2010 թ.

img_2628151824_GJUK-2

“ԳԺՈՒԿ” մանկական երգիծական կինոհանդեսի թողարկումները

 

Թողարկում 11
ՙԳործերի ցուցակ՚

/Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արեն Վաթյան, 4 ր./
Տիգրանը փոքր քույրերին հավաստիացնելով, որ Ձմեռ պապը շուտով կգա և իրենց ցանկացած նվերները կբերի, աշխատացնում է նրանց՝ ըստ մայրիկի կազմած ՙգործերի ցուցակի՚։  Ի զարմանս Տիգրանի՝ Ձմեռ պապն իրոք գալիս է և քույրերին հանձնում նվերները, իսկ Տիգրանին նվիրում առավել շատ ՙԳործերի ցուցակը՚։ Կինոսյուժեն ուրույն ու ցանկալի խրատ է Տիգրաններին, որ լավ կամ վատ արարքն անհետևանք չի մնա և կստանա համապատասխան փոխհատուցում։
ՙՆվերը՚
/Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Լալա Մնացականյան, 5 ր 24 վ./

Ընկերուհու շնորհավորելու համար Անիկը շնորհավորում է Նարինեի ծննդյան օրը և Անուշիկի պատրաստած նվերը հանձնում ու ներկայացնում որպես իր նվեր։ Նույն կերպ է վարվում նաև բակի տղաներից մեկի ծննդյան օրը շնորհավորելով, սակայն այս անգամ Անուշիկն ավելի խելացի է վարվում և ՙպատժում՚ ամբարտավան Անիկին։ Կինոսյուժեն ծաղրում է ամբարտավանությունն ու սնապարծությունը, ընկերուհու բարեհաճությունը շահարկող աղջիկներին։
ՙՃաշդ կեր, որ մեծանաս՚
/Սցենարի հեղ.՝ Արտակ Վարդանյան, Արգիշտի Ազիզյան, բեմադրող ռեժ.՝ Արսեն Աբրահամյան, 4 ր. 25 վ./

Փոքրիկ Սամվելն ուզում է խաղալ, սակայն նրա մայրն ստիպում է ապուրն ուտել և հավատացնում, որ շուտ կմեծանա։ Սակայն  Սամվելի երևակայությամբ մեծանալն այնքան էլ հաճելի չէ, ի վերջո, նա խաղը գերադասում է մեծանալուց։         Կինոսյուժեն դաստիարակչական երկակի իմաստ ունի, այն ուրույն հորդոր է ծնողներին, որ երեխաներին ստիպելով կերակրել պետք չէ և պետք է կարևորել երեխաների նախասիրությունները, չէ որ նրանք ավելի լավ գիտեն խաղալու և ուտելու ժամանակը։

Թողարկում 12
Վարդավառ՚
/Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արեն Վաթյան, 5 ր. 2 վ./

Վահագը ցանկանում է տանը մենակ լինել, տարբեր պատրվակներով փորձում է իր փոքր եղբորը՝ ութամյա Վաչիկին խաբում է, թե վարդավառ է, նրան տալիս ջրով լի երկու դույլ, ուղարկում է բակ, որ Վաչիկը ջրի բոլոր անցորդներին: Այդ գաղափարը դուր է գալիս Վաչիկին և  առաջին  դույլով ջրում է Շուշանիկին, որը այցի էր գալիս Վահագին, իսկ երկրորդով՝ հենց Վահագին, որը փորձում էր մխիթարել ամբողջովին ջուր դարձած Շուշանին:
ՙՖոկուս՚
/Սցենարի հեղինակ՝ Գայանե Առաքելյան, բեմադրող ռեժիսոր՝ Արսեն Առաքելյան, 2 ր. 33 վ./

Վարդանիկն ավտոբուսում հանգիստ չի նստում։ Հայրը վերջապես գտնում է երեխային զբաղեցնելու հնարը՝ մեծ արագությամբ Վարդանիկի գլխից հանում է գլխարկը և թաքցնում: Լաց լինող Վարդանիկին հայրը հանգստացնում է նրան ասելով, որ սուլի՝  գլխարկը կվերադառնա: Վարդանիկը սուլում է, հայրը գլխարկը ծածուկ դնում է նրա գլխին: Վարդանիկին դա մեծ ուրախություն է պատճառում. հաջորդ պահին նա հոր գլխից վերցնում է գլխարկը և պատուհանից դուրս է նետում, ասելով, որ հայրը սուլի և գլխարկը կվերադառնա։ Կինոսյուժեն ուրույն ու ցանկալի խրատ է ծնողներին, որ  հորինված ՙֆոկուսները՚ անհետևանք չեն մնա և կստանան համապատասխան փոխհատուցում։
ՙՆախանձկոտը՚
/Սցենարի հեղ.՝ Էվելինա Շահիրյան, Արմեն Բարսեղյան, ռեժիսոր՝ Արմեն Բարսեղյան, 3 ր. 30 վ./

Քույրը, եղբորը ցույց տալով մայրիկի գնած երկու վերնաշապիկները, ասում է, որ դրանցից մեկը իրենն է: Եղբայրը ավելի շատ հավանում է քրոջ վերնաշապիկը և խնդրում է, որ նա դա իրեն տա: Սակայն քույրը մերժում է և մինչև միտքը կփոխեր ու կհամաձայներ փոխանակել, եղբայրը զայրացած պատառոտում է այդ վերնաշապիկը և ծաղրվում քրոջ կողմից: Եղբայրը երկրորդ վերնաշապիկն էլ է պատառոտում և դրանից հետո միայն իմանում, որ երկու վերնաշապիկններն էլ մայրը իր համար էր գնել:

Թողարկում 13
ՙՅուրիկի եղբայրը՚
/Սցենարի հեղ.՝ Մարգարիտա Առաքելյան, բեմ. ռեժ.՝ Արեն Վաթյան, 2 ր. 24 վ./

Կինոսյուժեում ծաղրվում է մեր բակերին ու թաղերին բնորոշ մի երևույթ. որտեղից որտեղ, օրերից մի օր բակերում հայտնվում է մի անուն, մի հեղինակություն, որին, որպես օրենք, ոչ ոք չի ճանաչում, սակայն անունն անընդհատ շրջանառվում է։ Յուրիկը դրանցից մեկն է, որի անվան տարածողը, պարզվում է, հենց ինքն է… յոթնամյա ՙգիտունիկ՚ Յուրիկը։
ՙE2…E4՚

/Սցենարի հեղ.՝ Արեն Վաթյան, բեմադրող ռեժ.՝ Վահագ Գալստյան, 3 ր. 57 վ./
Իննամյա Սուրենը դեռ նոր է մտել շախմատային աշխարհ։ Հայրը մեծ դժվարությամբ համաձայնվում է նրա հետ շախմատ խաղալ, սակայն շախմատային խաղի մեջ ՙհմտացած՚ տղան հորը վրդովվեցնում է իր կատարած առաջին իսկ քայլով, որն անում է անմիջապես, առանց մտածելու, և շուտով հասնում ապշացուցիչ արդյունքի։ Ի վերջո, հայրը գտնում է պատվախնդրության ելքը։     Կինոսյուժեի սցենարը հորդորում է ծնողներին, որ կարևորեն երեխաների նախասիրություններն ու ունակությունները։

Թողարկում 14
ՙՁնագնդիկ՚
/Սցենարի հեղինակ՝ Արեն Վաթյան, բեմադրող ռեժիսոր՝ Միքայել Թորգոմյան, 2 ր. 45 վ./

Դահուկներով սահող Կարենչիկը ճոպանուղով սար բարձրանալիս՝ խցիկից տեսնում է լանջով ներքև գլորվող և աստիճանաբար մեծացող ձնագնդին, և ուր որ է՝ այն պիտի հասնի Անուշիկին։ Կարենչիկը որոշում է փրկել Անուշիկին, և անրևակայելի արագությամբ հասնում է Անուշիկին և հերոսաբար կանգնում է դեպի իրեն գլորվող ձնագնդի առջև… իսկ ձնագունդն անցնում է նրա վրայով… և Անուշիկը նրան շալակած՝ իջնում է սարից։ Կինոսյուժեն ծաղրում է պարծենկոտությունն ու սեփական ուժերի գերագնահատումը։
ՙԵրազանքով տարվածը՚
/Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Ռուբեն Փաշինյան, 3 ր./

Փոքրիկ Արտակը սիրելի Անուշի լուսանկարը ձեռքին՝ ընկնում է երազանքների գիրկը… դառնում լողի մրցման մասնակից, չեմպիոն, իսկ մեդալներն ու դափնեպսակները հանձնում է հենց ինքը՝ Անուշը… Սակայն, ինչպես միշտ է լինում, երազանքները կարճ են տևում և հաջորդող իրական կյանքն այնքան էլ հաճելի չէ, մանավանդ, երբ սիրելիին հորդորում ես, որ վառարանի մեջ նայի և տեսնի իրեն, իսկ վառարանի մեջ տապակված հավն է…  Կինոսյուժեի իմաստը՝ սխալ արարքի համար պիտի պատրաստ լինես պատժվելու:
ՙՁմեռ պապը՚
/Սցենարի հեղինակ՝ Գառնիկ Խչոյան, բեմադրող ռեժիսոր՝ Արեն Վաթյան, 3 ր. 30 վ./

5-6 տարեկան տղան ու աղջիկը ձնե մարդ են պատրաստում՝ ածուխի կտորները տեղադրում են որպես աչքեր, գազարը՝ քիթ, գլխարկը՝ դույլ, և կոճակներին հարմար իր չգտնելով՝ տեղադրում են աղջկա մոտ եղած կոնֆետները։ Սակայն մի ուրիշ մեծ տղա հատ-հատ ուտում է կոճակ-կոնֆետները՝ միաժամանակ հայտարարելով, թե Ձմեռ պապ չկա։ Երեխաների հավատը, միևնույն է չի կորչում, սակայն ի վերջո պատժվում է անհավատը, որին Ձմեռ պապն այցելելով՝ ոչ միայն ոչինչ չի նվիրում, այլև պահանջում է իր կոճակները (կոնֆետները)։  Կինոսյուժեն ուրույն ու ցանկալի խրատ է նրանց, ովքեր չեն ուզում հավատալ Ձմեռ պապի գոյությանը, և ստանում են համապատասխան փոխհատուցում։