20 April 2021

Հայկական կինոարվեստի և կերպարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով՝ ապրիլի 20-ին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց: Երկկողմ գործակցության հուշագիրը միտված է մշակութային կինոժառանգության նմուշներն ուղղորդել դեպի թանգարան՝ բացառիկ ու եզակի կադրերին տալ նոր կյանք ու նոր շնչառություն (դասախոսություն, ցուցադրություն, կինոդիտում):

Հուշագրի ստորագրմանը հաջորդեց Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով՝ «ՍԱ - ՆՐԱՆԻՑ - ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի հիմնական թեմաներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատի և Սանահինի վանքերը:

Յուրօրինակ ցուցադրանքում ներառված է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերականգնված Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան (Հաղպատ և Սանահին վանական համալիրների տեսարաններով):

Հայկական կինոարվեստի և կերպարվեստի մշակութային ժառանգության վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունը առիթ հանդիսացավ երկու պետական կառույցների ղեկավարների` Շուշանիկ Միրզախանյանի (Հայաստանի ազգային կինոկենտրոն) և Մարինե Հակոբյանի (Հայաստանի ազգային պատկերասրահ) համար` ստորագրելու գործակցության այս հեռանկարային հուշագիրը:

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը