26 September 2012
«Կինոաշուն - 2012» ազգային կինոյի ամիս ծրագիրը այս տարի կրկին կանցկացվի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ազգային կինոտոնն այս անգամ նվիրվում է կինոյի հայ աշխարհակալի՝ Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Ավանդական «Կինոաշունը» կմեկնարկի Արմավիրի մարզից սեպտեմբերի 28-ին՝ կինոյի մեծ վարպետի ստեղծած առաջին հայկական հնչունային «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ:
Ի պատիվ մեծն Բեկնազարյանի, «Նաիրի» կինոթատրոնում «Անհայտ Բեկնազարովը» խորագրի ներքո կցուցադրվեն վարպետի հայտնի եւ անհայտ բոլոր ֆիլմերը: Իսկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով՝ «Բեկնազարովը եւ ժամանակը» խորագրով, որի ընթացքում բացի մասնագետներից զեկուցումներով հանդես կգան նաեւ ուսանողները:
Ավանդական դարձած ազգային կինոտոնի կամ ազգային կինոյի ամսվա շրջանակներում հանրապետության բոլոր մարզերում, մայրաքաղաքի համայնքներում, արվեստի բուհերում, սահմանամերձ բնակավայրերում եւ զորամասերում կցուցադրվեն հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ մանկական ֆիլմեր:
Բացի այդ, մայրաքաղաքում եւ մարզերում տեղի կունենան հանրահայտ կինոռեժիսորների եւ կինոգործիչների հոբելյանական երեկոներ, կկայանա Դմիտրի Կեսայանցին նվիրված գրքի շնորհանդեսը:
Ամենամյա այս կինոնախագիծը նպատակ ունի վերականգնել կինոյի տարածման բոլոր այն խողովակներն ու միջոցները, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականներին, եւ հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրման բարի ավանդույթն ու մարզային կինոցանցը:
Նախորդ տարվանից սկսած ազգային կինոտոնը մեկնարկում է մարզերից եւ եզրափակվում Երեւանում՝ ուսանողության շրջանում հայտարարված ամենամյա գրախոսականների մրցույթի ամփոփմամբ: Մարզային կինոցուցադրումները կանցկացվեն միաժամանակ մի քանի մարզերում՝ տարբեր աշխատանքային խմբերի միջոցով: Ծրագրի կազմակերպիչները, այս եղանակով, փորձում են մարզերում աշխուժացնել մշակութային կյանքը՝ մասնակից դարձնելով բնակչությանը մայրաքաղաքային միջոցառումներին: Այս տարի կինոյի երկու մեծերի՝ Յուրի Երզնկյանի եւ Ֆրունզե Դովլաթյանի հոբելյանները կնշվեն մարզերում:
Ազգային կինոյի ամսվա շրջանակներում հանրությանը կներկայացվեն մի քանի պրեմիերաներ, որոնց ստեղծագործական խմբերը հենց իրենք էլ կներկայացնեն ֆիլմերը: Բացի նոր կինոնկարներից, այս տարի եւս կցուցադրվեն հանրության համար հարազատ դարձած հին ու սիրված ֆիլմեր: Ե՛վ մարզային, ե՛ւ համայնքային ցուցադրությունների ընթացքում տեղի կունենան հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական խմբերի հետ:
Այս տարի բացօթյա ցուցադրություն կկազմակերպվի միայն Կարապի լճի վրա տեղակայված քաղաքային էկրանին: Ցուցադրման համար ընտրվել են հայկական լավագույն երաժշտական ֆիլմերը: «Նաիրի» կինոթատրոնում տեղի կունենան թեմատիկ եւ հետահայաց ցուցադրություններ, Դմիտրի Կեսայանցին նվիրված գրքի շնորհանդեսը, Լաերտ Վաղարշյանի եւ Սերգեյ Իսրայելյանի 90 եւ 75 - ամյակներին նվիրված հոբելյանական երեկոները:
Նարեկացի արվեստի միությունում կկայանան վավերագրական կարճամետրաժ հին ու նոր ֆիլմերի, ինչպես նաեւ մի քանի խաղարկային նոր ֆիլմերի ցուցադրություններ: Ազգային կինոտոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ գրախոսականների մրցույթի ամփոփումով:
Նախորդ տարվա օրինակով, այս տարի եւս կհայտարարվի ժամանակակից ֆիլմերի գրախոսականների մրցույթ, որին կարող են մասնակցել ե՛ւ ուսանողները, ե՛ւ այն անձինք, որոնք հետաքրքրված են կինոյով: Նախորդ տարվա օրինակով, այս տարի եւս մրցույթին ներկայացված բոլոր գրախոսականները կազմակերպիչները կտպագրեն ինչպես «Անկախ» շաբաթաթերթում, այնպես էլ «Կինոաշխարհ» ամսաթերթում: Գրախոսականները ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով կամ ուղարկել հետեւյալ էլ. փոստով՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it., հեռ. 50 02 31: Գրախոսականները ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 26-ը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը