05 December 2025
«Հայ կինոժառանգության հանրահռչակում» ծրագրի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակել է հայկական ֆիլմերի ցուցադրությունները Հայաստանի տարբեր շուրջօրյա խնամքի և աջակցության կենտրոններում՝ նպատակ ունենալով ազգային կինոժառանգությունը հասանելի դարձնել հասարակության տարբեր խմբերի համար։
Ծրագրի շրջանակում ֆիլմերի ցուցադրություններ են իրականացվել Նորքի շուրջօրյա խնամքի կենտրոնում, «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում, Նուբարաշենի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում, ինչպես նաև Խարբերդի մասնագիտացված մանկատանը։
Հանդիսատեսին ներկայացվել է հայկական կինոժառանգության ոսկե ֆոնդի ընտրված նմուշներ։ Մասնավորապես ցուցադրվել են ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Հայրիկ» (1972 թ.) և ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» (1984 թ.) գեղարվեստական ֆիլմերը, ինչպես նաև հայկական անիմացիոն ժառանգության մի շարք ստեղծագործություններ՝ ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի «Կիկոս» (1979 թ.) և «Հնարամիտ գյուղացին» (1984 թ.), ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի «Քամու թևերին» (1990 թ.), ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանի «Պինգվին Վինը» (1972 թ.) և այլ ֆիլմեր։
Ֆիլմերի ցուցադրություններն արժանացել են հանդիսատեսի մեծ հետաքրքրությանը՝ վերահաստատելով մշակութային ծրագրերի նշանակալի դերակատարումը, դրանց կրթական ու արժեքային ազդեցությունը, ինչպես նաև մշակույթի՝ որպես հասարակության տարբեր խմբերի միջև արդյունավետ հաղորդակցման հարթակի կարևորությունը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից՝ հայկական կինոժառանգության հանրահռչակման, մշակութային արժեքների պահպանման և հասարակության տարբեր խմբերի մշակութային ներգրավման նպատակով։
Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակելու է նման նախաձեռնությունները՝ նպաստելով ազգային կինոյի հասանելիությանը և կինոդիտման մշակույթի տարածմանը ողջ հանրապետության տարածքում։
Հայաստանի կինոյի հիմնադրամի
Հասարակայնության հետ կապերի բաժին
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը