22 January 2019

Հունվարի 23-ից մեկնարկած Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնն այս տարի ներկայանում է առանձնահատուկ, նորացված ու ժամանակակից տարրերով հագեցած՝ «Կինոյի տաճարը» հայկական ծրագրով։ Ինքնատիպ այս կինոգաղափարի մտահղացումը, ինչպես նաև թեմատիկ նյութի ու բովանդակային բաղադրիչների պատրաստումը իրականացրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատանքային խումբը՝ տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ղեկավարությամբ ու ծրագրի հեղինակ՝ Դենիել Բըրդը։ Ամիսների համառ ու շարունակական աշխատանքի շնորհիվ հավաքվել և ամբողջացվել է ցուցադրանյութը, իսկ փառատոնի պատասխանատուները ապահովել են կազմակերպչական հատվածը։

 

Ահա, այս առիթով էլ, փառատոնի նախագահ՝ Բերո Բեյերի հրավերով՝ Ռոտերդամ են մեկնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն՝ Շուշանիկ Միրզախանյանը և Արտաքին հարաբերությունների և փառատոների բաժնի պատասխանատու Նաիրա Գևորգյանը։

 

«Կինոյի տաճարը» նվիրված է Սերգեյ Փարաջանովին և Հայկական դասական կինոյին։ Ծրագիրը ներառում է չորս տարբեր բաղադրիչներ՝ կինոցուցադրումներ, ցուցահանդես ինստալացիայի ձևաչափով (ներկայացվելու է Ս․ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերը), առանձնակի դիտում․ վերականգնված ու թվայնացված «Հակոբ Հովնաթանյանի» ֆիլմի և «Նռան գույնի» չօգտագործված կադրերի, սիմպոզիում՝ արտերկրի ու հայաստանյան հայտնի արվեստագետների մասնակցությամբ, հայկական դասական ֆիլմերի ցուցադրություն։

 

Ճակատագրի բերումով, Ս․ Փարաջանովը առաջին անգամ (ընդհանրապես ոչ միայն փառատոն) արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի հրավերով՝ 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ Դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1987 թվականին Սերգեյ Փարաջանովի «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմը ցուցադրվել է Ռոտերդամի փառատոնում և որպես նորարարական ֆիլմ արժանացել է մրցանակի։ Եվ թերևս, Ռոտերդամի փառատոնի պատասխանատուների «Կինոյի տաճար» համապարփակ ծրագրի կազմակերպումը նույնպես խորհրդանշական է։

 

Հիշեցնենք, որ 2019թ․ հունվարի 9-ին Սերգեյ Փարաջանովը դարձավ 95 տարեկան։

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը