Հունվարի 20 2025

2024 թվականին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմավորումը «Հայաստանի կինոյի հիմնադրամի»՝ ՀՀ Կառավարության, մայիսի 2-ի նիստում ընդունված որոշումով։ Վերակազմավորման գործընթացի շրջանակներում ձևավորվել է նաև հոգաբարձուների խորհուրդ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ։

Այս ընթացքում տեղի են ունեցել խորհրդի երկու աշխատանքային նիստեր, քննարկվել են տարբեր ընթացակարգային հարցեր, որոնք կարևոր են հիմնադրամի արդյունավետ գործունեության համար։ Տեղի է ունեցել կառույցի տնօրենի ընտրություն, որի արդյունքում հիմնադրամի տնօրեն է ընտրվել Դավիթ Բանուչյանը։

Սույն փոփոխությունները նախատեսում են բարելավել կառույցի աշխատանքը և ստեղծել նոր հնարավորություններ հայկական կինոարդյունաբերության զարգացման համար։ Նշված գործընթացը դեռևս գտնվում է վերկազմավորման փուլում, սակայն այդ ընթացքում հիմնադրամը շարունակել է իր հիմնական աշխատանքները՝ իրականացնելով տարաբնույթ նախագծեր, որոնք կամ ավարտվել են, կամ դեռ շարունակվում են։ Հընթացս հիմնադրամը նախաձեռնել է նոր նախագծեր, ինչպես նաև սկսել է ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը՝ ստեղծելով նոր հնարավորություներ ոլորտի զարգացման համար։

 

Ֆիլմերի նախագծերի մրցույթներ

 

2024 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամի կազմակերպած և անցկացրած ֆիլմերի նախագծերի պետական աջակցության  մրցույթին ներկայացվել է 48 հայտ՝ 24 լիամետրաժ և 24 կարճամետրաժ նախագծեր: Հայտերի նախնական գնահատման արդյունքում 7 հայտ չի համապատասխանել մրցույթի չափորոշիչներին՝ 2-ը անվավեր է ճանաչվել, 4-ը՝ թերի, իսկ 1-ը չեղարկվել է հայտատուի կողմից: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 30 նախագիծ, որոնցից 20-ը լիամետրաժ, իսկ 10-ը կարճամետրաժ:

2024.1 մրցույթում պետական ֆինանսավորում է ստացել 22 նախագիծ․ Լիամետրաժ՝ 15-ը, այդ թվում՝ 5-ը՝ զարգացման, 6-ը՝ արտադրության, 2-ը՝ հետարտադրական և 2-ը՝ տարածման փուլերում: Կարճամետրաժ՝ 7-ը, այդ թվում՝ 4-ը՝ անիմացիոն, 2-ը՝ խաղարկային, և 1-ը՝ վավերագրական:

Այսպիսով, մրցույթը աջակցում է ֆիլմերի տարբեր ժանրերի և ստեղծագործական փուլերի զարգացմանը, աջակցելով նաև անիմացիայի և վավերագրական կինոյի նախագծերին։

 

 

Միջազագային մրցույթներ և մրցանակներ

 

2024 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ բազմաթիվ ֆիլմեր մասնակցել են միջազգային փառատոների մրցութային և ոչ մրցութային ծրագրերում, և արժանացել են բազմաթիվ կարևոր մրցանակների։ 2023 թվականին միջազգային կինոհարթակներում հաղթարշավ սկսած մի շարք ֆիլմերի հաջողությունները շարունակվել են նաև 2024-ին։ Դրանց թվում են «Ավրորայի լուսաբացը», «Թռչող տերևների երգը», «Թոնրատունը», «Երբ ես տխուր եմ», «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», «Կապույտի միջով», «Ամերիկացին» և այլ ֆիլմեր։ Այդ հաջողությունները փաստում են հայկական կինոյի մակարդակի և միջազգային ճանաչման աճի մասին։

 

Միջազգային կապեր

 

2024 թվականը իսկապես նշանակալի տարի է եղել հայկական կինոյի համար, քանի որ այն համընկել է երկու մեծ հոբելյանների՝ Սերհեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձերի հետ: Այս երկու մեծ մտավորականներն իրենց արվեստով անմիջական ազդեցություն են ունեցել ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային մշակույթի վրա, ուստի իրենց գործերին նվիրված միջոցառումները դարձել են կարևոր մշակութային իրադարձություններ:

Այս հոբելյանական միջոցառումները ներառել են տարբեր ձևաչափեր՝ կինոփառատոներ, ցուցադրություններ, վարպետության դասեր, ինչպես նաև համագործակցություն միջազգային հեղինակավոր կինոկառույցների հետ, որոնք միտված են եղել ոչ միայն հայկական կինեմատոգրաֆիային վերաբերող գիտելիքների տարածմանը, այլև միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացմանը:

  • Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ.
    2024 թվականին Գերմանիայի մի քանի քաղաքներում (Բեռլին, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ, Քյոլն) կազմակերպվել է Փարաջանովի հոբելյանական ցուցադրությունների եռամսյա շարք։ Այս միջոցառումները արժևորել են նրա ժառանգությունը՝ ներկայացնելով մեծ վարպետի ստեղծագործությունները։ Բացի այդ, Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցադրություններ են տեղի ունեցել Մադրիդում և Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։
  • Ֆրանսիական Սինեմատեկում Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն
    Հայաստանի կինոյի հիմնադրամի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների հետ համագործակցությամբ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն է կազմակերպվել Ֆրանսիայի Սինեմատեկում։ Այս առիթով հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը այցելել է Փարիզ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սինեմատեկի գործընկերների հետ (Էմիլի Կոկի, Անիկ Ժիրար), ինչպես նաև ճանաչողական այց կատարել Սինեմատեկի արխիվ՝ ֆիլմերի պահպանման և վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
  • Նյու Յորքի MoMA թանգարան.
    2024 թվականի հունվարին Նյու Յորքի MoMA թանգարանում կազմակերպվել է «To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation» 20-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում ցուցադրվել են հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» (1928թ.) և «Երկիր Նաիրի» (1930թ.) ֆիլմերը՝ 4K վերականգնված ձևաչափով։
  • Բրյուսելի Սինեմատեկ.
    Բրյուսելի Սինեմատեկում անցկացվել է Համո Բեկնազարյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված ցուցադրություն։ Սինեմատեկը ներկայացրել է Բեկնազարյանի մի շարք ֆիլմեր՝ «Խասփուշ», «Շորն ու Շորշորը», «Նամուս», բացառությամբ վերականգնված «Տունը հրաբխի վրա», «Երկիր Նաիրի» և «Դուստրը», որոնք տրամադրվել են Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից։
  • Ֆրանսիա-Հայաստան երկկողմ գործակցություն.
    2024 թվականին Ֆրանսիայի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և շարժվող պատկերի ազգային կենտրոնի (CNC) և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև ստորագրվել է գործակցության փաստաթուղթ՝ կինոժառանգության, ուսուցման, մասնագիտական կրթության, համատեղ արտադրության և փառատոների հետ գործընկերության ոլորտներում։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է հայկական կինոյի և ֆրանսիական կինոժառանգության կապերի զարգացման ու ամրապնդման համար։
  • Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, ապրիլի 3-10-ը իրականացվել են Ս. Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Փարաջանովյան հանդիսությունների մեկնարկը տրվել էր Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ցուցադրվել է նաև «Կինոյի տաճար» ինստալացիան, որը ներառում է «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված վերականգնաված կադրերը (4K ձևաչափով)։
  • Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը՝ Ռուսաստանի Գոսֆիլմոֆոնդ հրավերով, մասնակցել է Սանկտ Պետերբուրգում (X-րդ միջազգային մշակութային ֆորում) կայացած սեպտեմբերյան եռօրյա «Կինոժառանգություն. անցյալի և ներկայի մշակութային օրենսգիրքը» պանելային քննարկմանը։

Մշակութային տարաբնույթ քննարկումների արդյունքում հիմնադրվել է կինոարխիվների միջազգային ասոցիացիա։ Այն որպես լրացուցիչ հարթակ է ծառայելու արխիվային համայնքի անդամների միջև համագործակցության, արխիվային գործերի ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակման, ֆիլմերի պահպանման, թվայնացման և վերականգնման, ստանդարտացման, ինչպես նաև որակյալ կադրերի պատրաստման համար, որտեղ պետությունը Ռուսաստանի կինոֆոնդը պատրաստ է հանդես գալ որպես կրթական և գիտական ​​հարթակ։

Այս միջոցառումները և նախագծերը ուղենշում են Հայաստանի կինոյի հիմնադրամի ջանքերը՝ հայկական կինոյի համաշխարհային ճանաչմանն ու պահպանմանը՝ ստեղծելով հնարավորություններ արվեստի սիրահարների համար տարբեր երկրներում ճանաչել և սովորել հայ կինոյի պատմությունը։

 

Կինոշուկաներ

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը 2024 թվականի ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային հայտնի կինոփառատոներին կից կինոշուկաներում՝ մասնակցելով Բեռլինի, Կաննի և Անեսիի երկարմյա շուկաներինն։ Հիմնադրամը ներկայացվել է այդ փառատոների ընթացքում առանձին տաղավարներով, որտեղ կազմակերպվել են հանդիպումներ և տարբեր միջոցառումներ։ Այս ամենը հնարավորություն է տվել նաև հայ կինոարտադրողներին ներկայացնելու իրենց նախագծերը, հաստատելու նոր գործընկերություններ և համաշխարհային կինոարդյունաբերությունում Հայաստանի դերակատարությունը ուժեղացնելու նպատակով։

 

Կինոժառանգության բաժին

 

2024 թվականը նշանավորվեց հայ կինոյի համար կարևոր հոբելյաններով, որոնք մեծամես  նպաստել միջազգային կինոհարթակներում հայկական ֆիլմերի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։

2024-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը նախաձեռնել է մի շարք կարևորվող ծրագրեր՝ պահպանության, վերականգնման և հանրահռչակման ոլորտներում։ Նախքան թվայնացման և վերականգնման գործընթացը, կարևոր էր հայկական կինոժառանգության պահպանությունը, ինչի համար իրականացվել է մի շարք կարևոր քայլեր։

«Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» ծրագրի շրջանակներում Հայաստանի կինոյի հիմնադրամը վերականգնեց մի շարք կարևոր ֆիլմեր։ Այս ծրագրի շրջանակներում թվայնացվել և վերականգնվել են «Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաների րխիվներում, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող «Գոսֆիլմոֆոնդ» և «Կինո-ֆոտո-փաստաթղթերի Ռուսականի պետական արխիվ» միջոցառումները։

Թվայնացված և վերականգնված ֆիլմերը Շորն ու Շորշորը (ռեժ. Համո Բեկնազարյան, 1926թ.), Գիքոր (ռեժ. Ամասի Մարտիրոսյան, 1934թ.), Տժվժիկ (ռեժ. Արման Մանարյան, 1961թ.), Տերն ու ծառան (ռեժ. Դմիտրի Կեսայանց, 1962թ.), Կարինե (ռեժ. Արման Մանարյան, 1967թ.), Հնձան (ռեժ. Բագրատ Հովհաննիսյան, 1973թ.), Թթենիին  (ռեժ. Գենադի Մելքոնյան, 1979թ.), Կոնդ (ռեժ. Հարություն Խաչատրյան, 1987թ.), Սպիտակ քաղաք (ռեժ. Հարություն Խաչատրյան, 1988թ.), Թատերական հրապարակ (ռեժ. Գրիգոր Հարությունյան, 1988թ.), Ուղերձ որդուս (ռեժ. Արա Մնացականյան, 1993թ.), Սուրբ ծեսերի Երկիր (ռեժ. Էդգար Բաղդասարյան, 2001թ.)։ Այս ֆիլմերը վերականգնվել են ոչ միայն տեսահոլովակների և ֆոտոպարադիգմերի տեսքով, այլև որոշ ֆիլմերի համար ստեղծվել են անգլերեն ենթագրեր՝ հնարավորություն տալով միջազգային հանրությանը վայելել հայկական կինոյի հրաշալիքները։

 

Հանրահռչակում

 

2024 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամի ժառանգության բաժինը ակտիվորեն մասնակցել է հայկական ֆիլմերի հանրահռչակման գործընթացին՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում: Այս տարի կազմակերպվել են մի շարք կարևոր կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդեսներ և միջոցառումներ, որոնք նպաստել են հայ կինոյի  ներկայացմանը ողջ աշխարհում:

Հիմնադրամի նախաձեռնությամբ, հայկական ֆիլմերն արտասահմանում ցուցադրվել են հեղինակավոր արվեստի մի շարք հարթակներում. Նյու Յորքի արդի արվեստի թանգարանում (MoMA) ցուցադրվել են «Տունը հրաբխի վրա» և «Երկիր Նաիրի» ֆիլմերը: Բրյուսելի Սինեմատեկում ցուցադրվել են «Խասփուշ», «Շորն ու Շորշորը», «Նամուս» և «Դուստրը»: Գերմանիայում կազմակերպվել է Ս. Փարաջանովին նվիրված եռամսյա միջոցառումների շարք, որը ընդգրկել է կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդեսներ, ինստալյացիաներ, քննարկումներ՝ Գերմանիայի հինգ քաղաքներում:Յուրի Մեչիտովի ֆոտոցուցահանդեսը Մյունխենի Կինոյի թանգարանում, ինչպես նաև Ինստալյացիոն ընթրիք Փարաջանովի հետ՝ GNFC-ի (Վրաստանի ազգային կինոկենտրոն) մասնակցությամբ: Կինոշարժեր՝ «Կինո Հայ» ՃՇՀԱՀ Ազգային Կենտրոնում, ինչպես նաև Համո Բեկնազարյանին նվիրված նախագիծ:

Այս միջոցառումներն ու ցուցադրությունները նպատակ են ունեցել ներկայացնել հայկական կինոյի բազմազանությունն ու ստեղծագործական ավանդույթները, ինչպես նաև ցուցադրել հայկական կինոյի վաղ շրջանի ֆիլմերը, որոնք առանձնանում են իրենց վիզուալ ու ստեղծագործական վառ առանձնահատկություններով: Հայկական ֆիլմերը, որոնք ստեղծվել են դեռևս սովետական շրջանում, մինչ օրս դառնում են վարկածներ և ուսումնասիրության նյութեր միջազգային կինոգետների ու ֆիլմասերների համար: Մասնավորապես, հայկական կինոն, որը շատ անգամ չի զիջում ժամանակի խոշոր կինոստուդիաների արտադրանքներին, մեծ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն որպես արվեստի առարկա, այլև որպես հարուստ մշակութային ժառանգություն, որն ունի մեծ նշանակություն համաշխարհային կինոժառանգության պատմության էջերում: 2024 թվականին կատարված աշխատանքներն ու ցուցադրությունները նոր կարևոր քայլեր են դնում հայկական կինոյի համաշխարհային ճանաչման և արժևորման ճանապարհին:

 

Տեղական նշանակության միջոցառումներ

 

2024 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամը կազմակերպել է մի շարք տեղական նշանակության միջոցառումներ, որոնք նպաստել են հայկական կինոյի զարգացմանը և հանրայնացմանը։ Այսպես՝

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանում Կինոյի տանը կազմակերպվել է մուլտիպլիկատոր, նկարիչ-ձևավորող, բեմադրող-նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին նվիրված միջոցառում։ Սերգեյ Փարաջանովի եռաֆիլմի ցուցադրություն՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը ԵՄ պատվիրակության հետ համատեղ կազմակերպել է Սերգեյ Փարաջանովի եռաֆիլմի՝ «Տրիպտիխի» վերականգնված տարբերակի ցուցադրությունը Կինոպարկում, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ներկայությամբ։ Ֆիլմը ներառում է «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ստեղծագործությունները։ Ղազախական ֆիլմերի օրեր Երևանում՝ անցկացվել են Ղազախական ֆիլմերի օրեր Երևանում, ինչը հնարավորություն է տվել կինոասերներին դիտելու արտասահմանյան կինոմշակույթի նմուշներ։

Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրություն՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի համագործակցության արդյունքում իրականացվել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրությունը՝ ֆրանսերեն ենթագրերով, բուհի ուսանողների թարգմանությամբ (հարկ է նշել, որ այս գործակցությունը սկսվել էր դեռևս Ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի օրոք)։ «Բացակա պատկեր» ֆիլմի ցուցադրություն՝ Մոսկվա կինթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բացակա պատկեր» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված կինոռեժիսոր և վավերագրող Արտավազդ Փելեշյանին։ «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդես՝ Գաֆէսճյան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել նաև ինքը՝ վարպետը։

Այս միջոցառումները կարևոր դերակատարություն են ունեցել հայ կինոյի մշակութային արժեքների տարածման և միջազգային ճանաչելիության խթանման գործում։

 

«Հայկական ֆիլմեր» ՅՈՒԹՈՒԲՅԱՆ ալիք

 

Հայկական կինոժառանգության ֆիլմերն արդեն մի քանի տարի է, ինչ տեղադրվում են Հայաստանի կինոյի հիմնադրամի «Հայկական ֆիլմեր» Youtube-յան ալիքում։ Երեք տարվա ընթացքում ունենք շուրջ 100 հազար․ հետևորդ աշխարհի տարբեր երկրներից։ Հիմնադրամը փորձում է ավելի հասանելի դարձնել այն ֆիլմերը, որոնց մի մասը ոչ բոլորն են դիտել, կամ դիտում են նորից և խորհուրդ տալիս մյուսներին։ Հիմնադրամի Youtube-յան ալիքում մեկնաբանությունների և քննարկումների բաժինը չափազանց ակտիվ է, այցելուներն իրենց մեկնաբանություններում ընդգծում են նման նախաձեռնության կարևորությունը և շնորհակալություն հայտնում։ Ֆիլմերը և մուլտֆիլմերը ալիքում տեղադրվում են HD որակով և իհարկե՛ անվճար։

 

Ալիքի հղումը՝ www.youtube.com/@HayFilm_Official

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը