30 September 2025
Հենրիկ Մալյան 100. ժառանգությունը էկրանին և բեմում
Երևանի կենտրոնական գերեզմանատանը ծաղիկներ խոնարհվեցին հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյանի շիրիմին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ։
Հիշատակի միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հենրիկ Մալյանի դուստր Նարինե Մալյանը, թատրոնի դերասանները, Կինոյի հիմնադրամի աշխատակիցները, կինոոլորտի ու թատերական աշխարհի ներկայացուցիչներ և ճանաչված դերասաններ, ուսանողներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է Հենրիկ Մալյանի թողած բացառիկ ժառանգությունը՝ նշելով, որ այն ոչ միայն հայկական կինոյի և թատրոնի պատմության անբաժանելի մասն է, այլև մեր մշակութային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկը։ Նրա խոսքով՝ Մալյանի ստեղծագործական ժառանգությունը, որն ընդգրկում է անզուգական կինոնկարներ ու բեմադրություններ, այսօր էլ շարունակում է ոգեշնչել նոր սերունդներին: Դանիել Դանիելյանը կարևորել է այդ ժառանգությունը հավուր պատշաճի սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն չի կարելի դիտարկել միայն որպես անցյալի ձեռքբերում. այն նաև կենդանի մշակութային ժառանգություն է։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Մալյանի անվան թատրոնի դերակատարությունը՝ որպես հարթակի, որը ոչ միայն պահպանում է մեծ վարպետի արվեստը, այլև իր ստեղծագործական գործունեությամբ նոր շունչ ու արդիական շեշտադրում է հաղորդում այդ արժեքներին։
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը իր ելույթում ընդգծեց Հենրիկ Մալյանի ստեղծագործական բացառիկ ներդրումը հայկական կինոարվեստի զարգացման գործում։ Նա նշեց, որ Մալյանի արվեստը ձևավորել է ազգային կինեմատոգրաֆիայի ինքնության առանցքային շերտերը, իսկ նրա թողած ժառանգությունն այսօր էլ հանդիսանում է կարևոր արժեք՝ ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ նոր սերնդի համար։ Դավիթ Բանուչյանը նշեց, որ հենց այդ համոզմամբ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը նախաձեռնել է Մալյանի 100-ամյակին նվիրված մի շարք հոբելյանական ծրագրեր և միջոցառումներ, որոնք միտված են վարպետի արվեստը բազմաբովանդակ ձևաչափերով ներկայացնել ժամանակակից հանդիսատեսին՝ ապահովելով մշակութային շարունակականություն։ Հիմնադրամի տնօրենը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնին, որը տարիներ շարունակ պատվով կրում է վարպետի անունը և յուրովի շարունակում է Մալյանի ստեղծագործական ոգին՝ այն վերարժևորելով բեմում։
Հենրիկ Մալյանի շիրիմի մոտ հնչեցին հարգանքի և գնահատանքի խոսքեր՝ նվիրված նրա բացառիկ անձնային և ստեղծագործական ավանդին։ Ներկաները իրենց խոսքերում առանձնակի շեշտադրեցին Վարպետի դերն ազգային մշակութային միջավայրի ձևավորման գործընթացում՝ ընդգծելով նրա թողած կինեմատոգրաֆիական ժառանգության պահպանման և արժևորման անհրաժեշտությունը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը