20 February 2019

Հայաստանի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնները առաջիկայում կստորագրեն համատեղ արտադրության պայմանագիրը։ Մեկ այլ կարևոր եռակողմ պայմանագիր էլ շուտով կստորագրվի Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի ազգային կինոկենտրոնների միջև՝ Ս․ Փարաջանովի երեք ֆիլմերի արտասահմանյան ցուցադրումների վերաբերյալ։ Այս և մի շարք կարևոր գործնական հանդիպումներ ու պայմանավորվածություններ է ձեռք բերել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը՝ «Բեռլինալե 2019»-ի կինոշուկայի օրերին։

 

Կինոկենտրոնի տնօրենի հանդիպումները եղել են գործնական և օգտակար՝ ընդգրկելով միջազգային հայտնի կինոկառույցների ներկայացուցիչների լայն շրջանակները։

 

Ֆրանսիայի կինոկենտրոնի (CNC) Միջազգային համատեղ արտադրության բաժնի ղեկավար (Cinema du Monde) Մագալի Արմանդի հետ հանդիպման ընթացքում վերջնականորեն հստակեցվեց տարիներ ձգձգվող երկու կինոկենտրոնների միջև հայ - ֆրանսիական համատեղ կինոարտադրության պայմանագրի ստորագրման հարցը։ Շատ շուտով կհստակեցվի նաև ստորագրման ժամանակացույցը (ամիսը, վայրը և օրը)։ Համատեղ արտադրության պայմանագիրը կվավերացվի 2019 թվականին։

 

Մագալի Արմանդի հետ քննարկվել է ֆրանսիացի փորձագետների Հայաստան գալու հարցը․ նրանք տեղի մասնագետների հետ աշխատելու են մշակվող կինոյի օրենքի նախագծի վրա։ Կողմերը պայմանավորվել են, որ մինչև նրանց գալը՝ նախագիծը ֆրանսերենով կամ անգլերենով կուղարկվի փորձագետներին՝ նախապես ծանոթանալու համար։ Հայկական կինոյի օրինագծի մշակմանը ֆրանսիացի փորձագետների մասնակցության առաջարկը եղել էր դեռ 2017թ․՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շ․ Միրզախանյանի կողմից։

 

Վրաստանի և Ուկրաինայի կինոկենտրոնների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է հատկապես Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ վերականգնված «Հակոբ Հովնաթանյան», «Փիրոսմանիի թեմայով արաբանախշեր» և «Կիևյան որմնանկարներ» արտասահմանյան ցուցադրություն - շրջագայություն ծրագրի իրականացման մանրամասները։ Քննարկել են պայմանագրի բոլոր կետերը և որոշել, որ Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կինոկենտրոնները առաջիկայում կստորագրեն եռակողմ պայմանագիր, ըստ որի, արտասահմանյան ցուցադրումներից գոյացած հասույթը հավասար կբաշխվի 3 արտադրող երկրների միջև։ Նման համագործակցություն և պայմանագիր առաջին անգամն է իրականացվելու, ինչը չափազանց կարևոր է կինոյի զարգացման հեռանկարների համար։

 

Ազգային կինոկենտրոնի տնօրենը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի (EAO), Շուկաների տեղեկատվության բաժնի ղեկավար Ժիլ Ֆոնտենի հետ: Նրանք մասնավորապես քննարկել են օբսերվատորիայի հետ աշխատանքներն ակտիվացնելու, տեղեկատվություն փոխանակելու և ստանալու հարցերը։ Պարոն Ֆոնտենը նշել է, որ իրենք Ազգային կինոկենտրոնին պարբերաբար կտրամադրեն մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվություն՝ եվրոպական տարածքի կինոթատրոններում և հեռուստատեսությամբ հայկական ֆիլմերի ցուցադրության մասին։ Օբսերվատորիայի տրամադրած տեղեկատվությունը կարևոր աղբյուր կհանդիսանա Հայաստանի համար, քանի որ կունենանք ամբողջական ինֆորմացիա՝ Եվրոպայում ցուցադրված ֆիլմերի և դրանց տարածման շրջանակների մասին։ Ստացված տեղեկատվությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնը պարբերաբար կներկայացնի մասնագիտական հանրությանը։

 

Գերմանական High Art Bureau կազմակերպության տնօրեն Քսենյա Ռիկլինայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են 2019թ. ապրիլին Երևանում կայանալիք Գերմանական ֆիլմերի փառատոնի անցկացման կազմակերպչական հարցերը: Գերմանական Medianboard ֆիլմերի ֆինանսավորման կազմակերպության խորհրդատու Բրիգիտա Մանթեի հետ հանդիպմանն էլ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Գերմանական փառատոնի օրերին՝ Երևանում անցկացնել մասնագիտացված թրեյնինգներ երիտասարդ կինոգործիչների և պրոդյուսերների համար (փիչինգներ վարելու, միջազգային կինոֆոնդերին դիմելու և այլն)։

 

Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Ուկրաինայի և Լեհաստանի կինոկենտրոնների պատասխանատուների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը առաջարկել է 2019թ․ հուլիսին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի օրերին հանդիպել Երևանում՝ քննարկելու համագործակցության նոր ձևաչափեր և ուղիներ։ Առաջարկն ընդունվել է միաձայն։ Այս երկրները լինելով Եվրիմաժի անդամ, ունեն ընդհանուր հետաքրքրություններ կինոարտադրության ոլորտում, այդ թվում՝ համատեղ արտադրության, նոր կինոշուկաների զարգացման և ընդլայնման, գործընկերության անհրաժեշտություն և այլն։

 

Հայաստանի և Վրաստանի ազգային կինոկենտրոնների պատասխանատուները քննարկել են համատեղ ֆիլմ նկարահանելու նախագծի մրցույթ հայտարարելու հարցերը։ Պայմանավորվել են 2019թ․ հուլիսին Երևանում վրացական կողմի հետ քննարկել մրցույթի անցկացման մանրամասները։

 

Բեռլինյան հանդիպումների շարքից կարևոր է եղել նաև ֆրանսիական Cartie հիմնադրամի տնօրեն Հերվե Շանդեսի հետ հանդիպումը։ Շուշանիկ Միրզախանյանը և Դենիել Բըրդը (ծրագրի ղեկավար) ներկայացրել են Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում՝ Ս․ Փարաջանովին նվիրված «Կինոյի տաճարը» ցուցահանդեսի նյութերը, այդ թվում՝ Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի վերականգնված ինստալացիան։ Պայմանավորվել են, ավելի ուշ հանդիպել Փարիզում և մանրամասն քննարկել ցուցադրության առաջարկը։

 

Այս պահին շարունակվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Fixafilm-ի՝ հայկական ֆիլմերի վերականգնման «Համո Բեկնազարյան» համատեղ ծրագիրը։ Օրերս Վարշավա կտեղափոխվի Ս․ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի համակցված մյուս 36 տուփը։ Աշխատանքներ են տարվում նաև Հ․ Բեկնազարյանի 10 ֆիլմի վերականգնման ուղղությամբ։ Առաջինը վերականգնվելու է «Պեպոն»։ Ներկայումս ուսումնասիրվում են կինոնկարի պատճենները։ Ի դեպ, «Պեպոն» 2020 թվականին արդեն արտասահմանյան ցուցադրության հրավեր ունի։

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը