11 September 2025

Հենրիկ Մալյան 100. ժառանգությունը էկրանին և բեմում

 

Սեպտեմբերի 9-ին Բերդ համայնքի մշակույթի տանը կայացավ թատերական միջոցառում՝ նվիրված Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին: Միջոցառումը կայացավ Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրի շրջանակում, Բերդում հյուրընկալվեց Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը, որը ներկայացրեց Հ. Թումանյանի «Հեքիաթներ» բեմադրությունը։ Երեկոն լեցուն էր թումանյանական շնչով, մանկական զիլ ծիծաղներով և հեքիաթային մթնոլորտով, որն անմիջապես փոխանցվեց բոլոր ներկաներին։ Դերասանները բեմ բարձրացան Հենրիկ Մալյանի այն բեմադրությամբ, որտեղ վարպետը հմտորեն միաձուլել է թումանյանական խոսքն ու թատերական արվեստի նրբագեղությունը։ Նրա ռեժիսուրան ոչ միայն գեղարվեստական է, այլև ժառանգություն՝ արժեքային շեշտադրումով։

 

Միջոցառմանը մասնակցեցին Բերդ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերից ավելի քան 500 փոքրիկներ։ Ներկայացման ընթացքը հիշեցրեց, որ իսկական հեքիաթները երբեք չեն ծերանում, երբ բեմին մանուկների ճառագող հայացքներն են, իսկ դահլիճում՝ մանկության անկեղծ ծիծաղը։ Այս նախաձեռնությունը միավորում էր ոչ միայն թատրոնն ու գրականության լեզուն, այլև հանդիսանում էր հարգանքի տուրք՝ Մալյանի ստեղծագործական ժառանգությանը, որը մինչ օրս շարունակում է ներշնչել թե՛ բեմում, թե՛ էկրանին։ Միջոցառումն իրականացնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը, Հ․ Մալյանի անվան թատրոնի, Բերդի համայնքապետարանի և Բերդի մշակույթի տան համագործակցությամբ՝ նպատակ ունենալով վերարժևորել Հենրիկ Մալյանի թողած անջնջելի ժառանգությունը և ներկայացնել այն նոր սերունդներին։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, շարունակում է իր առաքելությունը՝ նոր սերնդին ներկայացնելով ազգային կինեմատոգրաֆիայի մեծերի ավանդը։
Բերդում կայացած մշակութային այս տոնի ինֆորմացիոն գործընկերը Տավուշ ՀԸ-ն էր։


 

Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

 




Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը