24 January 2019

Հունվարի 24-ին՝ երեկոյան, Ռոտերդամի սբ․ Արմինիուս եկեղեցում բացվեց Սերգեյ Փարաջանովին նվիրված «Կինոյի տաճարը» ցուցահանդեսը (ինստալյացիա ձևաչափով)։ Ցուցադրանքում ընդգրկված փարաջանովյան հարուստ մասունքները, նյութերը, մասնավորապես, «Նռան գույնը» ֆիլմի (1969) հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները ցուցադրվեց նոր մատուցումով։

 

Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։ Նա մասնավորապես ասել է․ «Ճակատագրի բերումով, Սերգեյ Փարաջանովը առաջին անգամ (ընդհանրապես ոչ միայն փառատոն) արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի հրավերով՝ 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ Եվ թերևս, Ռոտերդամի փառատոնի պատասխանատուների «Կինոյի տաճար» համապարփակ ծրագրի կազմակերպումը նույնպես խորհրդանշական է, քանզի այս օրերին առաջին անգամ կցուցադրվեն «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերը՝ ինստալյացիա ձևաչափով։ Հատկանշական է նաև այն, որ ֆիլմի հատվածների ցուցադրությունը համընկնում է ևս մի քանի տարեդարձների՝ Փարաջանովի 95-ամյակի, «Նռան գույնը» ֆիլմի արտադրության 50-ամյակի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի հետ »։

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը շնորհակալություն է հայտնել ինչպես Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի (IFFR) նախագահ Բերո Բեյերին, փառատոնի ծրագրերի պատասխանատուներ՝ Էդվարդ Կարելսին, Սյուլի Կոին, Բռեգյե Բենեկեին, ինչպես նաև FIXAFILM ընկերության պատասխանատուներ՝ Լուկաշ Սերանկային և Վոյտեք Ջանիոին, ծրագրի հեղինակ, պրոդյուսեր Դենիել Բըրդին, այնպես էլ՝ բոլոր այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ ժապավենը փրկվել է հրաշքով՝ ընձեռելով այսօր մեզ բացառիկ հնարավորություն՝ դիտելու այն նորովի։

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը