Օգոստոսի 07 2025
Կայացավ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիր» լիամետրաժ խաղարկային ֆիլմի միջազգային պրեմիերան Շվեյցարիայի Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնում՝ հանդիսանալով 78-րդ փառատոնի բացման ֆիլմը։ Պրեմիերան տեղի ունեցավ փառատոնի սրտում՝ բացօթյա Պիացցա Գրանդե հրապարակում, շուրջ 8,000 հանդիսատեսի ներկայությամբ։ Միջոցառման բացմանը հայկական ֆիլմի ներկայացումը, միանշանակ, հանդիսանում է մեր կինեմատոգրաֆիայի միջազգային պատմության մեջ բացառիկ իրադարձություն, որն ամրապնդում է Հայաստանի ներկայությունը համաշխարհային հեղինակավոր կինոհարթակներում։ Հայաստանի կինոյի հիմնադրամը ջերմորեն շնորհավորում է ստեղծագործական ամբողջ կազմին այս հաջողության համար։
Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ:
Արտադրող երկրներ՝ Ֆրանսիա (La Huit, Pan Cinema), Հայաստան (Visan)
Աջակցությամբ՝ CNC, CFA, EURIMAGES
Մասնակցությամբ՝ Canal+, Cine+ OCS, Pan Distribution, Vuelta Media.
Միջազգային վաճառքի ընկերություն՝ Be For Films
Մեջբերում ֆիլմի պաշտոնական սինոփսիսից.
Սելինը առաջին անգամ գալիս է Հայաստան, իր ամուսնու՝ Արտոյի, մահը գրանցելու նպատակով։ Նա հայտնաբերում է, որ ամուսինը ստել է իրեն, մասնակցել է պատերազմին, յուրացրել ուրիշի ինքնությունը, և նրա նախկին ընկերները նրան դավաճան են համարում։ Սելինի համար սա դառնում է անսպասելի ճամփորդություն դեպի ամուսնու անցյալը՝ սկսած 2020 թվականի պատերազմի վիրավորներից մինչև 90-ականների հաղթական պատերազմի վետերաններ, ու շարունակվող պատերազմի ուրվականներ: Կինն անընդհատ փորձում է հասնել նրա հետևից, բայց ինչպե՞ս թաղել ուրվականին։ Արդյո՞ք հնարավոր է փրկել մեռածներին։
Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը