մասնակի ֆինանսական աջակցություն էր ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնից: Փառատոնին հրավիրվել էր նաև կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, որը բազմաթիվ հանդիպումներ, ապա նաև աշխատանքային պայմանվորվածություններ է ունեցել 2023թ․ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի հետ կապված։
Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք՝ կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան, 1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան, 1986) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։
2022թ.-ին կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը գրանցել է բազմաթիվ ձեռքբերումներ և իրագործել մի շարք կարևոր նախաձեռնություններ։ Տարվա առավել կարևոր իրադարձությունն է Կինոկենտրոնի անդամակցությունը Միջազգային կինոարխիվների ասոցիացիային (FIAF), որը միաձայն ընդունեց և հաստատեց մեր թեկնածությունը ս.թ. մարտ ամսին։ Այսպիսով, կինոկենտրոնը դարձավ կինոարխիվների ամենամեծ միջազգային ցանցի մաս և հնարավորություն ունեցավ մասնակցելու ՖԻԱՖ-ի ամենամյա գագաթնաժողովին, որը այս տարի անցկացվեց Բուդապեշտում։
2022թ․-ին առաջին անգամ հաջողվել է իրականացնել հայկական դասական ֆիլմերի մասնագիտական թվայնացման և վերականգնման գործընթացները ամբողջապես Հայաստանում։ Սույն ֆիլմերն են Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրին» (1930) և «Դուստրը» (1942), ինչպես նաև Էդուարդ Մարտիրոսյանի «Այդքան սպասված օրը» (1980) կարճամետրաժ կինոնկարը։ Այս տարի բրիտանացի հանդիսատեսին է ներկայացվել Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը՝ «Կինոկլասիկա» սթրիմինգային հարթակում, ինչպես և Լոնդոնում կայացած «Տարածքներ և տեղեր» փառատոնի շրջանակում։ Նույն հարթակներում ներկայացվել է նաև Բագրատ Հովհաննիսյանի «Աշնան արևը» (1977)։
Կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի կարևոր գործառույթներից է հայ կինոյի պատմությանը առնչվող փաստագրական նյութերի հավաքագրումը։ Այս տարի կինոկենտրոնին հաջողվել է ձեռք բերել կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի և ռեժիսոր Գենադի Մելքոնյանի անձնական արխիվները, ինչպես նաև հայ անիմացիայի վարպետ Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի բջջանկարների մեծածավալ հավաքածուն։
Այս տարի շարունակվել են նաև Կինոկենտրոնում պահվող «Հայֆիլմ» ստուդիայի վարչական արխիվի հարուստ փաստագրական նյութերի թվայնացման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ հաշվառվել և թվայնացվել է շուրջ 500 փաստաթուղթ և ավելի քան 1500 լուսանկար, որոնք հաջորդ տարի հնարավոր կլինի ներկայացնել հանրությանը էլեկտրոնային տեսքով՝ կինոկենտրոնի կայքէջում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Մոսկվա» կինոթատրոնը համատեղ՝ Կանանց միջազգային օրվան նվիրված, ցուցադրեցին 4 կին ռեժիսորների ֆիլմեր։ Ծրագրում ընդգրկված էին ռեժիսորներ Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար», Լուսինե Պապոյանի «2 անհայտով հավասարում», Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը», Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» ֆիլմերը։
«Հայ կինոյի օրվա» առիթով «Քաջարան» կինոթատրոնում տեղի են ունեցել. «Թևավորը», «Բլյուզ», «Ափգրեյդ», «Վիշապի տարի», «Կորեական Դելիկատես», «Հաջորդ կայարանը՝ Դրախտ», «Երեք օր» ֆիլմերի ցուցադրությունը:
Համո Բեկնազարյանի 130-ամյակի կապակցությամբ Սլավոնական համալսարանի ուսանողության համար կազմակերպվել է դասախոսություն՝ «Բացահայտելով Համո Բեկնազարյանի «Երկրորդ քարավանի» առեղծվածները» թեմայով, որի բանախոսն էր ԱՄՆ կինոգիտության մագիստրոս, կինոգետ Անրի Վարտանովը՝ Կոլումբիայի համալսարանից:
Կազմակերպվել և անցկացվել են Հայ կինոյի մեծ Վարպետ Յուրի Երզնկյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք Լոռիում՝ Հաղպատում և Ալավերդիում։ Քաջարանում տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրություն, հանդիպում ստեղծագործական կազմի հետ: Վրաց անվանի լուսանկարիչ, վավերագրող Յուրի Մեչիտովը հյուրընկալվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնում: Մեչիտովը Սերգեյ Փարաջանովի բազմաթիվ դիմանկարների հեղինակն է, նա ստեղծել է «Սերգեյ Փարաջանով. Երկխոսության քրոնիկոն» գիրք-ֆոտոալբոմը: Հայ կինոյի մեծ Վարպետ, հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրունզե Դովլաթյանի 95-ամյա հոբելյանին նվիված միջոցառում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը