12 September 2017

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Եվա»-ն դրամա է։ Ֆիլմը մի կնոջ մասին է, որն ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․

 

Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 23-ին միաժամանակ և՛ Իրանում, և՛ Հայաստանում։ Ռեժիսորի հաղորդմամբ, 2017թ․ մայիսին՝ Կաննում կազմակերպվել է ֆիլմի փակ ցուցադրությունը, ինչը դրական արձագանքների է արժանացել միջազգային կինոգետների կողմից։ Առաջարկ է եղել կինոնկարի առաջին ցուցադրությունը կազմակերպել արտերկրում․․․Սակայն, հենց Անահիտ Աբադի ցանկությամբ էլ մինչև ֆիլմի համաշխարհային պրեմիերան, այն, նախ, կներկայացվի հայ և իրանցի հանդիսատեսին, որից հետո նոր կսկսվի ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը։ Իսկ պրոդյուսերները ցուցադրման գործընթացին զուգահեռ կաշխատեն ֆիլմը ներկայացնել միջազգային առաջատար փառատոներում։

 

Ֆիլմը նկարահանվել է Արցախում։ Կինոնկարի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, իսկ պրոդյուսերը՝ Թաղի Ալիղուլիզադեհը։ Դերասաններն են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը և այլք։

 

Հ․ Գ․ Ֆիլմն արտադրվել է իրանական կողմի զգալի ֆինանսական ներդրմամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ: «Եվա» («Քարվաճառ») լիամետրաժ խաղարկային ֆիլմի ստեղծմանը ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 28-ի N 964-Ն որոշմամբ հատկացվել է 60 մլն դրամ (150 հազար դոլար), որը կազմում է ամբողջ գումարի 1,5-րդ մասը։

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը