Նոյեմբերի 03 2016

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող «Կինոաշուն» ծրագրի շրջանակում ամեն տարի՝ աշնանը, անց են կացվում հանդիպում - քննարկումներ: Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կլոր սեղանի շուրջն են հավաքվում ոլորտի մասնագետները և առաջադրված թեմայի վերաբերյալ կարծիքներ ու ելույթներ հնչեցնում: Այս անգամ քննարկումն ընթացավ «Անկախության սերունդ. անկախության կինո» խորագրով:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը գտնում է, որ եթե այն ժամանակ պետական հովանավորությամբ ստեղծվում էին արժեքավոր ֆիլմեր, որոնք այսօր էլ պահանջարկ ու սեր են վայելում, ապա անկախության շրջանում նկարահանված ֆիլմերը դեռևս չունենա այդ ժողովրդականությունը: Ռեժիսորները չեն ստեղծում այն կինոմիջավայրն ու մթնոլորտը, որը հատուկ է ճանաչված ու սիրված արվեստագետներին։ Այդուհանդերձ, նա համոզված է՝ մի օր կրկին կծնվեն Փարաջանովներ ու Փելեշյաններ։

 

Կինոգետ Սիրանուշ Գալստյանն էլ համոզմունք հայտնեց, որ «հին ֆիլմերում մենք այսօր էլ մեզ ենք տեսնում ու ճանաչում: Իսկ կարո՞ղ ենք, 10 տարի հետո դիտելով անկախության շրջանի ֆիլմերը՝ այնտեղ գտնել մեզ»:

 

Կինոյի և թատրոնի ինստիտուտի ասպիրանտ Սեգ Կիրակոսյանն ատենախոսություն գրելու համար ուսումնասիրել է անկախության շրջանի հայկական վավերագրական կինոն: Նրա դիտարկմամբ՝ կինոն միշտ երիտասարդանում է երիտասարդ սերնդի հետ: Երիտասարդ ասպիրանտն ամփոփելով ժանրի պատկերը փաստեց, որ վավերագրական կինոն հեռուստատեսայնացվում է․ «ինֆորմացիան առաջին պլանում է, իսկ պատկերային մտածողությունը՝ հետին»:

 

Հիշեցնենք, որ կինոկենտրոնի և ինստիտուտի համագործակցությունը դարձել է գեղեցիկ ավանդույթ և ամեն տարի «Կինոաշուն» ծրագրի օրերին պարտադիր անցկացվում է թեմատիկ կլոր սեղան։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը