Հուլիսի 13 2023

Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը (ս․թ․ հուլիսից մինչև նոյեմբեր ամիսները), որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:

 

Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ հարյուր  լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր (անիմացիոն, վավերագրական և խաղարկային), այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգված նմուշներ: Կինոցուցադրություններ են անցկացվելու հատկապես այն մարզերում և մարզկենտրոններում, որտեղ չկան կինոդիտումներ կազմակերպելու հնարավորություններ: Ծրագիրը կիրականացվի Հանրապետության 10 մարզերում՝ դպրոցներում, մշակութային կենտրոնների դահլիճներում, բացօթյա հրապարակներում:

 

Հայկական կինոժառանգության և ժամանակակից (անիմացիոն վավերագրական և խաղարկային) ֆիլմերի հանրայնացումը՝ կինոցուցադրությունների բնօրինակ ձևաչափով՝ մեծ էկրանին, կխթանի կինոմշակույթի հաստատուն զարգացումը Երևանից դուրս, ինչպես նաև մեծապես կնպաստի հայ կինոյի քիչ հայտնի դասականների տարածմանը հասարակության ավելի լայն, ինչպես նաև երիտասարդ սերնդի շրջանակներում: Ծրագրի իրականացումը կտա հնարավորություն ունենալ կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի լայնամասշտաբ հանրայնացում՝ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա գտնել իրեն հոգեհարազատ անիմացիոն վավերագրական և խաղարկային  ֆիլմերը:

 

Ծրագրի կարևոր արդյունքներից մեկը կլինի նաև ֆիլմերի ենթագրումը անգլերեն լեզվով, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանում գտնվող օտարերկրյա այցելուներին ծանոթանալու հայ կինոյի դասականների և ժամանակակից ֆիլմերի հետ, ինչպես նաև առարկայական նշանակություն կունենա հայկական կինոարվեստի միջազգայնացման ծրագրերի և տարբեր ցանցային հարթակներից հեռարձակելու համար:

«Հայկական կինոդար» ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, իսկ հաջորդ կանգառը Լոռին է։ Մուտքն ազատ է, ուստի բոլորին կոչ ենք անում գնալ և մեծ էկրանին դիտել հայկական ֆիլմերը։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը