14 July 2025

2025 թվականի հուլիսի 13-ը նշանավորվեց «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկով։ Երևանը կրկին դարձավ համաշխարհային կինոյի ուշադրության կենտրոնը։ Տարիների ընթացքում ձևավորված այս փառատոնային ավանդույթն այսօր արդեն հանդիսանում է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կինոհարթակներից մեկը, որտեղ ներկայացվում են համաշխարհային կինոյի նորագույն միտումները, համադրելով հեղինակային կինոյի ուժեղ ձայները և ստեղծագործական ազատ մտածողությունը։

 

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի կինոյի հմինադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, ռեժիսոր Ջաֆար Փանահին, ինչպես նաև ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ հայ և արտասահմանցի հյուրեր, դերասաններ, ռեժիսորներ, կինոգործիչներ։ Բացման հատուկ հյուրերն էին ամերիկահայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, որոնց հետ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է հարցուպատասխան: Փառատոնը բացման ֆիլմն էր իրանական կինոյի խորհրդանշական ռեժիսորներից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահարը», որը Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։ Բացման խոսքերով հանդես եկան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որոնք ոչ միայն ընդգծեցին փառատոնի մշակութային արժեքը, այլև նրա դերակատարությունը որպես ժամանակակից Հայաստանի փառատոնային և միջազգային կինոոլորտի այցեքարտ։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը մասնակցում է այս տարվա կինոփառատոնին՝ ներկայացնելով ինչպես պետական աջակցությամբ ստեղծված ժամանակակից, այնպես էլ կինոժառանգության ֆիլմեր՝ ամրագրելովիր դերը որպես  կինոարտադրությունը խթանող և կինոմշակույթը պահպանող կառույց։ Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրը և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ճանաչված ռեժիսոր Ամիր Նադերին, ով հանդիսավոր կերպով պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակով՝ իր ստեղծագործական ճանապարհի, արդիական ու մարդակենտրոն կինոյին բերած ներդրման համար։ «Այս մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ ռեժիսորներին, որպեսզի բացեն նոր ճանապարհներ՝ ինչպես Փանահին», – ասել է Նադերին։ Տարածաշրջանային ժյուրիում ընդգրկված են նաև Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի դափնեկիր Կիրա Կովալենկոն և դերասան Կարեն Կարագուլյանը՝ Շոն Բեյքերի ֆիլմերում հիշարժան կերպարների մարմնավորողը։ Միջազգային մրցութային ժյուրիի նախագահն է Կաննի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև ամերիկահայ ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը, հունական Նոր ալիքի համահիմնադիր Աթինա Ցանգարին, միջինասիական հեղինակային կինոյի վարպետ Ադիլխան Երժանովը և ռումինական կինոյի առաջատար պրոդյուսեր Ադա Սոլոմոնը։

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում կցուցադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմերը՝ ռեժ. Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը», ռեժ. Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները», ռեժ. Լիլիթ Մովսիսյանի «Պայքարը», միջոցով շարունակում է իր առաքելությունը՝ խթանել հայ կինոյի միջազգային ճանաչմանը, ապահովել ոլորտի զարգացման ներդաշնակ միջավայր և աջակցել ստեղծագործական նոր համագործակցությունների կայացմանը։ 

 

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կկայանա հուլիսի 20-ին, փակման ֆիլմն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ սքանավորված և վերականգնված, ռեժ․ Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը»։

Կինոփառառոնի ցուցադրություննների ծրագրին կարող եք ծանոթանալ կից հղմամբ․

Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին


 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը