2014 թ.

1. ՙԱմենալավ նվերը՚
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արեն Վաթյան
Ութամյա Անուշիկի ծննդյան օրն է, սակայն Անուշիկն այնքան էլ ուրախ չէ, որովհետև նվիրելու են ՙաղջկա խաղալիքներ՚, որոնք ինքը տանել չի կարողանում։ Անուշիկին ամենալավ նվերը նվիրելու հարևանուհու խոստումն իրոք իրականանում է։ Անուշիկի ուրախությանը չափ չկա, որ գոլֆի մական է ստացել, և որով… կոտրում է մնացած բոլոր ՙզիզի-բիզի՚ նվերները։

2. ՙԷքսկլյուզիվ՚
Սցենարի հեղինակ՝ Արմեն Վաթյան, ռեժիսոր՝ Արսեն Առաքելյան
Վեցերորդ դասարանցի Մկոյի մեջ արդեն ձևավորվում է քաղքենությունը, և համադասարանցիների առջև հպարտանալու, գլուխ գովալու առիթ է ստեղծում։ Դպրոցից երեխաներին տուն տանող ծնողների ավտոմեքենաներին փնովում է, որպեսզի առավել արժևորի իրեն տուն տանող մեքենան էքսկլյուզիվ է… լիմուզին։ Բայց հետո պարզվում է լիմուզինի վարորդի հետ պայման է կապել՝ փոխարենը լվանալ մեքենան։

3. ՙԱպագա չեմպիոնները՚
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արեն Վաթյան
Ինքնագոհ ու ինքնամեծար մարզիչը խոստանում է սաներից յուրաքանչյուրին դարձնել Շավարշ Կարապետյան։ Բայց արի ու տես՝ հենց ինքը՝ մարզիչը պատահմամբ ջուրն է ընկնում և… նրան խեղդվելուց փրկում են սաները։
Զավեշտալի պատմության խրատն է՝ ինքդ քեզ անտեղի մի գովա երեխաների մոտ, օրերից մի օր կբացահայտվի քո իսկական դեմքը։

4. ՙՊրոդյուսերը՚
Սցենարի հեղինակ՝ Արմեն Վաթյան, ռեժիսոր՝ Բենիամին Գևորգյան
Իննամյա Արմենչոն ուզում է երգիչ դառնալ, սակայն Հրաչոն, որ աչք էր դրել Արմենչոյի հեծանիվին ու կիթառին, առաջարկում է պրոդյուսերություն անել Արմենչոյին։ Եվ համաձայնությունը ստանալով՝ հերթով օգտագործում է Արմենչոյի խաղալիքները, իսկ պատասխանատու համերգը, որ հայտարարել էր ՙպրոդյուսերը՚, Արմենչոն բոլորովին պատրաստ չէ… Հրաչոն ստիպված է ընդունել հանդիսատեսի նետած լոլիկները, թղթե գնդիկները։

5. ՙԿարմիր գլխարկները՚
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արեն Վաթյան
8-9 տարեկան քույրերը՝ Մանեն և Արինեն, շատ են սիրում ՙԿարմիր գլխարկը՚ հեքիաթը, և առաջին իսկ առիթի դեպքում տատիկին խնդրում են, որ պատմի։ Հեքիաթի հերոսուհին այնքան է գրավում քույրերին, որ կյանքում էլ ուզում են նմանվել նրան։ Եվ սկսվում է հեքիաթի կյանքային շարունակությունը… Քույրերից ամեն մեկը իրեն Կարմիր գլխարկ երևակայելով՝ որոշում է, որ ՙգայլը՚ իրենց բակի չարաճճի Գարիկն է։ Եվ քույրերից յուրաքանչյուրն իր մեթոդով է պատժում ՙգայլ՚ Գարիկին։ Ի վերջո, ՙգայլն՚ իր դասը ստանում է և խրատվում։

6. ՙՈ՞վ է ավելի խելացի՚
Սցենարի հեղինակ՝ Արմեն Վաթյան, ռեժիսոր՝ Բենիամին Գևորգյան
Նորիկն ու Վաչիկը հասակակից երեխաներ են, բայց արի ու տես՝ տարբեր են նրանց պատկերացումները խելացիության մասին։ Նորիկին զարմացրել են կենդանաբանական այգու կապիկները, և նրա կարծիքով՝ կապիկներն ամենախելացի կենդանի արարածներն են, իսկ Վաչիկը բացարձակապես չի ընդունում, որ կենդանին կարող է ավելի խելացի լինել։ Եվ երբ այգում ականատես է լինում, թե կապիկն ինչպես է հայտնում իր ուրախությունը՝ բանանը տեսնելիս, Վաչիկը գտնում է, որ չարժե այդքան ծամածռվել մի բանանի համար, և համարում է, որ ավելի խելացին ինքն է, որովհետև մի ավտո լվանալու համար իր հայրիկը իրեն 5 հազար դրամ է տալիս…

7. ՙՏարօրինակը՚
Սցենարի հեղինակ՝ Գառնիկ Խչոյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան
13-ամյա Դավիթն ու Մհերը Սևանի ափին նկատում են ճերմակ մազերով ու մորուքով մի տղամարդու, որին նմանեցնում են Ձմեռ պապուն։ Սակայն ամառվա կեսին նրա հայտնվելը կասկածելի է թվում, և տղաները փորձում են պարզել։ Երբ պարզվում է, որ տարօրինակ հագուստով տղամարդը ամռանը ՙՄեշոկ պապի՚ է աշխատում, տղաները լեղապատառ փախչում են։

8. ՙՏասից հետո՚
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Քրիստ Մանարյան
8-9 տարեկան Սիլվիկն ու Մարիամիկը, ինչպես երեխաներից շատերը, շուտ մեծանալու հակում ունեն, և նրանց հետաքրքրության առարկան տղաներն են, թե որ տղաներն են ավելի դուրեկան. մեկը խելացի է, բայց ռոմանտիկ չէ, մյուսը հիանալի ֆուտբոլ է խաղում, բայց ֆուտբոլից բացի՝ գլխում ուրիշ բան չկա, մի խոսքով, երկու էրնեկ մի տեղ չի լինում։ Իսկ Սիլվիկը չի էլ կարևորում տղաներին, և գտնում է, որ տղամարդը պետք է կնոջ դուրը գա, ոչ թե հակառակը, և կարևոր չէ նաև, որ իրենք ավելորդ քաշ ունեն… և ժամը տասի՞ց հետո չպիտի ուտեն, թե՞ տաս տարեկանից հետո։