29 March 2019

2016 թվականից Եվրիմաժին անդամակցած Հայաստանը գրանցել է ակնառու առաջընթաց։ 2019թ․ մարտին Եվրիմաժի Բուխարեստյան աշխատանքային նիստում դիտարկված 47 կինոնախագծից հայկական «Ավրորայի լուսաբացը» ստացել է 140 հազար եվրո աջակցություն։ Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։ Տնօրենի խոսքերով, Հայաստանի համար սա չափազանց կարևոր հաղթանակ է, քանի որ անդամակցության տարիների կտրվածքով (2016թ․) արդեն չորս հայկական նախագիծ համատեղ արտադրության աջակցություն է ստացել Եվրիմաժից։

 

Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանն էլ նշեց, որ տարեցտարի ավելի պրոֆեսիոնալ ու գրագետ նախագծեր են ներկայացվում մեր երկրից։ Ինչ վերաբերում է «Բարս մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» նախագծին, ապա այն միաձայն ստացավ հանձնաժողովի բոլոր անդամների բարձր գնահատականը՝ 10 միավորը, և առաջին անգամ ֆինանսավորվեց մեծամասնական սկզբունքով, այն է՝ տոկոսային հարաբերակցությամբ Հայաստանը ստանում է գումարի մեծ մասը և մեր երկիրը համարվում է հիմնական արտադրողը։ Ի դեպ, նախագծի մյուս համարտադրող կողմը գերմանական շատ հայտնի Gebruder Beetz ընկերությունն է։ Գերմանական կողմը ապահովելու է նաև ֆիլմի ցուցադրումը։ Նրանք ֆիլմը հեռարձակելու պայմանավորվածություն են ձեռք բերել ARTE ֆրանս-գերմանական հեռուստաընկերության հետ։

 

Նախագծի ռեժիսոր Իննա Սահակյանն էլ նշեց, որ «Բարս Մեդիան» գերմանական Gebruder Beetz կինոարտադրող ընկերության հետ համատեղ, չորս տարուց ավելի աշխատում է նախագծի վրա, և կարող եմ ասել, որ ֆինանսավորումը միայն մի քայլն էր, որ կատարվեց, ամենաբարդը՝ ֆիլմի ստեղծումը, դեռ առջևում է: Մեր նպատակն է պահպանել ֆիլմի հայկականությունը, մանավանդ, որ մենք ցանկություն ունենք դրսում ներկայանալ, ուրեմն պետք է առավել քան մանրակրկիտ աշխատանք կատարենք:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը տեղեկացրեց, որ կինոյի մասին օրենքի նախագիծը արդեն քննարկման փուլ է մտնում, ընդունումից հետո դեպի մեծ բեմեր գնացող ֆիլմերի քանակը կտրուկ կավելանա, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կինոյի օրենք ունեցող երկրների հետ համագործակցությունն ավելի հաջողված է:

 

«Կինոյի մասին օրենքի ընդունումից հետո էլ չենք ունենա կիսատ մնացած նախագծեր և ավելի հեշտ կլինի ստանալ միջազգային կինոարտադրողներից, թե ֆինանսական, թե գաղափարական աջակցություն, և «Ավրորայի լուսաբացը» կինոնախագծի նման հավանության կարժանան մեր մյուս նախագծերը ևս», - ասաց Շուշանիկ Միրզախանյանը:

 

Սուսաննա Հարությունյանն էլ հիշատակեց, որ Կինոյի օրենքի նախագիծը մշակվում է Եվրամիության դրամաշնորհի միջոցներով։ Նախագծի վրա աշխատում են պատրաստված իրավաբաններ, որոնք ուսումնասիրում են բոլոր թիրախային խմբերի ներկայացրած առաջարկներն ու դիտարկումները։ Մինչև այս, եղել են օրենքի ստեղծման բազմաթիվ փորձեր, սակայն դրանք ավարտին չեն հասել․ «մինչև Ազգային ժողով կամ Կառավարություն և լռություն․ 1997թ․, 2000թ․, 2008թ․, 2016թ․ և վերջապես 2017թ․, երբ օրենքի նախագծում ոչ մի էական փոփոխություն չկատարվեց՝ հօգուտ կինոյի զարգացմանը»։ Նրա խոսքերով, ներկայումս Կինոյի մասին օրենքի նախագիծը գրվում է 0-ից, սակայն հաշվի են առնվելու բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկներն ու դիտարկումները։

 

Ասուլիսի ավարտին, Ազգային կինոկենտրոնի տնօրենը խոսեց կառույցի ընթացիկ աշխատանքներից, մասնավորապես, նշեց հայկական կինոժառանգության վերականգնման աշխատանքները․ առաջիկայում Լեհաստան կտեղափոխվեն «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած 36 տուփ ժապավենները։ Շարունակվում են «Անհայտ Փարաջանով» նոր վավերագրական ֆիլմի ստեղծման աշխատանքները, որում կներառվեն նաև հիմնական ֆիլմի մոնտաժից դուրս մնացած հատվածներից, զուգահեռ հանդիպումներ են տեղի ունենում ֆիլմի վրա աշխատած անձանց հետ։ Արդեն աշխատանքներ են իրականացվում հաջորդ վերականգնվող ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Պեպո»-ի ուղղությամբ (ուսումնասիրվում են առկա ժապավենները)։ Կինոկենտրոնի տնօրենը համոզմունք հայտնեց, որ այս ֆիլմերի վերականգնումը ոչ միայն երկրորդ կյանք է պարգևում դրանց, այլև տասնամյակներ հետո ֆիլմերը վերադառնում են էկրաններ։ Գործընթացը կարևոր է ոչ միայն նրանով, որ ֆիլմերը փրկվում են ոչնչացումից, այլև դրանք ունենում են ճանաչողական լայն նշանակություն։ Սա մեր ֆիլմերի, հայկական կինոժառանգության տարածման լավագույն հնարավորությունն է, մանավանդ, որ դրա համար պետական գումարներ չեն ծախսվում։

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը