2011թ.

img_2628157729_GJUK_afish_copy

“ԳԺՈՒԿ” երգիծական հանդեսի 2011 թվականի թողարկումները

Թողարկում 15
ՙՈչինչ անպատիժ չի մնում՚
(Սցենարի հեղինակ՝ Արմեն Վաթյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան, 2 ր. 8 վ)

Երկու հասակակից ընկերներից մեկը զարմացած ու հիացած է դելֆինների խելացիությամբ, իսկ մյուսը խելացիությունը պայմանավորում է օրվա ՙվաստակած՚ դրամով։ Ծաղրվում և պարսավվում են նրանք, որոնց աչքերն սկսել է դրամով շղարշվել։
ՙԼինում է, չի լինում՚
(Սցենարի հեղինակ՝ Արմեն Ճգնավորյան, ռեժիսոր՝ Արսեն Առաքելյան, 3 ր. 42 վ.)

Թոռան ու պապի նախասիրությունների բախումն է։ Մայրիկը պատվիրել է, որ պապը հեքիաթ կարդա։ Պապը մեծ դժվարությամբ կտրվելով իր գիտական ուսումնասիրություններից, համաձայնվում է և պատրաստվում կարդալ, սակայն թոռն շտապում է ընկերոջ հետ հանդիպման…

Թողարկում 16
ՙԿտակ՚
(Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Մխիթարյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան, 3 ր. 34 վ.)

Տասնամյա Ասքանազը, շատ երեխաների նման, սարսափում է ատամնաբույժից, և հիվանդանոց գնալուց առաջ որոշում է… կտակ թողնել. հեծանիվը՝ փոքր եղբորը, պայմանով, որ ցեխերի միջով չքշի, շախմատը՝ հայրիկին, որ բակ չիջեցնի, համակարգիչը՝ մայրիկին, բայց որ ընկերուհիները չգործածեն… Հումորով ու զավեշտով լի սյուժեն ծաղրում է բժիշկներից սարսափող երեխաներին։
ՙՌեժիսորը՚
(Սցենարի հեղինակ՝ Հայկ Ստեփանյան, ռեժիսոր՝ Վահան Ստեփանյան, 5 ր. 3 վ.)

Աշոտիկը ՙՕսկարի՚ մրցմանակաբաշխությունով ոգևորված՝ որոշում է ֆիլմ նկարել իր սիրելի հերոսի՝ Հարրի Փոթերի մասին։ Հետո համոզվում է, որ ռեժիսորի գործն ամենաբարդն է։
Կինոսյուժեն ուրույն ու ցանկալի խրատ է այն երեխաներին, որոնց համար դյուրին է թվում ցանկացած մասնագիտություն, մինչդեռ անհրաժեշտ են գիտելիքի և իմացության երկար ու ձիգ տարիներ։

Թողարկում 17
ՙՏղաների երգչախումբը՚
(Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ա. Վաթյան, 3 ր.25 վ.)

Տղաների երգչախումբը ոգևորված ու մեծ պատկառանքով կատարում է Շուբերտի ՙԱվե Մարիա՚ օրատորիան, սակայն  հանդիսատեսին անտեսանելի թիկունքում կատարվում է անպատկառելին…
Միջադեպը ծաղրում է նրանց, ովքեր միայն ցույց են տալիս, թե համեստ ու պատկառելի են, սակայն իրականում՝ հակառակն է։
ՙԹամանյանի դիմաց՚
(Սցենարի հեղինակ՝ Գևորգ Ստեփանյան, ռեժիսոր՝ Բագրատ Սիմոնյան, 3 ր. 2 վ.)

Բարձր դասարանցի աշակերտուհին որոշում է իր և ընկերհու վրա ծիծաղող տղաներին պատժել և բոլորին ժամադրում է նույն օրը, նույն ժամին և նույն վայրում՝ Թամանյանի արձանի դիմաց։ Բայց արի ու տես՝ բոլորը, նաև ինքը՝ ժամադրողը, Թամանյանի արձանի փոխարեն գնում են քաղաքի տարբեր արձանների մոտ… որից ՙԹամանյանի արձանը խիստ վիրավորվում է՚։

Թողարկում 18
ՙՇահում՚
(Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Մխիթարյան, ռեժիսոր՝ Արմեն Բարսեղյան, 2 ր. 40 վ.)

Փոքրիկ Շահենը տեսնելով, որ հարևանի տղան գնդակ է շահել, աղջիկը՝ պայուսակ, հարևանուհին՝ ավտոմեքենա, շատ է ուզում մի բան էլ ինքը շահել։ Շուկայի դիմաց ձմերուկ ծախողը, որ մինչ այդ գովում էր ձմերուկը, թե ՙՈվ կտրում է, շահում է՚, խնդրում է Շահենին՝ մի քանի րոպե կանգնել ձմերուկների մոտ։ Մինչև ձմերուկ ծախողը կգար, Շահենը կտրում է բոլոր ձմերուկները, սակայն ոչինչ չի շահում։
ՙՕտար լեզվի դասը՚
(Սցենարի հեղինակ՝ Մարիամ Մելիքսեթյան, ռեժիսոր՝ Արեն Վաթյան, 3 ր. 20 վ.)

Փոքրիկ Անին հպարտանում է, որ հայրը Ռուսաստանից շատ հետաքրքիր խաղալիքներ է բերել, և բոլորին հրավիրում է իրենց տուն՝ խաղալիքները նայելու։ Երբ Աշոտիկը հարցնում է, թե ինքն էլ կարո՞ղ է գալ, Անին պատասխանում է. ՙне знаю՚։ Աշոտիկն Անիենց տուն չի համարձակվում գնալ, քանի դեռ չգիտեր այդ բառերի իմաստը, և զայրանում է, որ տանը նույնպես ոչ ոք չգիտե։ Ում հարցնում է ՙне знаю՚ ինչ է նշանակում, պատասխանում են՝ ՙՉգիտեմ՚։