2015 թ․

1. «ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱ»

/Սցենարի հեղինակ՝ Արմեն Վաթյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան/

Ութ տարեկան տղան ծնողների բնորոշմամբ՝ «բարեկիրթ, հոգատար, աշխատասեր ու ձգտող է»… Սակայն, հարազատների մոտ այդպիսին ցույց է տալիս, իսկ երբ «ձերբազատվում է» հարազատների ներկայությունից ու նրանց ուշադրությունից, այդ «բարեկիրթ» տղան կարող է անբարեկիրթ դառնալ, և անել անսպասելին ու աներևակայելին, ընդհուպ մինչև ջութակով թենիսի գնդակը հարվածել ուզած ուղղություններով։ Հարազատները տեսնում ու կարծես թե կանխում են «բարեկիրթ» տղայի խենթ ու խելառ արարքները։

2. «ՁԻՈՎ ԽԱՂԱ»

/Սցենարի հեղինակ՝ Գևորգ Ստեփանյան, ռեժիսոր՝ Բենիամին Գևորգյան/

Կան հուշելու սիրահար երեխաներ, ովքեր թե՛ դպրոցում դասերի ժամանակ, թե՛ մարզական որևէ խաղի ընթացքում անպայման ջանում են «օգնել» ընկերոջը, որը մեծամասամբ վատ ավարտ է ունենում՝ կամ հուշածն է սխալ լինում, կամ ուսուցիչը նկատելով՝ ընդհատում է և լավագույն դեպքում բավարարվում է անբավարար գնահատականով։ Այդպես էլ այս սյուժեում, շախմատի 10-12 տարեկանների մրցաշարի ընթացքում, Արթուրը ջանում է, որ Անդրեն ձիով խաղա։ Վերջինս իր խաղով տարված ուշադրություն չի դարձնում, սակայն հուշողը չի դադարում՝ ակնարկելով ձիով խաղը։ Վերջապես ընկերոջ հուշելուց ազատվելու համար  Անդրեն ձիով է խաղում և… պարտվում է։

3. «ՓՈՐՁՎԱԾ ԹԱՆՆ ԱՆՓՈՐՁ ՄԱԾՈՒՆԻՑ ԼԱՎ Է»

/Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արեն Վաթյան/

Արտաշեսի ծնողները որոշել են նրան փակել մի սենյակում, որտեղ ոչ մի տեխնիկա չկա, հուսալով, որ երեխան կկտրվի համակարգչից։ Սակայն փակ սենյակում Արտաշեսի ցանկությունն ավելի է ուժգնանում։ Նույնիսկ սենյակում հայտնված բարի կախարդից է խնդրում համակարգիչ, այփադ ու հեռախոս, սակայն բարի կախարդը չի կարող իր կախարդանքն ի չարը գործադրել։ Եվ համոզվելով, որ Արտաշեսը, մեկ է, «խելքի չի գա», որոշում է կախարդանքով փոխել նրան։

4. «ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ԱՇՈՒՆ»

/Սցենարի հեղինակ`  Մարինե Քոչարյան, ռեժիսոր՝ Արմեն Բաղդասարյան/

Վահեն տարված արհեստական ու տեխնիկական ժամանցներով ու խաղերով, չի նկատում բնությունը, տարվա եղանակների յուրահատկությունները, գրավչությունը։ Հայ գրականության ուսուցչուհին Վահեին հանձնարարում է գրել շարադրություն «Տերյանի աշունը» վերնագրով։ Սակայն Վահեին գրավողը զվարճանքներն են, խաղերը, և եթե նույնիսկ իրեն «պատեպատ էլ խփի», շարադրությունը չի կարող գրել։ Եվ Վահեն խոստովանում է, որ «Տերյանից ավելի լավ չի կարող գրել աշնան մասին»…

5. «ՊԱՀՄՏՈՑԻ»

/Սցենարի հեղինակ՝ Արեն Վաթյան, ռեժիսոր՝ Արմեն Բարսեղյան/

Երեխաները պահմտոցի են խաղում։ Անահիտը պահարանի դռանը հենված հաշվում է ու սկսում է փնտրել թաքնված երեխաներին։ Թվում է, թե սովորական խաղ է, և արտառոց ոչինչ չի լինի, բայց զավեշտալին թաքստոցներն են ու թաքնված երեխաները, մեկը՝ բարձրացել է պահարանի գլխին, մեկը մտել է սառնարանի մեջ… Թաքնվածներից միայն Արմենին չեն գտնում։ Անահիտից բացի՝ բոլորն են փնտրում՝ Արմենը չկա ու չկա։ Վերջում պարզվում է, որ նա թաքնվել է հենց այն պահարանի մեջ, որի դռան վրա աչքերը փակել էր Անահիտը։

6. «ՄՈՌԱՑԿՈՏԸ»

/Սցենարի հեղինակ՝ Գառնիկ Խչոյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան*

12-ամյա Գևորգն անփույթ է և ծայր աստիճան մոռացկոտ։ Մինչև անգամ մոռանում է դասը սովորել։ Ուսուցչուհու վերջին պահանջը խիստ է ու սթափեցնող։ Գևորգը խոստանում է ոչինչ չմոռանալ, և տանը պատրաստում է յուրաքանչյուր դասը, պայուսակը լցնում անհրաժեշտ գրքերն ու տետրերը, գրենական պիտույքները, և ինչպես խոստացել էր կազմ-պատրաստ ներկայանում է դասի, բայց արի ու տես… մոռացել է տաբատը հագնել։

7. «ԻՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ»

/Սցենարի հեղինակ՝ Արմեն Վաթյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան/

Քաջիկը տնային հանձնարարությունները միշտ դասընկերներից է արտագրում։ Մինչև անգամ «Ինչ եմ ուզում դառնալ» թեմայով շարադրությունն էլ է ուզում արտագրել, անտեսելով իր իսկ նախասիրությունն ու ցանկությունը։ Եվ ահա մի դասընկերը ոստիկան է ուզում դառնալ, մյուսը՝ լավ տղա, մյուսը՝ բալերինա, իսկ մի դասընկերն էլ ուզում է վարչապետ դառնալ։ Այս ամենը Քաջիկը համարում է, որ բանի պետք չեն և պապուն է հարցնում, թե ինչ է ուզում դառնալ։ Պապն էլ իրատեսական խորհուրդ է տալիս, քանի որ Քաջիկը թխելու սովոր է, ուրեմն հաց թխող պիտի դառնա…

8. «ԵՐԱԶԿՈՏԸ»

/Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Բենիամին Գևորգյան/

12-ամյա Ռոբերտը սիրահարված է համադասարանցի Աննային, և առօրյան անցնում է միմիայն երազանքներով։ Լինելով մշտապես երանազգացության մեջ, մերթ երաժշտությունն է նվիրում Աննային, մերթ իր հարվածով դարպասը գրավելը, մերթ բեմում կատարած մենախոսությունը։ Երազելը՝ երազել, սակայն փոխարենը՝ դասերը պատրաստելու պարտականությունների ու պատասխանատվության հանդեպ անտարբեր է, ինչը, ի զարմանս Ռոբերտի՝  դուր չի գալիս հենց իրեն՝ Աննային։