24 March 2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը 2026 թվականի փետրվարի 12-18-ը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ մասնակցեց Բեռլինի 76-րդ միջազգային կինոփառատոնին կից ամենամյա Եվրոպական կինոշուկային (European Film Market, EFM)՝ առանձին ազգային տաղավարով։ Որպես պատվիրակություն Հայաստանի կինոյի հիմնադրամը ներկայացրեց թվով երկու աշխատակից։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը տաղավարում ներկայացավ հատուկ բրենդավորմամբ՝ միջազգային գործընկերներին ներկայացնելով պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերը, Հայաստանում գործող Ներդրումների մասնակի վերադարձի (Cash Rebate) ծրագրի հնարավորությունները, ինչպես նաև երկրի կինոարտադրական և ինստիտուցիոնալ ներուժը՝ ընդգծելով Հայաստանը որպես համարտադրության, ներդրումների և միջազգային ստեղծագործական համագործակցության համար մրցունակ և հեռանկարային հարթակ։

 

Եվրոպական կինոշուկայի ընթացքում հայկական տաղավարը գործեց որպես ակտիվ աշխատանքային հարթակ, որտեղ անցկացվեցին բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ՝ նպաստելով միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։

Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի կինոյի հիմնադրամի և Օբսերվատորիայի միջև համագործակցությունը՝ օբսերվատորիային Հայաստանում ցուցադրվող ֆիլմերի և գործող կինոթատրոնների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման գործընթացի շուրջ։ Անդրադարձ կատարվեց նաև կինոյի մասին օրենքի և դրանից բխող կարգավորումների ազդեցությանը՝ տվյալների հավաքագրման և փոխանցման տեսանկյունից։

 

Տեղի ունեցավ հանդիպում նաև Բուլղարիայի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ–բուլղարական համատեղ արտադրությունների խթանման հնարավորությունները։

 

Հաջորդ հանդիպումների շրջանակում Co-Production Office ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվեց Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի վերականգնման նախագիծը և դրանց ներկայացման հնարավորությունները միջազգային հեղինակավոր կինոփառատոներում՝ ներառյալ Կաննը, Վենետիկը և Բոլոնիան, ինչպես նաև հետահայաց ցուցադրությունների կազմակերպման նախաձեռնությունը։ Ընկերությունը հետաքրքրություն հայտնեց Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ համագործակցության նկատմամբ։ Կողմերը պայմանավորվեցին կինոշուկայի ավարտից հետո շարունակել քննարկումները՝ հայկական վերականգնված և չվերականգնված ֆիլմերի ցանկի տրամադրման հիման վրա։

 

Հայկական տաղավարում տեղի ունեցավ նաև հանդիպում Creative Europe Desk – MEDIA Office Croatia-ի ներկայացուցչի հետ։ Քննարկվեցին Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցության հեռանկարները Creative Europe MEDIA ծրագրի անդամ երկրների հետ, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում կանանց ներգրավվածության խթանմանը միտված համատեղ նախաձեռնությունների հնարավորությունը։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքային քննարկումները ծրագրային ձևաչափի հստակեցման նպատակով։

 

Հայկական տաղավարում տեղի ունեցան նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ Արտստեպ ստուդիայի և Սքայլայն ստուդիայի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հայկական նախագծերի առաջխաղացման և համարտադրական համագործակցության վերաբերյալ։

 

Գերմանական Սինեմատեկ և Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Classics» բաժնի տնօրենի հետ քննարկվել է հայկական դասական ֆիլմի ներկայացման հնարավորությունը Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Classics» բաժնում։ Առանձին քննարկվել է Հ․ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել տրամադրել ֆիլմի դիտման հղումը՝ հետագա քննարկումները շարունակելու և հնարավոր ներկայացումը դիտարկելու նպատակով։

 

Կինոշուկայի ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիպում MK2 ընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի կինոյի հիմնադրամի և MK2-ի միջև համագործակցության շարունակականության և ընդլայնման հնարավորությունները։ Քննարկվեց նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի միջազգային տարածման հեռանկարը, ինչպես նաև հայկական դասական կինոժառանգության միջազգային ներկայացման այլ հնարավորությունները։

 

Հարավային Կորեայի առաջատար դիստրիբյուտորական AUD ընկերության հետ հանդիպման ընթացքում քննարկվեց նույն ֆիլմի հաջող ցուցադրությունը Հարավային Կորեայում և դրա նկատմամբ արձանագրված մեծ հետաքրքրությունը հանդիսատեսի շրջանում։ Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ ինչպես Փարաջանովի ստեղծագործությունների ներկայացման, այնպես էլ հայկական դասական և ժամանակակից ֆիլմերի միջազգային տարածման ուղղությամբ։

 

Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան նաև մի շարք կրթական և մասնագիտական հարթակների ներկայացուցիչների հետ։ TorinoFilmLab կազմակերպության հետ քննարկվեց հայ մասնագետների մասնակցության խթանումը կրթական ծրագրերին։ Location International Magazine / Odisha International Film Festival & Location Marketplace հարթակների հետ անդրադարձ կատարվեց Հայաստանի նկարահանման վայրերի և արտադրական ներուժի միջազգային ներկայացման հնարավորություններին։ Անկախ դիստրիբյուտորների հետ հանդիպումների ընթացքում ներկայացվեցին հայկական ժամանակակից ֆիլմերը և քննարկվեցին դրանց միջազգային տարածման հնարավորությունները։

 

Կինոշուկայի ընթացքում շարունակվեցին նաև տարածաշրջանային համագործակցության քննարկումները։ Վրացական ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության խորացման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները՝ հայ և վրացի արտադրողների միջև մասնագիտական երկխոսության խթանման նպատակով։

 

Հունաստանի կինոյի և աուդիովիզուալ կենտրոնի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ նախաձեռնությունները, ինչպես նաև հայկական դասական ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունների իրականացումը Greek Cinematheque-ում։

 

Eurimages կինոյի աջակցության հիմնադրամի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ներառյալ նոր ծրագրերին Հայաստանի մասնակցությունը և ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

 

Համագործակցության հեռանկարների շուրջ քննարկումներ տեղի ունեցան նաև Մոնտենեգրոյի ազգային կինոկենտրոնի հետ՝ համատեղ մասնագիտական նախաձեռնությունների և մոնտենեգրական ֆիլմերի Հայաստանում ներկայացման հնարավորությունների վերաբերյալ։

 

Կինոշուկայի ընթացքում Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցեցին նաև մի շարք պաշտոնական ընդունելությունների, որոնք կազմակերպվել էին Eurimages հիմնադրամի, Բուլղարիայի ազգային կինոկենտրոնի և Հունաստանի կինոյի և աուդիովիզուալ կենտրոնի կողմից։ Այս հանդիպումները հնարավորություն տվեցին զարգացնել միջազգային մասնագիտական կապերը և քննարկել ոլորտային համագործակցության նոր ուղղություններ։

 

Կրթական համագործակցության շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան նաև FEST Film Lab կրթական և CIRCLE միջազգային հարթակների ղեկավարների հետ։ Քննարկվեցին հայ կինոգործիչների համար մասնագիտական զարգացման ծրագրերի և միջազգային աշխատարանների մասնակցության հնարավորությունները։

 

Հանդիպում տեղի ունեցավ նաև Lifenart Films UK պրոդյուսերական ընկերության ներկայացուցչի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանում նկարահանումների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվեց ներդրումների մասնակի վերադարձի (Cash Rebate) ծրագիրը և երկրի նկարահանման վայրերի ներուժը։

 

Հատկանշական է, որ Եվրոպական կինոշուկայի շրջանակում ներկայացվեց պետական ֆինանսավորում ստացած «Զակո» լիամետրաժ անիմացիոն նախագիծը՝ EFM Animation Days ծրագրի Annecy Animation Showcase ենթաբաժնում, որտեղ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնը ներկայացնում է իր կողմից ընտրված առավել հեռանկարային նախագծերը․ այս տարի ընտրված հինգ նախագծերի թվում էր նաև հայկական «Զակո»-ն։ Հայաստանի կինոյի հիմնադրամի միջազգային բաժնի ներկայացուցիչները մասնակցեցին ներկայացմանը՝ աջակցելով պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանին և ռեժիսոր Տիգրան Առաքելյանին։

 

Հայկական տաղավարում կազմակերպվեց Armenian Happy Hour միջոցառումը՝ միջազգային գործընկերների, արտադրողների և կինոշուկային մասնակցող հայ կինոգործիչների մասնակցությամբ։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել հայկական տաղավարի տեսանելիությունը և ստեղծել արդյունավետ հարթակ մասնագիտական շփումների և նոր համագործակցությունների ձևավորման համար։

 

Հայկական տաղավարը ամբողջ կինոշուկայի ընթացքում գործեց ոչ միայն որպես ներկայացուցչական, այլև որպես ակտիվ աշխատանքային միջավայր՝ ապահովելով հայ արտադրողների և միջազգային գործընկերների միջև նպատակային հանդիպումներ։

 

Այս տարի Եվրոպական կինոշուկային Հայաստանից մասնակցում էին 10 ընկերություն և 18 մասնագետ, ինչը վկայում է ոլորտի աճող ակտիվության և միջազգային համագործակցության ընդլայնման մասին։ Տաղավարում կայացած հանդիպումները միտված էին հայկական նախագծերի միջազգային առաջխաղացմանը, համարտադրական գործընկերությունների ձևավորմանը։

 

Բեռլինի 76-րդ կինոփառատոնի Եվրոպական կինոշուկայի կազմակերպչական աշխատանքները իրականցրել և որպես պատվիրակություն ներկայացել են Հայաստանի կինոյի հիմնադրամի թվով երկու աշխատակից։

 

Մասնակցության նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 4,900,000 ՀՀ դրամ, որոնցից փաստացի ծախսվել է շուրջ 4.600.000 ՀՀ դրամ։  

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը