08 June 2017

Շվեդիայում՝ Ջիվան Ավետիսյանի արցախյան հակամարտության մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություններն ազդարարվեցին Ստոկհոլմում և Ուպսալայում։ Ստոկհոլմի ՀՀ դեսպանատան և «Համազգային Շվեդիա» մշակութային միության նախաձեռնությամբ, հունիսի 2-ին՝ Ստոկհոլմի Կինոտանը (Filmhuset) կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա էին դեսպաններ, պատգամավորներ, մշակութային և հասարակական գործիչներ, դիվանագետներ, կինոոլորտի, մամուլի ներկայացուցիչներ, շվեդահայ համայնքի անդամներ և այլք։ 

 

«Համազգային Շվեդիա» միության ատենապետուհի Մելինե Մանսուրյանը ներկայացրեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին և նրա ստեղծագործական գործունեությունը․ «Սա երրորդ անգամն է, որ մենք ողջունում ենք ռեժիսորին Շվեդիայում։ «Ընդհատված մանկություն» և «Թևանիկ» ֆիլմերը ցուցադրվել են Ստոկհոլմում և Ուպսալայում դեռևս 2014-2015թթ․-ին՝ «Համազգային Շվեդիա» միության նախաձեռնությամբ», - հավելեց ատենապետուհին։

 

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, ում մեծ ջանքերով կազմակերպվել էր թե՛ Ֆինլանդիայի և թե՛ Շվեդիայի 2 ցուցադրությունները, ֆիլմի ցուցադրումից հետո իր ելույթում կարևորեց Արցախյան հակամարտության մասին ճշմարտության ներկայացումը միջազգային ասպարեզում նաև գեղարվեստական միջոցներով: Նա նաև շեշտեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ունակությունը` ցուցադրելու նույնիսկ ամենածանր պատերազմական իրավիճակներում մարդկայինը պահպանելու հրամայականը: Դեսպանը նաև դրվատանքի խոսքեր հղեց շվեդական «Apricote Stone» կինոստուդիային` ֆիլմի ստեղծմանն իր մասնակցության համար: Կինոստուդիայի տնօրեն Էմիլ Մկրտչյանը նույնպես խոսքով հանդես եկավ, ընդգծելով հայ - շվեդական  համագործակցության կարևորությունը՝ ֆիլմը միջազգային ասպարեզ հանելու հարցում։

 

Ցուցադրությունից հետո ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, ինչպես նաև իր շնորհակալական ուղերձը հղեց բոլոր ներկաներին, ցուցադրության կազմակերպիչներին, հանձին՝ Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանին, ֆիլմի աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր թեկուզ չնչին աշխատանքով նպաստել են ֆիլմի ստեղծմանը։ Ռեժիսորը կարևորեց ֆիլմի եվրոպական ցուցադրությունները, նշելով՝ «Եվրոպայի կողմից կարծես թե մոռացության ենք մատնվել մենք, մոռացության է մատնվել Արցախը և Արցախի հարցը, իսկ ֆիլմի եվրոպական ցուցադրություններն արթնացման ազդանշան դարձան՝ կրկին վեր հանելով մեր կոնֆլիկտը»։

 

Շվեդիայում «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջորդ ցուցադրությունը կայացավ հունիսի 4-ին՝ Ուպսալա քաղաքի Սլոտսբիոգրաֆեն (Slottsbiografen) կինոթատրոնում, որտեղ նույնպես ջերմ ընդունելության արժանացավ ֆիլմը։ Այն կրկին կազմակերպվել էր Շվեդիայում ՀՀ դեսպանության և «Համազգային Շվեդիա» միության համատեղ ջանքերով: Ցուցադրությունից առաջ բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Արշակ Մանուկյանը, ով կարևորեց ռեժիսորի տաղանդն ու ֆիլմերում իր մոտեցումը հույժ ցավոտ երևույթին՝ պատերազմին․ «Ջիվան Ավետիսյանի ֆիլմերում պատերազմը ներկայացվում է այնպես, որ դիտողը չի կորցնում հավատը, այլ ապրում է՝ խաղաղության վերագտնումի հույսով և վստահությամբ»։

 

«Վերջին բնակիչը» ֆիլմի եվրոպական ցուցադրությունների սկիզբն ազդարարվել էր Հոլանդիայից, որտեղ մայիսի 26-ին ֆիլմի ցուցադրությունը կայացավ Ալմելոյում, մայիսի 27-ին՝ Ամստերդամում։ Ցուցադրությունների շղթան շարունակվեց դեպի Ֆինլանդիա, որտեղ մայիսի 30-ին՝ Հելսինկիում կայացավ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝ ֆինլանդահայ հասարակության համար։ Այն կազմակերպվել էր Ֆինլանդիայում ՀՀ դեսպանության և «Ֆինլանդիա - Հայաստան» միության համատեղ ջանքերով` K-19 կինոթատրոնում: Հելսինկիում ֆիլմի ցուցադրությունը հատկանշական էր նաև նրանով, որ ֆիլմին ներկա էին Ջիվան Ավետիսյանի հաջորդ ֆիլմի ֆինլանդական կողմի գործընկերները, ֆինլանդացի հայտնի դերասաններ, ովքեր արդեն իսկ ներգրավված են ռեժիսորի հաջորդ ֆիլմում, ինչպես նաև դեսպաններ, մտավորականներ, կինոոլորտի ներկայացուցիչներ։ Հելսինկիում ֆիլմի ցուցադրությունը նույնպես ունեցավ մեծ հաջողություն, իսկ ավարտից հետո ներկաները հայկական գինու բաժակի շուրջ հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին:

 

Առաջիկայում Ջիվան Ավետիսյանը կմեկնի Իտալիա, «Վերջին բնակիչը» ֆիլմի՝ Իտալիայում ցուցադրության աշխատանքների պլանավորման և նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի համար համագործակցությունը զարգացնելու նպատակով։

 

Տեղեկացնենք նաև, որ «Վերջին բնակիչը» ֆիլմը վերջերս ընդգրկվել է Շանհայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, որի համար, Ջիվան Ավետիսյանը՝ ֆիլմի լիտվացի պրոդյուսերի և ամերիկյան թիմի անդամների հետ միասին ներկա կլինեն հունիսի 17-ից 26-ը կայանալիք  Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնին։

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը