Նոյեմբերի 24 2025

Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, 2025 թ. նոյեմբերի 23-ին Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնում իրականացրեց «Մենք ենք, մեր եռանկյունին» խորագրով իմպլեմենտացիոն ցուցադրությունը։

Ցուցադրությունը նվիրված է երեք նշանավոր ստեղծագործողների հոբելյանական տարեդարձերին՝ Հենրիկ Մալյան 100, Աղասի Այվազյան 100, Հրանտ Մաթևոսյան 90։

Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, ինչպես նաև մշակութային համայնքի մի շարք ներկայացուցիչներ և հրավիրյալ հյուրեր։

 

Ցուցադրության համադրական լուծումները միավորում են երեք հեղինակների ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացնելով «Մենք ենք, մեր սարերը» և «Եռանկյունին» ֆիլմերի ընտրանի կադրեր, դեկորներ, ստեղծագործական գործընթացին առնչվող ռեկվիզիտներ, անձնական իրեր, արխիվային լուսանկարներ և փաստաթղթեր։

Նախաձեռնության նպատակն է նորովի ներկայացնել և ընդգծել Մալյանի, Այվազյանի և Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգության բացառիկ արժեքը՝ ապահովելով դրա հանրայնացումը, ընկալումն և սերնդեսերունդ փոխանցման շարունակականությունը։ Ցուցադրությունն իրականացվում է ինտերակտիվ մոտեցմամբ, ինչը հնարավորություն է տալիս այցելուներին ոչ միայն դիտել ներկայացված նյութերը, այլև դառնալ դրանց անմիջական մասնակիցայցելուները կարող են կրել «Եռանկյունին» ֆիլմի խորհրդանշական գոգնոցը, շփվել ֆիլմերի ստեղծման պատմությանը վերաբերող իրական ռեկվիզիտների հետ և զգալ ներկայացվող ստեղծագործությունների մթնոլորտը։ Ցուցադրությունը համալրված է նաև հատուկ պատրաստված իմպլեմենտացիոն տեսաշարերով, որոնք նորարարական ձևով վերարտադրում են հայտնի դրվագներ և ներկայացնում երեք հեղինակների գաղափարական ու գեղարվեստական աշխարհները՝ ժամանակակից դիտանկյունից։

 

Ցուցադրությունը կշարունակվի շուրջ երկու ամիս՝ մինչև 2026 թվականի հունվարի 23-ը, հասանելի է երեքշաբթիից շաբաթ, ժամը՝ 10:00-17:00։ Էքսկուրսավարի ուղեկցությամբ այցելությունը հնարավոր է միայն նախնական ամրագրումով՝ հեռ. +374 33 341855։ Մեծ խմբերի համար այցելության ժամերը հնարավոր է ճշգրտել՝ ըստ անհրաժեշտության։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամի
Հասարակայնության հետ կապերի բաժին

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը