03 September 2018

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» 45-րդ միջազգային կինոփառատոնում (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը) կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․) 10-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակը: Այս մասին տեղեկացրել է բրիտանացի անկախ պրոդյուսեր, ծրագրի ղեկավար Դենիել Բըրդը։ Նրա խոսքերով, «Cinema Classics»-ի պատասխանատուները սիրով են համաձայնել ներկայացնելու 20-րդ դարի տաղանդավոր ռեժիսորներից մեկի՝ Ս․ Փարաջանովի ոչ շատ հայտնի ֆիլմը «Թեյլլուրիդ»-ի լսարանին։

 

«Հակոբ Հովնաթանյանը» առաջին ֆիլմն է, որը վերականգնվել է «Համո Բեկնազարյան» ֆիլմերի վերականգնման նախագծի շրջանակներում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Fixafilm ընկերության և KinoKlassika հիմնադրամի (Լոնդոն) կողմից իրականացվող հայկական ֆիլմերի վերականգնման ծրագրով նախատեսվում է վերականգնել Համո Բեկնազարյանի 10 ֆիլմերը, ինչպես նաև մի շարք հայկական դասական ֆիլմեր։

 

Դենիել Բըրդը նախագծի հետ կապված մի շարք կազմակերպչական և իրավաբանական հարցեր ճշգրտելու և տեղում նյութի հետ ծանոթանալու նպատակով մի քանի անգամ եղել է Երևանում, և այցելել Մատենադարան։ Ոգեշնչված հայկական ձեռագրերի թանգարանում պահպանվող հարուստ նմուշներից անմիջապես ձեռնամուխ է եղել հայկական ֆիլմերի վերականգնման նախագծի իրականացմանը։

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը դեռևս հունիսին ֆիլմի ժապավենը տեղափոխել է Վարշավա, որտեղ և Fixafilm ընկերությունում անմիջապես սկսվել են ֆիլմի վերականգնման աշխատանքները։ Fixafilm-ի աշխատակիցները ֆիլմը վերականգնելու ընթացքում մշտապես համագործակցել են հայ մասնագետների հետ։

 

«Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

 

ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» միջազգային կինոփառատոնի ծրագրի հիմնական մասը կազմում է նոր ֆիլմերի պրեմիերաները, որը փառատոնի ոչ պաշտոնական ավանդույթն է։ Փառատոնի որդեգրած հենց այս քաղաքականության արդյունքում էլ «Թեյլլուրիդ» անունը սերտորեն կապված է կինոյի ոլորտում նոր ֆիլմերի և նոր անունների բացահայտման հետ։

 

Կից ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ ներկայացված են ֆիլմի չվերականգնված և վերականգնված կադրերը միաժամանակ։

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը