04 April 2024

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, ապրիլի 3-ին սկսվել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Փարաջանովյան հանդիսությունների մեկնարկը տրվել է Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված կինոպոետի ու անզուգական էսթետի ստեղծագործական ժառանգությանը:


Ֆիլմի ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` արժևորելով Փարաջանով արվեստագետին և նրա թողած ժառանգությունը։


Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն աջակցության և ներկաներին՝ մասնակցության համար, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Սերգեյ Փարաջանովը ստեղծագործ հանճարի մարմնացում է, մեծանուն վարպետ, որի ֆիլմերը խորապես հիացնում են ամբողջ աշխարհի հանդիսատեսին և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում»։ ԿԳՄՍ նախարարն առանձնակի արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության պահպանության և մշակութային բազմազանության խրախուսման գործում։


Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Բանախոսություններով հանդես են եկել Վալերի Պոզները, Պատրիկ Կազալսը և Լևոն Աբրահամյանը։ Ելույթներում ևս մեկ անգամ անդրադարձ է կատարվել Փարաջանովի ստեղծագործության բոլոր փուլերին ու շերտերին՝ արժևորելով նրա արվեստի ամբողջապես չվերծանված ֆենոմենը։
Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը և «Կինոյի տաճար» ինստալացիան, որը ներառում է «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված 4K ձևաչափով վերականգնված կադրերը։


Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացված աննախադեպ այս նախագիծը՝ «Կինոյի տաճարը», դեռևս 2019 թ․ հունվարին ցուցադրվել է Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնում (IFFR)՝ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակի առթիվ։


Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ս. Փարաջանովի թանգարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Անահիտ Միքայելյանի գլխավորությամբ, «Նռան գույնը» ֆիլմի դերակատար Լևոն Աբրահամյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։


Հիշեցնենք․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը