01 December 2025

Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում նոյեմբերի 30-ին ավարտվեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայացը՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրով։ Միջոցառումը իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ժորժ Պոմպիդու» կենտրոնի նախաձեռնությամբ՝ նվիրված ռեժիսորի 70-ամյակին։

Ցուցադրությունները մեկնարկել էին հոկտեմբերի 9-ին և ավելի քան մեկ ամիս ցուցադրվել էին Փարիզի հանդիսատեսի և միջազգային այցելուների համար։ Այս ընթացքում ներկայացվել է Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմ՝ շուրջ 30 ցուցադրությամբ։ Ծրագրում ընդգրկված էին՝ «Կոնդ» (1987), «Սպիտակ քաղաք» (1988), «Վերադարձ ավետյաց երկիր» (1991), «Վերջին կայարանը» (1994), «Վավերագրողը» (2003), «Պոետի վերադարձը» (2005), «Սահման» (2009), «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» (2012), «Փակուղի» (2016), «Նկարչի երեք գերեզմանները» (2023) ֆիլմերը։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է հայկական կինոյի միջազգային ներկայության ամրապնդման գործում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվել են Հարություն Խաչատրյանի հինգ ֆիլմերի՝ «Կոնդը», «Սպիտակ քաղաքը», «Վերադարձ Ավետյաց երկիրը», «Վերջին կայարանը» և «Սահմանը», թվայնացման և վերականգնման աշխատանքները։

Այս աշխատանքների շնորհիվ հնարավոր է դարձել պահպանել և նորովի ներկայացնել կինոռեժիսորի ստեղծագործական ժառանգությանը՝ ապահովելով դրանց ներկայությունը միջազգային հեղինակավոր հարթակներում։

Հետահայաց ցուցադրությունը Պոմպիդու կենտրոնում դարձավ հայկական հեղինակային կինոյի միջազգային ճանաչման կարևոր իրադարձություններից մեկը։ Ցուցադրություններին հաջորդել էին քննարկումներ և վարպետաց դասեր՝ ռեժիսորի մասնակցությամբ, որոնք հանդիսատեսին հնարավորություն տվեցին ավելի խորությամբ բացահայտելու նրա ստեղծագործական մտածողությունն ու կինոլեզվի առանձնահատկությունները։

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը