Ֆիլմերի վերկանգնման աշխատանքներն այլևս սկսված են

«Ոսկե ծիրանի»  GAIFF Pro 2018 ծրագրի շրջնականերում Հայաստան ժամանած բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդը Հայ բարեգործական ընդհանուր միությունում  ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմի սկանավորած տարբերակը և խոսեց  վերականգնման աշխատանքների նրբությունների մասին։ Դեռևս, 2018-ի հունիսի վերջին, կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը՝ Մշակույթի նախարարության համաձայնությամբ, ֆիլմի նեգատիվը տեղափոխել է Լեհաստան, որտեղ և FIXAFILM ստուդիայում սկսվել են «Հակոբ Հովնաթանյանի» սկանավորման աշխատանքները։

Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, այս համգործակցությունը FIXAFILM ստուդիայի և Դենիելի հետ բացառիկ հնարավորություն է հայկական ֆիլմերի վերկանգնաման, թվայանցման ու տարածման գործընթացի մեկնարկի համար։ Վերջապես աշխատանքները բանակցային փուլից անցան գործնականի․«Վարշավայի օդնավականյանից ժապավենները անմիջապես տեղփոխեցինք FIXAFILM ։ Սա մեր առաջին փորձն է։ Վստահ եմ՝ հաջող ընթացք ու արդյունք է ունենալու։ Իսկ շարունակությունն էլ ավելի հետաքրքիր է լինելու։ Նպատակ ունենք վերականգնել հայ դասական ֆիլմերը, այդ թվում Համո Բեկնազարյանի 10 ֆիլմը։ Այնպես որ, նախագիծը կշարունակվի մինչև 2024 թվականը»։

Դենիել Բըրդը էկրանին ցուցադրեց «Հակոբ Հովնաթանյանից» հատվածներ՝ չվերականգնված ու վերականգնված տարբերակներով։ Ֆիլմի նեգատիվը սկանավորվել է, գույները պահպանվել են. պետք է աշխատանք տարվի պատկերի կայունության համար։ Կադրերում բծեր կան, որոնք հնարավոր է նաև ավտոմատ ռեժիմով վերացնել, բայց մասնագետներն առավել արդյունավետ են համարում ձեռքով արվելիք աշխատանքը։ Փարաջանովը որոշ պատկերներ նկարել է ֆոկուսից դուրս. դա կինոռեժիսորի գեղագիտական լուծումն է։ Պատկերները  հենց այդպես էլ կպահպանվեն։ Ցուցադրությանը հրավիրված էին Տիգրան Մանսուրյանը, Յուրա Հարությունյանը, ինչպես նաև արվեստագետներ, կինոգետներ, լուսանկարիչներ, որոնք իրենց մասնագիտական կարծիքներով կիսվեցին ներկաների հետ։

Դենիել Բըրդը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ այլ ծրագրեր էլ ունի։ Վերականգնված ֆիլմերը պետք է ոչ միայն պահպանվեն, այլև տարածվեն, հանրահռչակվեն, մասնակցեն փառատոների, բարձրանան մեծ էկրաններ։ Հայկական կինոն ի զորու է զարմացնել աշխարհին։ Փարաջանովից բացի, մեր կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը ևս կարող է միջազգային հանրության համար հայտնություն դառնալ։