Հաշվի առնելով ֆեյսբուք սոցիալական հարթակում շրջանառվող տարաբնույթ անհարկի և չհիմնավորված լուրերն ու մեկնաբանությունները՝ «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի «20՛» խաղարկային ֆիլմի նախագծի շուրջ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը պաշտոնապես տեղեկացնում է․

Հայաստանի ազգային կինոկենտրոնի 2020 թ․ հայտարարած ֆիլմերի պետական ֆինանսավորման 2-րդ մրցույթի Արտադրական փուլ (լիամետրաժ ֆիլմերի) դիմած «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի «20՛» խաղարկային ֆիլմի նախագիծը (ռեժիսոր Артак Игитян (Igityan Artak)) մերժվել է և չի անցել մրցույթի վերջնական գնահատման փուլ՝ երեք անկախ փորձագետների (կինոգետ՝ Անետա Երզնկյան, հրապարակախոս, սցենարիստ, գրող՝ Վահրամ Մարտիրոսյան, բազմաթիվ ֆիլմերի պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան) վերջնական եզրակացության հիման վրա։ Ի դեպ, երեք փորձագետների կարծիքներն ու եզրակացությունները իրենց ստորագրություններով փոխանցվել է հայտատուին։ Նշենք, որ հայտատուն (այս դեպքում)՝ ֆիլմի նախագծի պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարի հեղինակ Արտակ Իգիթյանը իր ֆեյսբուքյան էջում, մտածված հանրայնացրել է միայն մեկ փորձագետի՝ Կարեն Ղազարյանի տված եզրակացությունը՝ նախագծի սցենարի վերաբերյալ։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հրապարակում է մյուս երկու փորձագետների՝ Վահրամ Մարտիրոսյանի և Անետա Երզնկյանի եզրակացությունները, որոնք միտումնավոր չեն հանրայնացվել հայտատուների կողմից։

Հավելենք, նաև որ ըստ Կանոնակարգի 56-րդ կետի․ Նախագծերի նախնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ գնահատում է նյութերը և կինոկենտրոն է ներկայացնում յուրաքանչյուր նախագծի համար իր լրացրած գնահատման թերթիկ-հիմնավորումը (Հավելված 6): Գնահատումների արդյունքում ստեղծվում է նախնական ընտրված նախագծերի ցանկ: Առնվազն մեկ փորձագետի կողմից ընտրված նախագիծը ներառվում է այդ ցանկի մեջ, ըստ որի` նախագիծը միայն իրավունք է ստանում անցնելու մրցույթի հաջորդ փուլ:

Հետևաբար, եթե «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի «20՛» խաղարկային ֆիլմի նախագծի սցենարն արժանանար 3 փորձագետից գոնե մեկի առավելագույն 5 դրական (միավոր) գնահատականին, ապա նախագիծը կանցներ վերջնական գնահատման փուլ՝ շարունակելով մասնակցությունը մրցույթի հաջորդ փուլերին։ Այս դեպքում, ցավոք, երեք փորձագետներն էլ առանձին-առանձին գնահատել են 5-ից ցածր և մերժվել է ոչ թե հերոս Շավարշ Կարապետյանին նվիրված թեման, այլ ներկայացված սցենարը։

Ըստ կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինասավորման Կանոնակարգի 76-րդ կետի, մերժված նախագծերը կարող են կրկին դիմել ևս 2 (երկու) անգամ՝ փորձագետների հիմնավորումներում արված դիտողությունները շտկելուց հետո:

Ինչ վերաբերում է եզրակացության տեքստում տեղ գտած վրիպակներին, նշենք, որ փորձագետը, ով արել է այդ «հանցանքը» բազմաթիվ հայտնի ֆիլմերի պրոդյուսեր Կարեն Ղազարյանն է: Դժվար թե որևէ մեկը կասկածի, որ Կարեն Ղազարյանը չի ճանաչում Շավարշ Կարապետյանին։ Ի վերջո, այդ վրիպումը չի փոխում հիմնավորում-եզրակացության բովանդակությունը։

Չենք տեսնում նաև որևէ աղերս 2020-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի հայտարարած մրցույթի և 2012 թ․սույն ֆիլմի նախագծի ռեժիսորի և Ազգային կինոկենտրոնի նախկին ղեկավարության միջև տեղի ունեցած գրագրության կամ պայմանավորվածության միջև։

Նշենք, որ 2012 թ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից տրամադրված փաստաթուղթը, որը հրապարակայնացվել է իրենց (հայտատուների) իսկ կողմից, լավագույնս բնութագրում է այդ տարիների կինոկենտրոնի աշխատաոճը։ Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն՝ Գևորգ Գևորգյանը դեռևս 2012 թվականին առաջարկում է 200.000 ԱՄՆ դոլար ներդնել ֆիլմի նկարահանման համար՝ առանց մրցույթի, առանց գեղարվեստական խորհրդի համաձայնության, առանց սցենարի քննարկման։

Ահա սա է եղել ֆիլմերի պետական ֆինանսավորման արատավոր սխեման։ Տասնյակ տարիներ այսպիսին է եղել Հայաստանի ազգային կինոկենտրոնի «արդյունավետ և լավագույն» կառավարումը։

Այսօր այդ արատավոր սխեման այլևս չի գործում։

Այսօր, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը՝ իր նախաձեռնությամբ ստեղծված նոր Կանոնակարգի համաձայն, չի մասնակցում մրցույթի փորձագիտական և ստեղծագործական փուլերին։ Կինոկենտրոնի տնօրենը ներկա է լինում մրցույթի վերջին փուլում, երբ հստակեցվում են բացառապես ֆինանսական փաստաթղթերը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման նոր կանոնակարգով հավասար պայմաններ են ստեղծել բոլոր կինոարտադրողների համար՝ բացառելով նախկինում տեղ գտած կոռուպցիան։

Հավելված 6, 20′, Արտադրական փուլ, լիամետրաժ խաղարկային, Աննա Երզինկյան

 

Հավելված 6, 20′, Արտադրական փուլ, լիամետրաժ խաղարկային, Վահրամ Մարտիրոսյան