12 August 2025

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ տարածել են կինոոլորտի ներկայացուցիչների հայտարարությունը «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ, ուստի անհրաժեշտ ենք համարում որպես ոլորտի կարևոր կառույց հստակեցնել մեր դիրքորոշումը․

Ս.թ հունիսի 5-ից Հայաստանի կինոգործիչները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ ինտենսիվ քննարկումներ են ունեցել ոլորտի պետական ֆինանսավորման մեխանիզմի ու նոր հնարավորությունների վերաբերյալ։ Մեկ ամիս անց e-draft հարթակում ներկայացվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը՝ հորդորելով կինոգործիչներին ակտիվորեն մասնակցել նախագծի քննարկմանն ու դիրքորոշումներ ներկայացնել։ Սրան զուգահեռ, ԿԳՄՍ նախարարի աջակցությամբ Կինոյի հիմնադրամը ստեղծել է աշխատանքային խումբ, որի նպատակն է մասնագիտական և համագործակցային հարթակ տրամադրել ոլորտի զարգացմանն ու բնականոն գործունեությանն ուղղված առաջարկությունները քննարկելու համար։ Ձևավորված խմբի աշխատանքները շարունակվում են:

Թե իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft հարթակում, թե վերը նշված աշխատանքային խմբի շրջանակներում, թե այլ ձևաչափերով Հայաստանի կինոյի հիմնադրամը պատրաստ է արդյունավետ երկխոսության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ, կարևորում ենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված արդյունավետ երկխոսությունը և մասնագիտական էթիկայի պահպանումը, իսկ ստեղծված իրավիճակը գնահատում որպես ոչ կառուցողական և գործընկերային վարքագծին անհարիր։

Ոլորտի ներկայացուցիչներին կոչ ենք անում կենտրոնանալ բովանդակային առաջարկությունների մշակման վրա՝ ի շահ հայկական կինոյի։ Խնդրում ենք հանրային հայտարարություններում և մեկնաբանություններում խուսափել իրականությանը չհամապատասխանող ձևակերպումներից եւ չխեղաթյուրել փաստերը։

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը