16 December 2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած եռօրյա (դեկտեմբերի 13-15-ը) Կինոարտադրողների համահայկական ֆորումին մասնակցելու համար Հայաստան էին հրավիրվել սփյուռքահայ կինոգործիչներ։

 

Ֆորումի նպատակն էր համախմբել կինոյի համահայկական ներուժը, ի մի բերել այն խնդիրները, որոնք արդեն տևական ժամանակ է գոյություն ունեն հայաստանյան կինոարտադրության մեջ և փորձել համատեղ ուժերով դրանք լուծելու ուղիներ գտնել։

 

Ֆորումին հրավիրված միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչները Հայաստանում հանդիպեցին կինոոլորտի պատասխանատուների, կինոարտադրողների, կինոգործիչների հետ, մասնակցեցին միջոցառման ծրագրերի քննարկումներին:

 

Հայազգի պրոդյուսերներ Վիվիեն Ասլանյանը, Կորյուն Ափրիկյանը, Ալեն Գրանժերարը, Ռուբեն Ղազարյանը, Նորիկ Քեշիշյանը, Ռոբեր Քեշիշյանը սիրով աշխատեցին այդ օրերին մասնակցեցին բոլոր քննարկումներին, լսումներին, գաղափարների ներկայացմանն ու դրանք կյանքի կոչելու եղանակներն ու ուղիները գտնելու դիսկուրսներին։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունելով ֆորումի հյուրերին, նշեց, որ այս պահին, ամենակառուցողական, ամենահիմնավոր բարեփոխումներն այս ոլորտում են կատարվում։ Փոխնախարարը կարևորեց ֆինանսական քննարկումների մակարդակից օրենսդրական դաշտ տեղափոխվելու գործընթացը։ Նա փաստեց, որ պրոդյուսերական ինստիտուտի կայացման լրջագույն խնդիր ունենք այսօր․ ստեղծվում է գեղարվեստական առումով տաղանդավոր, հետաքրքիր արդյունք, որը կարճ կյանք է ունենում։ Մինչդեռ պրոդյուսերական ճիշտ աշխատանքի դեպքում այն կենսունակ կդառնա և ճանապարհ կունենա դեպի միջազգային կինոշուկա։ Արա Խզմալյանը հույս հայտնեց, որ այս ֆորումը կդառնա ամենամյա, և անկասկած հաջողելու է Սփյուռքի կինոգործիչների հետ համատեղ աշխատանքը։

 

Կինոֆորումի հյուրերին ողջունեց նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։ Նրա խոսքով, նախորդ տարիների հետ համեմատած 2019 թվականին Ազգային կինոկենտրոնը 120 կինոնախագծի հայտ է ստացել, մեծ թիվ են կազմել դեբյուտները։ Կինոկենտրոնի ղեկավարը նշեց, որ իրենք կինոհայտի տարբեր փուլեր են ֆինանսավորում՝ նախագծի զարգացումից մինչև արտադրություն, հետարտադրություն և տարածում։ Շատ են կարևորում տարածման ու հանրայնացման փուլերն հատկապես։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության փորձագետ Լուսինե Սարգսյանի գնահատմամբ, Սփյուռքը հսկայական ներուժ ունի, սփյուռքահայ կինոգործիչները համաշխարհային կինոարտադրության շարժը հրաշալի են պատկերացնում։ Շատերը տևական ժամանակ Հայաստանում չեն եղել կամ ընդհանրապես այստեղ չեն ծնվել, ու նրանց էլ է հետաքրքիր, թե Հայաստանն ինչ ներուժ ունի, ֆիլմերի համար ինչ պատմություններ ու թեմաներ ունենք մենք։ Հայկական պատմություններն աշխարհի համար բացահայտված չեն։ Նա հուսով է, որ այս կինոֆորումը ամուր համագործակցության ու զարգացման հեռանկարներ կունենա։

 

«Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» ծրագրով ներկայացվեցին անկախության տարիներին տպագրված, էկրանավորման ներուժ ունեցող գրական ստեղծագործություններ՝ հայ գրականության հանրահռչակման և միջոլորտային գրականություն - կինոարտադրություն կապերի խթանման նպատակով:

 

Հեղինակները ներկայացրեցին 7 ստեղծագործություն։ Կազմակերպիչները ֆորումի աշխատանքների ավարտին՝ մասնակիցներին ու հյուրերին անակնկալ մատուցեցին․ մրցանակներ էին սահմանվել միջոցառման երկու ծրագրերի համար՝ «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» և Հայաստանի ազգային կինոկենտրոնի մրցույթում հաղթած լավագույն նախագծի ներկայացման (պրեզենտացիա) համար։

 

«Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» ծրագիր

Առաջին մրցանակ՝ 500 000 դրամ տրվեց «ՀՐԵՇՏԱԿ Ց՛ՊԱՀԱՆՋ» ստեղծագործությանը, հեղինակ՝ Կարինե Խոդիկյան։

Երկրորդ մրցանակ՝ 480 000 դրամ տրվեց «ՄԱՀԱՑՈՒ ՀՅՈՒՐԱԽԱՂ» ստեղծագործությանը, հեղինակ՝ Հովհաննես Երանյան։

 

«Կինոարտադրողների համահայկական ֆորում» ծրագիր

Մրցանակը՝ 500 000 դրամ, շնորհվել է «Մոտիֆ ֆիլմլս» ՍՊԸ-ի «ՊԱՅՔԱՐ» ֆիլմի նախագծին. պրոդյուսերներ՝ Ինեսսա ՄկրտչյանՍոնա Մարգարյանռեժիսոր՝ Լիլիթ Մովսիսյան։ Մրցանակը տրվելէ 2020թ.-ին Բեռլինի կինոշուկային մասնակցելու համար:

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը