02 December 2021

2020-2021 թվականներից ի վեր առաջին անգամ «ի Գործ» պետական ծրագիրը՝ մշակույթի ոլորտում, աշխատելու հայտ է ստացել սփյուռքահայ մասնագետից։ Ամերիկահայ կինոգետ, փորձագետ Անրի Վարդանովը (կինոգիտության մագիստրոս, Կոլումբիա համալսարան) դիմել է «ի Գործ» ծրագրին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ժառանգության բաժնում մասնագիտական աշխատանք իրականացնելու համար։

 

Ի դեպ, Անրի Վարդանովը վերջերս մասնակցել էր Երևանում՝ Անրի Վերնոյի 100-ամյակի շրջանակում անցկացված «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովին։ Սփյուռքահայ մասնագետը գիտաժողովում հանդես է եկել հայկական կինոյում հայրենադարձության թեմային նվիրված ընդարձակ զեկուցումով՝ «Չեղարկված քարավան, վերակառուցված ֆիլմ. բացահայտելով Համո Բեկնազարյանի «Երկրորդ քարավանի» առեղծվածները»։

 

Հիշյալ համագործակցության համաձայնագրի վերաբերյալ մանրամասները քննարկելու նպատակով հանդիպել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարությունը (տնօրեն՝ Շուշանիկ Միրզախանյան, Ժառանգության բաժնի ղեկավար՝ Վիգեն Գալստյան, ֆիլմ-հանձնակատար՝ Մելիք Կարապետյան) և «ի Գործ» ծրագրի թիմի անդամները (ծրագրի ղեկավար՝ Հերմինե Հարությունյան, ծրագրի համակարգողներ՝ Աննա Մհերյան, Լիլիթ Խաչատրյան և Քարին Յաքուբյան)՝ մասնակցությամբ Անրի Վարդանովի։

 

«ի Գործը» Հայաստանի կառավարության առաջին պետական ծրագիրն է, որը մեկնարկել է դեռևս 2020-ին, հնարավորություն է տալիս մեծաթիվ սփյուռքահայ մասնագետների աշխատել ՀՀ կառավարությունում, պետական տարբեր գերատեսչություններում (տնտեսություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ, սոցիալական և այլն):

Ծրագիրն իրականացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

 

«ի Գործը» ոչ միայն հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին ճանաչել կառավարության աշխատանքը ներսից, այլև նրանց սերտորեն կապում է հայրենիքին պետականաշինության մասնակցության մակարդակով: Սփյուռքահայ մասնագետներից շատերը, ստանալով հնարավորություն աշխատել հայրենիքում, անվերադարձ կապվում են հարազատ բնօրրանի հետ, հայրենադարձվում և հաստատվում են հարազատ հողում։

 

Ծրագրին դիմողների 61 տոկոսը կանայք են, իսկ 39՝ տղամարդիկ։ Ծրագրի պատասխանատուների ակնկալած 15%-ի փոխարեն՝ այսօր արձանագրված է 70% հայրենադարձություն։

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը