Հայտարարություն

Հարգելի գործընկերներ,

Ձեզ ենք ուղարկում կինոկենտրոնի կայքում դրված «Ֆիլմերի նախագծերի մրցույթի անցկացման և ֆինանսավորման» 2019-2020թթ. կանոնակարգի նախագծի (23.11.2018թ.) վերաբերյալ ստացված բոլոր արձագանքները, որոնք խմբավորել ենք ըստ կանոնակարգի նախագծի կետերի: Առանձին ֆայլով ներկայացնում ենք նաև մասնագիտական հանձնախմբերի ստեղծման և գործունեության ընթացակարգի մասին Անկախ կինոգործիչների համայնքի ներկայացրած ամբողջական տարբերակը:

Խնդրում ենք ծանոթացեք միմյանց տեսակետներին և մեր հաջորդ հանդիպման  ընթացքում ելույթի ցանկություն ունենալու դեպքում կարող եք գրանցվել՝ այդ մասին տեղեկացնելով  kinokentron@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:

Ելույթում կարծիքներ ու առաջարկություններ արտահայտելու համար յուրաքանչյուր անձին կտրամադրվի առավելագույնը 10 րոպե ժամանակ:

Հանդիպման օրը, վայրը և ժամը լրացուցիչ կտեղեկացնենք:

Կանխավ շնորհակալություն։

Հարգանքով՝

Հայաստանի ազգային կինոկենտրոն

 

Ստորև ներկայացնում ենք՝

 

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

«ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ (23.11.2018թ.) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԿԵՏ 2

Սույն կանոնակարգով անցկացված մրցույթում հաղթած նախագծերին ֆինանսավորում հատկացվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով հաստատված միջոցների շրջանակներում:

 Արևիկ Ավանեսյան

Այս սահմանը չի սահմանափակում այն, որ նույն ֆիլմը մյուս տարի պետական բյուջեից նորից գումար չստանա: Պետք է սահմանումն այնպես տալ, որ տվյալ տարում տվյալ ֆիլմը ստանում է ֆինանսավորում միայն տվյալ տարվա համար հատկացված բյուջեից:

Կետ 3.

Մրցույթ անցկացվում է յուրաքանչյուր տարի երկու անգամ` սույն կանոնակարգով սահմանված ժամանակացույցի համաձայն (Հավելված 9), հետևյալ անվանակարգերում.

ա) լիամետրաժ խաղարկային, վավերագրական, անիմացիոն

բ) կարճամետրաժ խաղարկային, վավերագրական, անիմացիոն

 Մերի Աղախանյան

Ինչո՞ւ է հայտերը ներկայացնելու այդքան կարճ ժամանակահատված տրված՝ մինիմում 30 օր և ինչու նշված չէ հայտերի ընդունման ավելի վաղ ժամկետ։

 Գագիկ Ղազարէ

Պետք է հստակ նշվի մրցույթ հայտարարելու ժամանակահատվածը. Օրինակ՝ առաջինը տեղի կունենա ապրիլին, երկրորդը դեկտեմբերին….

Լ. Մինասյան

Ցանկալի կլինի, որ նախորդ տարվա վերջին կազմվեն հաջորդ տարվա ժամկետային կոնկրետ գրաֆիկը` օրինակ այսպես.

Առաջին նստաշրջան

հայտերի ընդունում. 15 հունվար – 15 փետրվար

առաջին փուլի պատասխան. 15 ապրիլ

երկրորդ (վերջնական) փուլի պատասխան. 15 մայիս

Երկրորդ նստաշրջան

հայտերի ընդունում. 15 հունիս – 15 հուլիս

առաջին փուլի պատասխան. 15 նոյեմբեր

երկրորդ (վերջնական) փուլի պատասխան. 15 դեկտեմբեր

Այսպիսով դիմորդները պարզ կիմանան ժամկետները և կկարողանան կազմակերպել իրենց աշխատանքը նաև օտարերկրյա համարտադրողների հետ:

Կարծում եմ ճիշտ կլինի նաև ճշտել քվոտան` հայտերի մաքսիմալ քանակը` ելնելով հանձնաժողովի և կինոկենտրոնի ֆիզիկական հնարավորություններից, որի լրանալուց հետո կդադարեցվի հայտերի ընդունումը վեջնաժամկետից առաջ: Պարզ է, որ օրինակ Սցենարի զարգացման հայտերի քվոտան կարող է ավելի մեծ լինել Արտադրությանը:

 Արևիկ Ավանեսյան

– կարծում եմ ամեն մրցույթը պետք է լինի մեկ անգամ ու ցանկալի է հետագայում, եթե ոչ հիմա առաձնացնել ամեն մրցույթի անցկացումը և համապատասխան հանձնախումբ ստեղծել, քանի որ ամեն մրցույթ ունի իր առանձնահատկությունները՝ վավերագրություն, անիմացիա, խաղարկային: Քանի որ տարվա բյուջեն լիամետրաժ ֆիլմերի համար մոտ 153 մլն է, իսկ մեկ ֆիլմին տրամադրվող առավելագույն գումարը 50մլն., ապա ենթադրվում է որ լավագույն տարբերակը կլինի քիչ ֆիլմեր ընտրվեն, քանի որ նույնիսկ 50մլն. շատ քիչ գումար է: Եթե պետք է տարվա ընթացքում 4 կամ 5 ֆիլմ ընտրվի, ինչու դա ընտրել մեկ անգամ, այլ բաժանել 2 անգամի, յուրաքանչյու անգամ 2 կամ 3 ֆիլմ ընտրելով:

– մյուս փաստարկը տարին երկու անգամ մրցույթ անցկացնելու այն է, որ բյուջեն մեծ չէ և ավելի ճիշտ կլինի ամեն տարի ամռանը հաստատել ֆիլմերը ու նորից չանցկացնել մրցույթ, հանձնաժողով հավաքել և այդ բոլոր ծախսերը անել:

Ման փիքչըրս

– Կրճատել մրցույթի գործառույթների ժամկետները, այն հասցնել ընդհանուրը մինչև 60 օր տևողության:

ԿԵՏ 4

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում

գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) իրավաբանական անձինք (այսուհետ՝ Ֆիլմարտադրող):

Արևիկ Ավանեսյան

կարծում եմ սահմանումը բավական կոռեկտ չէ: Մրցույթին պետք է դիմեն միայն ֆիլմ արտադրող ընկերությունները և ֆիլմի իրավատերը պետք է լինի միայն պրոդյուսերը, նույնիսկ եթե դիմողը ռեժիսոր է մասնագիտությամբ, ուրեմն թղթաբանության մեջ պետք է հստակ լինի, որ ինքը հանդիսանում է նաև պրոդյուսերը: Առանց պրոդյուսեր նախագիծ չի կարող ընդունվել ու քննվել մրցույթում, բացառությամբ նախագծի զարգացման դեպքում գուցե, չնայած այդ դեպքում էլ դիմողը հանդիսանում է նախագծի պրոյդուսեր ինքնաբերաբար:

Մերի Աղախանյան

Ձեզ մոտ ստորակետով բաժանվում է և ոչ թե բութով և անհասկանալի է դառնում օրենքը, թե արդյոք կարող է մրցույթին մասնակցել յուրաքանչյուր 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացին, թե այդ քաղաքացին նաև՛ պետք է օրենքով սահմանված  իրավաբանական անձ լինի։ Եվ ինչ է նշանակում լինել՝ օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) իրավաբանական անձինք (այսուհետ՝ Ֆիլմարտադրող): Դա հատուկ տեղում են գրանցում, որպես օրինակ անկախ ֆիլմարտադրող, թե՞ դա վերաբերվում է միայն իրավաբանական կոմպանիային։

 ԿԵՏ  5

Մրցույթի մասին հայտարարությունը, մրցույթի մասնակցության հայտ (այսուհետ` հայտ) ներկայացնելու ձևաթղթերը, ինչպես նաև սույն կանոնակարգի տեքստը տեղադրվում են կինոկենտրոնի պաշտոնական կայքում։

 Արմինե Անդա

Մեկնաբանություն. Այս կանոնակարգում ոչ մի տեղ նշված չէ, թե պետական ֆինանսավորումը ինչպես է ազդում հեղինակային և սեփականության իրավունքի վրա: Առաջարկ. Պետական ֆինանսավորման դեպքում, հեղինակային և սեփականության իրավունքը շարունակում է պատկանել կինոարտադրող ընկերությանը:

 ԿԵՏ 7.

Մրցույթի մասին պաշտոնական հայտարարությունը պետք է պարունակի Մրցույթի մասնակցող նախագծերի՝

ա/ անվանակարգերը,

բ/ ներկայացվելու պայմանները (առցանց և այլն), ժամկետները,

գ/ հիմնական պահանջները,

դ/ այլ տեղեկատվություն՝ կինոկենտրոնի հայեցողությամբ:

 

Գագիկ Ղազարէ

Համոզված եմ, որ կանոնակարգը չպետք է լինի հայեցողական, էս տարի մի բան է պետք, գալիք տարի մեկ այլ, պետք է հրաժարվել կինոկենտրոնին հայեցողական լիազորություններ տալուց: Իհարկե, որևէ փաստաթուղթ չի կարող ենթադրել ապագա զարգացումները, դրա համար կարելի է կուտակել փորձ, ապա ամեն տարի կամ 5 տարի հետո կուտակված փորձի հիմնան վրա վերանայել, զարգացնել գործող կանոնակարգը:

 

Մերի Աղախանյան

Ե՞րբ եք հնարավորություն ստեղծելու առցանց դիմումների համար։

 ԿԵՏ 8

Մրցույթի ներկայացված նախագծի հիմնական կազմի (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, երաժշտության հեղինակ, գլխավոր դերակատար) անդամների մեծամասնությունը պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եթե հայաստանյան կողմը հիմնական ֆիլմարտադրողն է:

 Արևիկ Ավանեսյան

Հիմնական կազմը շատ ոչ հստակ է գրված, եթե նշվածներից միայն բեմադրող օպերատորը լինի այլ երկրի քաղաքացի նշանակում է ֆիլմի համար այլևս Հայաստանը հիմնական արտադրողը չէ? կամ ասենք երաժշտության հեղինակը???

Կարծում եմ, պետք է ավելի հստակ չափանիշեր դրվեն, ասենք միավորների համակարգ, օրինակ բացի ռեժիսորից ու պրոդյուսերից, մնացած 5-ից 3ը անպայման պետք է լինեն Հայաստանի քաղաքացի կամ նման մի բան: Դա կարելի է քննարկել:

ԿԵՏ 9.

Մրցույթի ներկայացված նախագծի հիմնական կազմի (պրոդյուսեր, սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, երաժշտության հեղինակ, գլխավոր դերակատար) անդամներից առնվազն երկուսը պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե համատեղ ֆիլմարտադրության մեջ հայաստանյան կողմը հիմնական ֆիլմարտադրողը չէ:

 Լ. Մինասյան

Եթե մենք նշում ենք հիմնական կազմ, ապա պետք է նաև լինի` մոնտաժող, գունաշտկող, ձայնային ինժեներ: Այս կետը պետք է համաձայնեցնել Եվրոպական երկրների համատեղ արտադրության Կոնվենցիայի համապատասխան կետի հետ, որ հնարավորույթուն տա ունենալ համատեղ փոքրամասնական արտադրանք: Կարևոր է պահել ‘Ստեղծագործական’ ներգրավվածության բալային համակարգի համապատասխանությունը:

 Արևիկ Ավանեսյան

Փոքրամասնական համատեղ արտադրության ժամանակ էլ հստակություն չկա չափորոշիչների մեջ, դիմող կողմի համար և այլ հարցերում: Օրինակ, եթե հայկական կողմից պրոդյուսեր չկա, նախագիծը կարող է դիմել մրցույթին, թե՝ ոչ? Կինոկենտրոնը կարող է հանդես գալ, որպես համատեղ արտադրող հայական կողմից,

թե՝ ոչ? ֆինանսները միայն Հայաստանում ծախսելու սահմանափակում չկա, որը միակ հնարավորությունն է տեղում ոլորտը զարգացնելու ու այդ փոքր գումարների ուրիշ երկիր գնալու դեմը կանխելու:

 Արմինե Անդա

Մեկնաբանություն. Կետ 8-ին պետք է հաջորդի կետ, որտեղ նշվի, թե պետական ֆինանսավորման որ մասը կարող է ծախսվել Հայաստանից դուրս: Կետ 9-ին պետք է հաջորդի կետ, որտեղ նշվի որ գումարն ամբողջությամբ (+20%) ծախսվում է Հայաստանում, քանի որ այս դեպքում Հայաստանը հանդես է գալիս ոչ որպես հիմնական արտադրող:

Առաջարկ. Կետ 8բ. Պետական ֆինանսավորման առնվազն 70 %-ը պետք է ծախսվի Հայաստանում: Կետ 9բ. Պետական ֆինասավորման 120%-ը պետք է ծախսվի Հայաստանում:

ԿԵՏ 10

Մրցույթի հայտեր ներկայացվում են ֆիլմարտադրության հետևյալ 4 (չորս) փուլերի համար.

 Լևոն Մինասյան

Կինոկենտրոնի ադմինստրատիվ աշխատանքը հեշտացնելու համար ցանկալի է ամեն փուլի հայտերի ընդունման ժամկետները տարանջատել: Օրինակ.

Սցենարի զարգացում – հունվար և հունիս

Արտադրություն – փետրվար և հուլիս

Հետարտադրություն – մարտ և սեպտեմբեր (օգոստոսը արձակուրդի ամիս է)

Դիստրիբյուցիա – ապրիլ և հոկտեմբեր

Արմինե Անդա

Մեկնաբանություն. Առաջին փուլի անվանումն է Զարգացման փուլ: Եթե չեն առաձնացվում սցենարի զարգացման և նախագծի զարգացման փուլերը, ուրեմն նրա լրիվ անվանումն է սցենարի և նախագծի զարգացման փուլ, քանի որ տրամադրված գումարը ծախսվում է նաև նախագծի զարգացման նպատակով արվող գործունեության վրա: Սակայն ավելի նպատակային կլիներ առանձնացնել սցենարի զարգացման և նախագծի զարգացման փուլերը՝ ռիսկերը քչացնելու նպատակով:

Առաջարկ. Կետ 10-ում Սցենարի զարգացման փուլն անվանել Զարգացման փուլ: Եվ ինչպես հետո բյուջեի տրոհման մեջ մանրամասնվում է Արտադրական փուլը, նույն սկզբունքներով՝ մանրամասնել զարգացման փուլը:

ԿԵՏ 11

Բոլոր նյութերը պետք է ներկայացվեն նախագծի տևողության, անվանակարգի և արտադրության փուլի նշումով, հայերեն կամ հայերեն թարգմանության ուղեկցությամբ (deal memo):

Գագիկ Ղազարէ

Անհասկանալի է որովհետև, Հայաստանի պաշտոնական լեզուն հայերենն է, եթե հարկ կա դա շեշտելու այս կետում կարծում եմ միայն դա պետք է նշվի: Իսկ մնացյալի համար կա Հավելված 1-ը, որը չի ներկայացվում, պետք է ներկայացվի, անվանումից ենթադրվում է, որ այստեղ պետք է լինեն սունյակներ, նախատեսված հայտատույի նախագծի տևողության, անվանակարգի և արտադրության փուլի նշումների համար:

 Իննա Սահակյան

Անհասկանալի է ի՞նչ կապ ունի Deal Memo-ն այստեղ:

 Արմինե Անդա

Մեկնաբանություն. Deal Memo-ն վերաբերվում է արտասահմանյան պայմանագրերի թարգմանությանը փոխարինող փաստաթղթին: Ձևակերպումից դա չի երևում: Առաջարկում եմ հետևյալ ձևակերպումը. Առաջարկ. Բոլոր նյութերը պետք է ներկայացվեն նախագծի տևողության, անվանակարգի և արտադրության փուլի նշումով, հայերեն: ՄԻջազգային պայմանագրերը՝ առկայության դեպքում, կարող են ուղեկցվել հայերեն թարգմանված deal memo-ով:

 ԿԵՏ 12.

Արտադրական փուլի նկարահանումները սկսած նախագծերը արտադրական փուլի մրցույթի մասնակցել չեն կարող (բացառությամբ վավերագրական նախագծերի):

Մանփիքչըրս

Նկատառում. Նման սահմանափակումը խախտում է մարդկանց հավասար իրավունքները և խթան չի հանդիսանա հայկական կինոարտադրության զարգացմանը: Անհասկանալի է՝ եթե հայտատուն կարող է իր տեսլականը,թղթի վրա ներկայացնել, ապա ինչու նա չի կարող նաև այն ներկայացնել արդեն նկարահանված նյութերի հետ միասին? Իսկ, թե ինչու են նրանք մտել արտադրություն և զուգահեռ գումարներ փնտրում, ապա դա ֆիլմ արտադրողի և ստեղծագործական խմբի մասնավոր խնդիրն է,գուցե պատճառները արտադրական են,կամ իրենց ռազմավարությունն է դա՝ փորձել որոշ աշխատանքների առկայությամբ նաև գտնել աջակիցների, որի հավանականությունը այդ դեպքում կարող է էլ ավելի մեծ լինել, քանի որ նրանք ներկայացնում են նաև իրենց պրոֆեսիոնալ ունակությունները:

Նման հայտերի դեպքում, չի կարող այն ՛՛փաստի առաջ կանգնացնել՛՛ և խնդիր առաջացնել Կինոկենտրոնի և փորձագետների համար,առավել ևս չի կարող կաշկանդել նրանց,քանի որ բոլոր հայտերը նրանք պետք է դիտարկեն ընդանուր հիմունքներով: Առաջարկություն. Հանել Նախագծի 12 կետը ամբողջովին:

ԿԵՏ 13.

Տարածման փուլի մրցույթի հայտ կարող է ներկայացվել նախորդ որևէ փուլից պետական ֆինանսավորում ստացած նախագծի համար:

 Արևիկ Ավանեսյան

Ինչո՞վ է պայմանավորված նախորդ մրցույթներում անցած լինելու հարցը այս փուլի համար: Եթե ֆիլմը չեն ֆինասավորել զարգացման փուլում, կամ արտադրության, ինչո՞ւ չի կարելի, որ ֆինանսավորել միայն դիստրիբյուցիայի համար:

 Մանփիքչըրս

Առարկություն. Այստեղ նույնպես խախտվում է հավասար իրավունքների սկզբունքը,քանզի այն սահմանափակում է արտադրված և շուկայում մրցունակ լինելու հավակնող այլ ֆիլմերի տարածման հնարավորությունը Հայաստանի տարածքում:

Նման սահմանափակումը չի խթանի կինոոլորտի աշխուժությանը,ընդհակառակը՝ հարկավոր է աջակցել նաև ՀՀ-ում այլ ֆիլմերի տարածմանը,որոնք ապագայում կարող են հարկերի տեսքով մասհանումներ արվեն և ուղղվեն կինոոլորտին հատկացվող բյուջե:

Առաջարկություն. Հանել Նախագծի 13 կետը ամբողջովին:

ԿԵՏ 17.

Գեղարվեստական արժեքի գնահատման համար փաթեթները պետք է ներկայացվեն տվյալ նախագծի արտադրության փուլի (նշված սույն կանոնակարգի 10-րդ կետում) պահանջած փաստաթղթերի թվարկված խմբավորմամբ և հաջորդականությամբ կազմված 2 (երկու) առանձին PDF ֆայլերով (Հավելված 1):

 Արևիկ Ավանեսյան

Ինչո՞ւ օնլայն չի: եթե օնլայն է, ինչո՞ւ շեշտված չէ: Եթե մենք ձգտում ենք գնալ միջազգային համատեղ արտադրությունների, ապա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ժամանակակից մեխանիզմների օգտագործմանը, օնլայն ու թափանցիկ ընթացակարգերին:

ԿԵՏ 21

Դիտարկման ենթակա հայտերի ցանկը հրապարակվում է կինոկենտրոնի պաշտոնական կայքում՝ մրցույթի մասին հայտարարության մեջ նշված վերջնաժամկետը լրանալուց հետո, 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

 Լևոն Մինասյան

Արդյո՞ք պետք է հրատարակել դիտարկման ենթակա հայտերի ցանկը: Հաճախ նախագծերը գաղտնի են պահվում մի շարք պատճառներով: Իսկ ֆինասավորված հայտերի ցանկը պետք է անպայման հրատարակել:

 ԿԵՏ 23.

Մրցույթի մասնակցող նախագծերի գնահատման փորձագիտական հանձնախմբերի ստեղծման նպատակով կինոկենտրոնը հրապարակում է հանձնախմբերի թեկնածուներին ինքնաառաջադրման սկզբունքով աշխատանքի հրավիրելու մասին հայտարարություն:

 Ման Փիքչւրս

Ընդհակառակը՝ նման մարդկանց հարկավոր է գտնել, խնդրել, առաջարկել, որպեսզի նրանք համաձայնվեն մասնակցել այդ գործառույթներին:

Անհասկանալի է նաև նրանց հետ հարցազրույց անցկացնել ձևակերպումը ՝ ով է այն անցկացնողը, ում հետ և ինչի մասին?  Արդյոք ստուգելու նրանց մասնագիտական կարողությունը,թե ազնվությունը?

Առաջարկ. Նախագծի 23, 26.կետերում կատարել փոփոխություններ և ամրագրել,որ փորձագիտական հանձնախմբի անդամների ձևավորման լիազորությունը և պատասխանատվությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնինն է: Սրանով կունենանք պատասխանատու մեկ հասցեատեր: Իսկ փորձագետների թեկնածուների հետ հարցազրույցի փոխարեն՝ նրանց պետք է ներկայացվի իրենց գործառույթների կարգը,իրավասությունները և Կինոկենտրոնի կողմից սահմանված պայմանները :

 Լևոն Մինասյան

–  Ճիշտ կլինի, որ Կինոկենտրոնը իրեն իրավունք վերապահեր ինքը դիմել ու հրավիրել փորձագետներին: Փորձառու մասնագետները չեմ կարծում, որ իրենք առաջարկեն իրենց թեկնածությունը: Իսկ փորձառու մասնագետների ներկայությունը պարտադիր է:

  • Փորձագետների մեջ ներգրավել արտասահմանում ապրող գոնե մեկ կամ երկու մասնագետ` հայերենի կատարյալ տիրապետելու պայմանով:

 Մերի Աղախանյան

Ժյուրիի ինքնաառաջադրումը լավ որոշում է, բայց ցանկալի է ցուցակագրել մարդկանց, ովքեր միջազգային աշխատանքային փորձ և նվաճումներ ունեն և առաջարկել նրանց, որ ինքնաառաջադրվեն, քանզի շատերը անգամ կարող են չիմանալ այդ առաջադրվելու մասին տեղեկությունը։

Արտեմ Մելքումյան

Նկատառում. «… нет независимых и, по-настоящему, состоявшихся режиссеров, продюсеров в классическом понимании этой профессии,  к тому-же они все привыкли зарабатывать не продавая фильмы, а зарабатывать на производстве фильма, что означает, что они сами и есть заинтересованные субьекты на финансирование своих фильмов. Ո стране нет ни киноведов, ни кинокритиков, за последние 30 лет, Вы не найдете ни одной критической статьи о современных фильмах…

Առաջարկություն. 1. В «Экспертный Совет» должны привлекаться: писатели, филологи, историки культуры, философы, искусствоведы, преподователь ВУЗа, общественный деятель. Интересы Министерства культуры в «Экспертном Совете» может обеспечить один представитель министерства, назначенный Министром культуры. Такой состав «Экспертного совета», на мой взгляд, обеспечит качественный и широкий взгляд на творческий кинематографический процесс, создаст предпосылки для формирования национальной кинематографической идеологии, обеспечит демократические и нравственные принципы в самом кинематографическом процессе и, при этом, позволит «государству» достаточно деликатно отстаивать свои интересы, а также предохранит «государство» от обвинений в засилье цензуры и вмешательстве в творческий процесс.
2. “Экспертный Совет” избирается на три года, а чтобы избежать застойных явлений в самом “Совете”, можно каждый год осуществлять на 30% ротацию членов “Совета”.
С уважением Артем Мелкумян – член Европейской Академии кино.

 ԿԵՏ 26.

Մասնագետների նախնական ցանկում ընդգրկված դիմումատուների հետ կինոկենտրոնը անցկացնում է հարցազրույց` ընտրելու և ձևավորելու լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերի գնահատման փորձագետների 2 (երկու) առանձին հանձնախմբեր՝ յուրաքանչյուր հանձնախմբում ընդգրկելով 3 (երեք)-ական փորձագետ:

 Իննա Սահակյան

Անիմացիոն պրոեկտները ո՞ր հանձնաժողովն է դիտարկում:

Կարծում եմ 3 փորձագետի դեպքում կոռուպցիոն ռիսկերը շատ են, գոնե 4 կամ 5 մասնագետ:

 Արևիկ Ավանեսյան

Երեք հոգանոց հանձնաժողովը շատ փոքր միավոր է, որում կոռուպցիոն, խնամի/ծանոթ/բարեկամ ռիսկերը շատ մեծ են: Նախընտրելի է 5 կամ 7 հոգանոց հանձնաժողովը, թող մի քիչ երկար ժամանակ ծախսեն քննարկումների վրա, քան թե հեշտությամբ իրար հետ համաձայնության գան ու ինչ-որ մեկի նախագիծը մեջտեղից հանեն սուբյեկտիվ դիտարկումներից ելնելով:

 Արմինե Անդա

Մեկնաբանություն. Կարծում ենք, որ 3 հոգուց բաղկացած հանձնախումբը կարող է շատ սուբյեկտիվ լինել: Առաջարկ. Առաջակում ենք՝ յուրաքանչյուր հանձնախումբ բաղկացած լինի 5 հուգուց:

 ԿԵՏ 27

Հանձնախմբերում աշխատելու համար ընտրված անձանց հետ կինոկենտրոնը կնքում է աշխատանքային պայմանագիր` 1 (մեկ) տարի ժամկետով, 2 (երկու) նստաշրջանի և 2-ական ամսվա աշխատանքի համար:

 Իննա Սահակյան

Կարծում եմ, կրկին կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար 2-րդ նստաշրջանում հանձնաժողովի անդամների գոնե 50%-ը պետք է ենթարկվեն ռոտացիայի:

 Արևիկ Ավանեսյան

Ավելի լավ կլինի ամեն տարի մեկ անգամ լինի ամեն մրցույթից, բայց եթե երկու անգամ պիտի լինի, ամեն անգամ թող հանձնաժողովը փոխվի, նախ որովհետև ճնշումը մեծ է, երկրորդ՝ փոքր երկիր է ու ոլորտն էլ է փոքր, երբ մարդիկ գարնանը իմանում են, ովքեր են հանձնաժողովի անդամները,  նրանց վրա ճնշումներ գործադրելը աշնանը բավականին հեշտ է:

 Արմինե Անդա

Մեկնաբանություն.Կարծում ենք, 1 տարին այնքան դինամիկ չէ, և ավելի դինամիկ ռոտացիան ավելի արդյունավետ կլինի: Առաջարկ. Առաջակում ենք՝ հանձնախումբը ձևավորել յուրաքանչյուր մրցույթից առաջ՝ տարվա մեջ 2 անգամ:

 IFCA

Հանձնախմբի անդամը հրավիրվում է 1 նստաշրջանի համար՝ 2 ամսով և վճարվում կատարած աշխատանքի համար:

 ԿԵՏ 28

Նույն անձը հանձնախմբերում կարող է կրկին ընդգրկվել երեք տարուց ոչ շուտ:

Արևիկ Ավանեսյան

Կարծում եմ 3 տարին շատ է, կարող է լինել 2, քանի որ այդքան մասնագետ չկա, որ 5 կամ 7 հոգանոց հանձնախմբեր ստեղծվեն ամեն անգամ:

 Լ.Մինասյան

Այստեղ ավելացնել մի կետ, որտեղ ասվում է, որ եթե հանձնախմբի անդամն ունի առաջադրված նախագիծ այս նստաշրջանում, նա քննարկումներին չի մասնակցում և քվեարկելու իրավունք չունի:

ԿԵՏ 30

Նախագծերը դիտարկվում են 3 (երեք) փուլով.

  • Գեղարվեստական արժեքի գնահատման փուլ,
  • Ընտրված նախագծերի արտադրական փաթեթների ուսումնասիրման փուլ:
  • Անհատական հանդիպումզրույցի (pitch) և վերջնական գնահատման փուլ:

Արմինե Անդա

Առաջարկ.Գեղարվեստական արժեքի գնահատման փուլը առաջակում ենք անվանել բովանդակային փաթեթի փուլ (բովանդակային փաթեթի փուլ, արտադրական փաթեթեի փուլ, փիչինգի փուլ):

IFCA

Նախագծերի մրցույթը 2 փուլով.

  • Նախնական ընտրություն (փաթեթների ուսումնասիրում)
  • ներկայացման փուլ (փիչինգ):

ԿԵՏ 31

Գեղարվեստական արժեքի գնահատման փուլում, 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիտարկվում են սեղմագիրը (treatment)` սցենարի զարգացման փուլում, կինոսցենարը` արտադրական փուլում, սևագիր մոնտաժված ֆիլմը (rough cut)` հետարտադրական փուլում և ավարտուն ֆիլմը` տարածման փուլում:

Իննա Սահակյան

Սևագիր մոնտաժի քանի՞ տոկոսը պետք է ներկայացնել (կարծում եմ 60% արդեն կարող է դիմել):

ԿԵՏ 33.

Գեղարվեստական արժեքի գնահատման փուլից հետո յուրաքանչյուր փորձագետ կինոկենտրոն է ներկայացնում յուրաքանչյուր նախագծի ստորագրված գնահատման թերթիկհիմնավորումը (Հավելված 6): Գնահատումների արդյունքում ստեղծվում է նախնական ընտրված նախագծերի ցանկ: Առնվազն մեկ փորձագետի կողմից ընտրված նախագիծը ներառվում է այդ ցանկի մեջ:

 Ման փիքչըրս

Նկատառում. Առնվազն մեկ փորձագետի կողմից ընտրված նախագծի ներառումը հակասում է մրցակցության սկզբունքը և կարող է գործածվել խիստ սուբյեկտիվ մոտեցումով: Առաջարկ. Հանել Նախագծից այս կետի՝ «Առնվազն մեկ փորձագետի կողմից ընտրված նախագիծը ներառվում է այդ ցանկի մեջ» ձևակերպումը:

 Իննա Սահակյան

Փորձագետները 3-ից ավելի են, առաջարկում եմ՝  գոնե 2 փորձագետի կողմից ընտրված նախագիծը:

 ԿԵՏ 35

Գեղարվեստական արժեքի գնահատման փուլում ընտրված նախագծերի պրոդյուսերները 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում կինոկենտրոն են ներկայացնում իրենց նախագծերի արտադրական փաթեթները:

 Արևիկ Ավանեսյան

Մինչև այս կետը հստակ չի նշված, որ հայտատուն չի ներկայացնում ամբողջ փաթեթը, երբ դիմում է մրցույթին: Այլ ներկայացնում է միայն գեղարվեստական մասը, որը գնահատվելուց ու անցնելուց հետո միայն ներկայացնում է մնացած ամբողջ փաթեթը 10 օրվա ընթացքում: Կարծում եմ սա սխալ է և եթե նախագծի պորդյուսերը կարող էայդ գործը կատարել 10 օրորում, ապա իրենից դժվարություն չի ներկայացնում այդ ամենը ներկայացնել հենց սկզբից: Ես վտանգ եմ տեսնում այս կետի մեջ, քանի որ իմանալով, որ արդեն նախագիծը ինչ-որ առաջխաղացում ունի, արտադրողը գուցե կոռուպցիոն քայլերի գնա ու ավել-պակաս թղթեր ներկայացնի, ի օգուտ նախագծին, քանի որ ոլորտը փոքր է պետք է խուսափել դրանից, թող ի սկբանե ներկայացվի ամբողջ թղթաբանությունը:

 Գագիկ Ղազարէ

Առաջարկում եմ գեղ. արժեքի և արտադրական փաթեթի դիտարկումը նայել միասին, որոշումը կայացնել, ամբողջական փաթեթի համար, մեկ լիարժեք փուլով:

Իննա Սահակյան

Ինչո՞ւ միանգամից չեն ներկայացնում: Մի գուցե էնպիսի խնդիր ունեն արտադրական փաթեթներում, որ իմաստ չունի նախագիծը դիտարկել ընդհանրապես: Կարծում եմ, պետք է ներկայացնեն ամբողջական թե’ ստեղծագործական և թե’ արտադրական  փաթեթները, հետո ընտրության դեպքում` թարմացնեն փաթեթները, եթե դրա անհրաժեշտությունը կա:

 ԿԵՏ 36

Արտադրական փաթեթների ուսումնասիրման փուլում 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում, փորձագետները և կինոկենտրոնի մասնագետները դիտարկում են Գեղարվեստական արժեքի գնահատման փուլում ընտրված նախագծերի արտադրական փաթեթները:

 Մերի Աղախանյան

Հասկանալի չէ, թե ովքեր են այդ ֆինանսական փորձագետները, դրանք այն 3+3 հոգին են, որ պետք է քննեն գեղարվեստական արժեքը? թե լրիվ ուրշ մեզ անհայտ փորձագետներ են, ինչ կենսագրություն ունեն, ինչպես են ընտրվելու, ինչ միջազգայի համա-արտադրած ֆիլմերի աշխատանքային փորձ ունեն և ինչ սիստեմով են գնահատելու արտադրական փաթեթը և ինչ չափանիշներով։ Բացի փորձագետներից իսկ Կինոկենտրոնի մասնագետներն ովքե՞ր են, ինչ թափանցիկ կենասագրություն ունեն և նույն հարցը ի՞նչ սիստեմով են քննելու արտադրական փաթեթը։

 Լևոն Մինասյան

Սա պարզ չէ: Ովքեր՞ են կինոկենտրոնի մասնագետները: Նրանք մա՞ս են կազմում նախագծեր ընտրող հանձնաժողովին, ունե՞ն ձայնի իրավունք…

Կարծում եմ, Կինոկենտրոնի աշխատակիցները պետք է կատարեն միայն ադմինստրատիվ աշխատանք, թողնելով ծրագրերի ընտրությունը միայն հանձնախմբի անդամներին: Սա նաև դեոնտոլոգիական (մասնագիտական էթիկայի) հարց է:

 ԿԵՏ 37

Գեղարվեստական արժեքի գնահատման փուլում ընտրված բոլոր նախագծերը հրավիրվում են անհատական հանդիպումզրույցի:

 Ման Փիքչըրս

Նախագծում ամրագրել, որ պիչնգները իրականացվում են օնլայն ձևաչափով:

ԿԵՏ 39

Հանդիպումզրույցի ընթացքում յուրաքանչյուր նախագիծը ներկայացնելու համար պրոդյուսերին և ռեժիսորին տրվում է 15 (տասնհինգ) րոպե ժամանակ, որից հետո ևս 15 (տասնհինգ) րոպե հատկացվում է հարցուպատասխանի համար:

Արմինե Անդա

Մեկնաբանություն:

10-10 րոպեն լրիվ բավարար է փիչինգի համար:

 ԿԵՏ 41

Գնահատման փուլում նախագծերը գնահատվում են հետևյալ չափանիշներով.

  • գեղարվեստական/գեղագիտական արժեքը
  • միջազգային ճանաչելիությունը
  • իրականացվելիության ներուժը
  • տնտեսական հիմնավորումը
  • ֆիլմի տարածման (դիստրիբյուցիոն) հեռանկարը:

 Ման Փիքչըրս

Առաջարկ. Ավելացնել նաև՝ նախագծերի պետական և ազգային կարևորութուն ունեցող արժեքի պահանջվող պայմանները:

 Արևիկ Ավանեսյան

Չի կարելի սցենարը դիտարկել առանձին ու դրա ոչ որոշակիության պատճառով ֆիլմը հանել հետագա մրցույթից, քանի որ սա գրավոր նյութի մրցույթ չէ, այլ տեսապատկերային: Կարևոր է սցենարը ինչ խոսք, բայց ոչ պակաս կարևոր է ֆինանսական պլանը, ռեժիսորի նախորդ աշխատանքը և այլ բաղկացուցիչներ:

ԿԵՏ 42

Բոլոր փորձագետները կինոկենտրոնի տնօրենի և արտադրական փաթեթները ուսումնասիրած մասնագետների հետ մասնակցում են միացյալ նիստի, որի ընթացքում ամփոփվում են նախագծերի ուսումնասիրման և գնահատման բոլոր փուլերի արդյունքները, քննարկվում են ծագած բոլոր հարցերը, փորձագետների և կինոկենտրոնի տնօրենի կողմից համատեղ կայացվում է որոշում յուրաքանչյուր նախագծին տրամադրվելիք աջակցության տեսակի և ֆինանսավորման չափի վերաբերյալ (Հավելված 8): Կազմվում է այն նախագծերի վերջնական ցանկը, որոնց պետք է տրամադրվի պետական ֆինանսավորում:

 Մերի Աղախանյան

Օրենքով չսահմանված և անհասկանալի է կինոկենտրոնի տնօրենի դերն ու նշանակությունը, ինքը ևս մե՞կ հավելյալ ժյուրիի ձայն է, թե դատավո՞ր, որ ինքն է վերջնական որոշում ընդունելու, թե ուղղակի վեճերը հարթեցնող կողմ է։ Կարծում ենք, որ տնօրենը չպետք է ազդեցություն ունենա ժյուրիի որոշումների վրա կամ ուղղորդի դրանք։ Նա կարող է միայն ապահովել առողջ մթնոլորտն ու պայմանները, բայց ոչ թե խառնվել պրոցեսին։ Օրինակ արտասահմանյան այլ ֆոնդերում տնօրենը ձայնի իրավունք ունի այն դեպքում, եթե մտնում է ժյուրիի մեջ կամ երկար տարիներ ֆոնդը զարգացնող գործունեություն ունի, իր ձայն տված ֆիլմերը շատ մրցանակներ են ստացել և ինքն էլ հեղինակություն է համարվում միջազգային ասպարեզում  և շատ լավ քաջատեղյակ է միջազգային կինո-տենդեցներից։

 Լևոն Մինասյան

Նույն խնդիրն է ինչ նախորդում: Եթե կինոկենտրոնի տնօրենը ու Կինոկենտրոնի աշխատակիցները իրավունք ունեն որևէ նախագծի ֆինանսավորման որոշում կայացնել, ապա փորձագենտերի հանձնախումբը կարող է դառնալ ֆիկտիվ: Նախ կարծում եմ պետք է վերջնականորեն որոշել նոր համակարգի սկզբունքը` ով՞ է որոշում ֆինանսավորել նախագծերը: Անկախ հանձնաժողովը թե՞ կինոկենտրոնի ղեկավարությունը: Դեմոկրատական հասարակարգում իհարկե անկախ հանձնաժողովը: Կինոկենտրոնը ադմինիստրատիվ կառույց է, որը վստահում է անկախ հանձնաժողովի կարծիքին և կատարում նրա ընտրությունը: Ամեն դեպքում դա այդպես է եվրոպական կինոկենտրոններում:

 Գագիկ Ղազարէ

Կինոկենտրոնը իր մասնագետներով կարող է ու տրամաբանորեն պետք է լինի հանձնաժողովի համար ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ մարմին, սա նորմալ պրակտիկա է, բայց առանց ձևակերպման, կանոնակարգում տողատակերում հիշատակման միջոցով, ողջ փաստաթուղթն է վերածվում թերի, անկատար, սողանցքների լայն հնարավորություններ տվող և անվստահություն առաջացնող գործիքի:

 IFCA

Փիչինգի արդյունքները քննարկվում են հանձնախբի կողմից: Ազգային կինոկենտրոնի տնօրենը մասնակցում է քննարկմանը խորհրդակցական ձայնի իրավունքով: Քննարկման արդյունքում տեղի է ունենում նախագծերի վերջնական ընտրություն:

 Արմինե Անդա

Հասկանալի չէ, թե ինչու է վերջնական որոշումը կայացվում կինոկենտրոնի տնօրենի հետ համատեղ: Կինոկենտրոնի տնօրենը սկզբում ընտրում է հանձնախումբը, հետո՝ նախագծերի վերջնական ընտրությունն է կատարում՝ հանձնախմբի հետ միասին: Սուբյեկտիվ որոշման և հանձնախմբերի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը չափից դուրս մեծ է:

 Ման Փիքչըրս

Նկատառում. Կարծում եմ, որ փորձագետները չպետք է մասնակցեն համատեղ նիստի, առավել ևս չպետք է մասնակցեն նախատեսվող գումարի հատկացման գործառույթներին, քանզի հանձնախմբի անդամը կարող է լինել ոչ Հայաստանից, համատեղ քննարկումները կարող են զրկել հանձնախմբի անդամին, անկանխակալ մոտեցում ցուցաբերելու հնարավոր պայմաններից, առավել ևս, որ մեկ անգամ արդեն նմանատիպ ձևի կիրառումը արդեն իսկ ձախողվել է,

Առաջարկ. Նախագծում ամրագրել, որ փորձագետները պետք է միայն նախագծերի ուսումնասիրման և գնահատման գնահատականները տան, իսկ ֆինանսական գործառույթները պետք է իրականացնի Կինոկենտրոնը՝ հիմնվելով նախագծերին տրված գնահատականների արդյունքների առկայությանը և Կանոնակարգով ֆինանսական աջակցության հատկացման սահմանմանումներին:

 ԿԵՏ 43

Հանձնախմբերի բոլոր անդամների, ինչպես նաև նրանց և կինոկենտրոնի տնօրենի միջև վիճահարույց կարծիքների առկայության դեպքում որոշում կայացվում է ընդհանուր համաձայնության` կոնսենսուսի, միջոցով:

Ման Փիքչըրս

Առաջարկում եմ  հանել նաև Նախագծի 43 կետը, քանզի այն փոխկապակցված է 44 կետի բովանդակությանը:

Մերի Աղախանյան

Նորից պարզ չէ տնօրենի դերն ու նշանակությունը։

Արևիկ Ավանեսյան

Ստացվում է, որ կինոկենտրոնի տնօրենը ընտրում է 3 հոգու, այնուհետև ինքն էլ իրենց միանալով, 4 հոգով ընտրում են ֆիլմերը: Էլ ինչ կոնսենսուսի մասին է խոսքը, եթե զույգ քանակով մարդկանց խմբի մասին է խոսքը, այն էլ այն դեպքում, եթե դրանցից երեքը չորրորդի՝ կինոկենտրոնի տնօրենի ենթակա մարդիկ են, իր աշխատողները փաստացի: Այսպես ոչ մի թափանցիկություն չի լինի,այսպես ոչ մի վստահություն այս կառույցի հանդեպ չի առաջանա, եթե միայն չպակասի….

կարծում եմ կինոկենտրոնի տնօրենը ՉՊԵՏՔ է լինի հանձնաժողովի կազմում և այն պետք է գործի անկախ: Եթե կինոկենտրոնի տնօրենը չի կարողանում վստահել իր ընտրած մարդկանց, ինչո՞ւ պետք է մենք վստահենք նրանց և տնօրենին:

Իննա Սահակյան

Այս կետը և հավելված 5-ը հակասում են միմյանց: Ըստ հավելված 5-ի “Փորձագիտական հանձնախմբի անդամը չի կարող լինել կինոկենտրոնի կամ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակից, հետևաբար կինոկենտրոնի տնօրենը չի կարող վիճահարույց կարծիք ունենալ: Եթե կինոկենտրոնի տնօրենը հանձնաժողովի անդամ է, ապա նրա իրավասությունները պետք է հստակ մանրամասնվեն և քննարկվեն:

Գագիկ Ղազարէ

Ըստ երկու կետերի, տեղեկանում ենք, որ կինոկենտրոնը ներքին ուսումնասիրություններ է անում, ինչը բնական է ու ճիշտ, հետո հավանական ենք համարում, որ հանձնախումբն ու կինոկենտրոնի տնօրենը կարող են անհամաձայնություն ունենալ, ինչը չի կարելի բացառել, բայց ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ոչ մի բառ չկա, որ տնօրենը կարող է որևէ կերպ միջամտել հանձնաժողովի որոշումներին…. Սա ևս մեկ անգամ հիմնավորում է, որ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՄՐՑՈՒՅԹԻՆ  կինոկենտրոնի մասնագետների և տնօրենի մասնակցության և լիազորությունների մասին պետք է նշվի առանձին ենթաբաժնով: ՍԱ ԱՄԵՆԱՀԻՄՆԱՐԱՐ ԽՆԴԻՐՆ Է, ՈՐ ԱՌԿԱ Է ԱՅՍ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ:

Լևոն Մինասյան

Նույն, դեռևս չճշտված խնդիրն է` ո՞րն է կինոկենտրոնի և նրա տնօրենի դերը:

Իսկ « նրանց և կինոկենտրոնի տնօրենի միջև վիճահարույց կարծիքների առկայության դեպքում որոշում կայացվում է ընդհանուր համաձայնության` կոնսենսուսի, միջոցով» նախադասությունը իրավաբանորեն ոչինչ չի նշանակում:

 ԿԵՏ 44

Միացյալ նիստը ձայնագրվում է և արձանագրվում: Եթե առկա են փորձագետի կամ մասնագետի հատուկ կարծիք կամ խորհրդատուի գրավոր եզրակացություն, ապա վերջիններս կցվում են արձանագրությանը: Արձանագրությունը ստորագրում են բոլոր փորձագետները և կինոկենտրոնի տնօրենը:

Մերի Աղախանյան

Կետ 44 ում մի քիչ անհասկանալի է, թե մասնագետի կամ փորձագետ -ը այստեղ հանձնաժողովն է, թե օրինակ իմ կողմից բերված հատուկ փորձագետի կարծիքը օրինակ սցենարի մասին։ Խորհրդատուն  այստեղ ո՞ւմ ի նկատի ունեք, հանձնաժողովի անդամներից մեկը, ով խորհուրդներ է տալիս, թե օր. իմ սցենարը հատուկ կոնսուլտացիա է անցել միջազգային պրոֆեսիոնալ մի մասնագետի մոտ ու նա գրավոր եզրակացություն կամ խորհրդատվություն է տվել։ Հաջորդ հարցը, եթե եզրակացությունները կցվում են արձանագրությանը հետո ի՞նչ է լինում դրա հետ, հասնում է այն հայտատուներին, հրապարակվում են, թե մնում է արխիվի մեջ։

 ԿԵՏ 45.

Ընտրված նախագծերի ցանկերը, տրամադրվելիք աջակցության տեսակի և ֆինանսավորման չափի մասին տեղեկությունը ընտրության փուլի ժամկետը լրանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են կինոկենտրոնի կայքում: Տեղեկատվությունը, նիստի արձանագրությունից իրենց նախագծերի վերաբերյալ քաղվածքները ուղարկվում են նախագծերի ֆիլմարտադրողներին` միաժամանակ հայտնելով գործընթացի հաջորդ փուլի մեկնարկման մասին:

 Լ. Մինասյան

Կարծում եմ, հանձնաժողովի անդամների կարծիքը այս կամ այն նախագծի մասին նախագծի հեղինակներին տրամադրելը կարևոր է, քանի որ դա գուցե կօգնի նրանց բարելավել իրենց սցենարները: Սակայն անպայման դրանք պետք է լինեն անանուն, հետագա կոնֆլիկտներից խուսափելու համար:

 Մերի Աղախանյան.

«Ժյուրիի անդամները պետք է ստորագրեն փաստաթղթի տակ, որ պատասխանատվություն են կրում իրենց արած ընտրությունների համար, որ եթե հետագայում այդ ֆինանսավորում ստացած նախագիծը չարդարացնի իրեն՝ չհայտնվի ոչ մի առաջավոր ֆեստիվալներում՝ ժյուրիի անդամները զրկվեն որոշակի կվալիֆիկացիայից։ Ժյուրիի հիմնավորումները պետք է հրապարակվեն և դրվեն նաև բաց քննարկման, ժյուրին պետք է պատրաստ լինի պաշտպանելու և հիմնավորելու իր ընտրած նախագիծները նաև հրապարակավ, քանզի խոսելով ու քննարկելով միայն կարող ենք ձևավորել առողջ մրցակցային միջավայր»։

ԿԵՏ 49

Մերժված նախագիծը կարող է կրկին դիմել՝ փորձագետների հիմնավորումներում արված դիտողությունները շտկելուց հետո:

 Իննա Սահակյան

Մերժված նախագծերը նորից դիտարկելու սահմանափակում պիտի դրվի, օրինակ` 3 անգամից ոչ ավելի, որպեսզի տարբեր հանձնաժողովներ մի քանի անգամ մերժված ու խնդիրներով նախագծերը անդադար չքննեն:

ԿԵՏ 53

Սցենարի զարգացման, Հետարտադրական և Տարածման (դիստրիբյուցիայի) փուլերի համար ֆինասավորում հատկացվում է միայն լիամետրաժ նախագծերին:

 Իննա Սահակյան

Անհասկանալի է պատճատը, թե ինչու:

ԿԵՏ 54

Տարածման (դիստրիբյուցիայի) փուլում ֆինանսավորում տրվում է միայն նախորդ որևէ փուլից ֆինանսավորում ստացած նախագծերին:

 Լ.Մինասյան

Սա խիստ անարդար դրույթ է: Պատկերացրեք մի երիտասարդ, որն իր ուժերով, առանց նախորդ փուլերից օգնություն ստանալու ստեղծում է իր ֆիլմը ու նրան շանս չի՞ տրվելու գոնե իր ֆիլմն հասցնելու հանդիսատեսին: Իսկ շուկան պաշտպանելու նպատակով կարելի է ճշտել, որ «Ֆինանսավորումից օգտվելու իրավունք ունեն միայն հայաստանյան արտադրողների ֆիլմերը կամ ֆիլմերը որոնք նկարահանված են Հայաստանում, կամ կապ ունեն Հայության հետ, ֆիլմի լեզուն հայերենն է» :

 Գագիկ Ղազարէ

Ակնհայտ սուղ միջոցները, որ տրամադրվում են կինոարտադրությանը, թելադրում են, որ պետք է խրախուսել անկախ կինոարտադրությունը: Նշված կետը ջրբաժան է ստեղծում, մինչդեռ հակառակի կարիքն ունենք:

Նաև, այս կետը հիշեցնում է էն ծիծաղելի պատկերացումը, ըստ որի, եթե կինոկենտրոնի դռնից դուրս մի քանի լիամետրաժ ֆիլմ ես արել, դա մեծ ԶՐՈ է, դու կարող ես հավակնել դեբյուտի: Ընդհանրապես, առաջարկում եմ կինոկենտրոնին ձերբազատվել այս հնամաշ պատկերացումներից վերածվել մի համահավաք ինստիտուցիայի: Կինոարտադրողները տարբեր են, տարբեր փորձեր կան, տարբեր ձգտումներ, տարբեր հնարավորություններ, բայց բոլորի հանգրվանը պետք է լինի Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Անընդունելի դիրքորոշում է ու էս կետի բացառող պայմանականությունից պետք է հրաժարվել:

 ԿԵՏ  55

Նույն ֆիլմարտադրողի կողմից մրցույթի ներկայացված մեկից ավելի հայտերի դեպքում տվյալ ֆիլմարտադրողին պետական ֆինանսավորում կարող է տարեկան տրամադրվել արտադրության մեկական տարբեր փուլերի (սցենարի զարգացման, արտադրական, հետարտադրական, տարածման) լիամետրաժ նախագծերի համար (արտադրական փուլում` մեկ լիամետրաժ և երկու կարճամետրաժ, անիմացիոն անվանակարգում`սույն կանոնակարգի 70-րդ կետում սահմանված կարգով):

Իննա Սահակյան

Թող լինի նաև մեկ փոքրամասնական հայտ:

Արևիկ Ավանեսյան

Կարծում եմ պետք է լինի սահմանափակում, որ նույն ֆիլմարտադրողը չդիմի բոլոր մրցույթներին մի անգամ կարճամետրաժ, մյուս անգամ լիամետրաժ, մյուս անգամ անիմացիոն և այդպես շարունակ: Հավասար հնարավորությւոններ առաջադրելու տեսանկյունից պետք է սահմանափակվի տվայլ արտադրող ընկերության և կինոկենտրոնի միջև ընթացիկ նախագծերը հասցնելով մեկի: Բացառություն կարող է լինել հաջորդ ֆիլմի զարգացման համար մրցույթի դիմելը, բայց ոչ արտադրության մեջ մտնել միաժամանակ մի քանի նախագծով:

 ԿԵՏ 57

Խաղարկային և վավերագրական կինոնկարների արտադրություն» ծրագրի տարեկան բյուջեն բաշխվում է հետևյալ կերպ.

  • լիամետրաժ նախագծեր` մոտ. 80 %
  • կարճամետրաժ նախագծեր` մոտ. 20 %

 Արտեմ Մելքումյան

30% – на игровые полнометражные
70% – на игровые короткометражные и документальные фильмы
 

 Իննա Սահակյան

Պետք է մանրամասնել, թե ո՞րն է կարճամետրաժ և ո՞րը լիամետրաժ (օրինակ 70 և ավել րոպե տևողությամբ ֆիլմը լիամետրաժ է):

 ԿԵՏ 58

Խաղարկային և վավերագրական անվանակարգերում դեբյուտային նախագծերին (ՀՀ քաղաքացի ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմը), սույն կանոնակարգի 57-րդ կետի շրջանակներում, հատկացվում է լիամետրաժ նախագծերին բյուջեի 28 (քսանութ) տոկոսը և կարճամետրաժ նախագծերին բյուջեի 50%-ը :

 Մերի Աղախանյան

Ինչո՞ւ չկա պրոեկտը կարևոր թիչինգներ անցնելու դեպքում՝ շոլարշիփների, փոքր գրանտների հնարավորություն։

Լ.Մինասյան

«ՀՀ քաղաքացի ռեժիսոր» պարտադիր պահանջը քանդում է Հայաստան-Սփյուռք կապը: Յուրաքանչյուր հայ, անկախ իր քաղաքացությունից, պետք է ունենա Հայրենիքում ֆիլմ նկարահանելու նույն պայմաններն ու հնարավորությունները: Կարելի է ճշտել, որ «ֆիլմը պարտադիր պետք է ունենա կապ Հայաստանի / Հայության հետ, լինի հայերեն կամ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության լեզվով, արտադրողը պարտադիր պետք է լինի ՀՀ-ում գրանցված կազմակերություն և ֆինասավորման մի մասը ծախսվի Հայաստանում»:

 Իննա Սահակյան

Անհասկանալի է ինչի մասին է խոսքը` կոնկրետ նախագծի բյուջեի տոկոսի, թե՞ ընդհանուր Խաղարկային ու վավերագրական ֆիլմերի բյուջեի:

 Մերի Աղախանյան

Ի՞նչ բացատրություն ունեք, թե ինչու է դեբյուտային լիամետրաժ ֆիլմերի ֆինանսավորումը 28% հատկացվում և ինչո՞ւ ոչ օրինակ 35%:

 ԿԵՏ 62

Խաղարկային և վավերագրական անվանակարգերում լիամետրաժ նախագծերի արտադրական փուլի  տարեկան բյուջեն բաշխվում է հետևյալ կերպ.

1)Լիամետրաժ նախագիծ, որում հիմնական արտադրող երկիրը Հայաստանն է` 85%,

2)Լիամետրաժ նախագիծ, որում հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ` 15%:

Լևոն Մինասյան

Լիամետրաժ նախագիծերը, որում հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ, ֆինասավորվում են` տրված գումարի 120%-ը Հայաստանում կամ ՀՀ քաղաքացիների վրա ծախսվելու պարտադիր պայմանով:

Ինա Սահակյան

ՀՀ-ի փոքրամասական աջակցության մեծ մասը 80-100% պետք է ծախսվի ՀՀ-ում, ՀՀ քաղաքացի մասնագետների վրա:

 Արմինե Անդա

Մեկնաբանություններ. Հայաստանը հիմնական արտադրող երկիրը չէ (փոքրամասնական համատեղ արտադրություն) կատեգորիայի բյուջեն անիրատեսականորեն փոքր է, յուրաքանչյուր ֆիլմին տրամադրվող գումարը անիրատեսականորեն փոքր է: Պաշտոնական համատեղ արտադրության մեջ Հայաստանը պետք է մասնակցի 5 տոկոսով:

 Կետ 63.

Խաղարկային և վավերագրական անվանակարգերում լիամետրաժ նախագծերի Արտադրական փուլի համար ամբողջական փաթեթ ներկայացրած նախագծերին տրվում է ֆինանսավորում` համաձայն սույն կանոնակարգի և նախագծի բյուջեով արտադրական փուլի համար ֆիլմարտադրողի պահանջած գումարի սահմաններում: Նախագծերը ֆինանսավորվում են նախագծի ընդհանուր բյուջեի 20-30 (քսանից երեսուն) տոկոսի, դեբյուտային լիամետրաժ նախագծերը` նախագծի ընդհանուր բյուջեի 50-70 (հիսունից յոթանասուն)  տոկոսի չափով, ընդ որոմ՝ խաղարկային նախագծերին՝ առավելագույնը 50 մլն դրամ, վավերագրական նախագծերին՝ առավելագույնը 30 մլն դրամ:

 Մերի Աղախանյան

Հարց։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ 20-30 տոկոսով Հայաստանը կարող է մնալ մեծամասնական երկիր, ստացում է, որ այդքան քիչ տոկոսով Հայաստանը միայն որպես փոքրամասնական կողմ կարող է հանդես գալ, ինչը Հայկական ֆիլմարտադրողին շատ բարդ վիճակի մեջ է դնելու՝ ինչպես նաև ստիպելու է անընդհատ զիջողի ու համակերպվողի դերում լինել։ Կարծում ենք պետք է տոկոսային շեմը բարձրացնել մինչև գոնե 40%, հետագայում արդեն 50 տոկոս, և կինոյի մասին օրենքի մեջ պարտադիր ներառել այլ –Հայկական ֆոնդերի ստեղծում և մասնակցություն, հեռուստատեսության հարկում՝ ի օգուտ կինոյի, և օրենք՝ կինոն հարկերից ազատելու համար։

 ԿԵՏ 64

Խաղարկային և վավերագրական անվանակարգերում լիամետրաժ նախագծերի Արտադրական փուլի համար փաթեթ ներկայացրած, հանձնաժողովի կողմից ընտրված և ֆիլմի բյուջեն չհամալրած նախագծերին տրվում է նախագծի հաստատված ֆինանսավորման  մասին համաձայնագիր, նախագծի համար նախատեսված գումարից  4 (չորս) տոկոս գումար և մինչև 24 (քսանչորս) ամիս ժամանակ, այդ թվում 18 (տասնութ) ամիս` արտադրական փուլ մեկնարկելու հնարավորություններ ձեռք բերելու նպատակով նախագիծը զարգացնելու, արտադրական փաթեթն ամբողջացնելու, նախագծի բյուջեն համալրելու, համապատասխան փաստաթղթերը կինոկենտրոն ներկայացնելու նպատակով և 6 (վեց) ամիս՝ արտադրություն սկսելու համար: Հակառակ դեպքում կնքված համաձայնագիրը դադարեցվում է:

 Արևիկ Ավանեսյան

Պատժի մասին ոչ մի խոսք չկա, այսինքն՝ կարող է ստանալ իրեն տրամադրվող գումարի մի մասը, այնուհետև ոչինչ չանել ու ընդամենը պայմանագիրը կդադարեցվի: Ի՞նչ է սպասվում արտադրողին, պրոդյուսերին, եթե ֆիլմը չավարտի նշված ժամկետներում կամ առհասարակ:

 Արմինե Անդա

Մեկնաբանություններ. Ա) Կետ 64-ում պետք է նշվեն կետ 63-ի թվերը՝ ֆինանսական համաձայնագրի կապակցությամբ:

Բ)Հաստատված արտադրական ֆինանսավորումից 4 տոկոս տրամադրելը կբերի ավելի քիչ ֆիլմեր հաստատելուն: Ավելի կարևոր է, որ ավելի շատ ֆիլմեր հաստատվեն՝ համատեղ արտադրություն զարգացնելու:

Գ)Հասկանալի չէ, թե ինչու է անհետացել կարճամետրաժ ֆիլմի բյուջեի տրոհման կարգավորումը՝ ի տարբերություն լիամետրաժի և կարճամետրաժ անիմացիայի:

Առաջարկ. – Կարճամետրաժ ֆիլմին հատկացվող ֆինանսավորման 50 տոկոսը տրամադրվում է դեբյուտներին:

-Մեկ կարճամետրաժ ֆիլմին տրամադրվող գումարը չպետք է անցնի 10 միլիոն դրամը:

– 10 միլիոն դրամից ավելի մեծ բյուջե ունեցող ֆիլմը կարող է հաստատվել հանձնախմբի կողմից, ստանալ ֆինանսական համաձայնագիր և գտնել պակասող ֆինանսավորումը՝ 24 ամսվա ընթացքում:

 Իննա Սահակյան

Շատ լավ կետ է ու շատ օգտակար համատեղ արտադրության համար: Մի հարց` տրված գումարները պետք է էլի ծախսվեն ու հաշվետվություն ներկայացնեն նույն ֆիսկալ տարում, թե՞ նախագծերի ավարտին: Երբեմն գումարը ստանալու ու նախագծի վրա ծախսելու միջև ավել ժամանակ է ծախսվում, քան պլանավորված է մեկ ֆիսկալ տարում:

Միքայել Մարգարյան

Մրցույթում հաղթած կինոնախագծի ֆինանսավորումը լինելո՞ւ է մաս-մաս. այսինքն նկարահանումները պետք է դադարեցվեն, մենք էլ սպասենք ֆինանսավորմա՞ն:

Ուղղակի, եթե նոր պայամանները ոչնչով հնից չտարբերվեն, ուրեմն հնի պես տարիներով կունենանք անավարտ ֆիլմեր: Իսկ թեմաները հնանալու սովորություն ունեն: Հարգանքներով, Միքայել Մարգարյան, կինոտեսաբան, դեբյուտանտ, կինոսցենարիստ

 ԿԵՏ 66.

«Անիմացիոն կինոնկարների արտադրություն» ծրագրի տարեկան բյուջեյի    բաշխումը կատարվում է հետևյալ կերպ. 1) Մինչև 7ր (ներառյալ) տևողությամբ նախագծերի համար` ա. դասական նկարովի անիմացիայի տեխնիկա (2D) և ծավալային գրաֆիկա (3D)` 1րոպեն 2 մլն դրամ արժողության հաշվարկով, առավելագույնը` 14 մլն դրամ յուրաքանչյուր նախագծին, բ. վերադարսովի, ֆլեշ, stop motion և անիմացիայի այլ տեխնիկաներ` 1րոպեն 1,3 մլն դրամ արժողության հաշվարկով, առավելագույնը` 9 մլն դրամ յուրաքանչյուր նախագծին: 2) 7ր-ից ավելի տևողությամբ նախագծերին ֆինանսավորումը հատկացվում է առավելագույնը 7րոպեի համար` միայն նախագծի բյուջեի մնացած մասի ֆինանսավորումը համալրելու դեպքում: 7ր-ից ավելի տևողությամբ և բյուջեն չհամալրած, հանձնաժողովի կողմից հաստատված  նախագծերին տրվում է  համաձայնագիր, համապատասխան տեխնիկայով անիմացիայի համար սահմանված գումարից  7 (յոթ) տոկոս գումար և մինչև 24 (քսանչորս) ամիս ժամանակ, այդ թվում 18 (տասնութ) ամիս` արտադրական փուլ մեկնարկելու հնարավորություններ ձեռք բերելու նպատակով նախագիծը զարգացնելու, արտադրական փաթեթն ամբողջացնելու, նախագծի բյուջեն համալրելու, համապատասխան փաստաթղթերը կինոկենտրոն ներկայացնելու նպատակով և 6 (վեց) ամիս՝ արտադրություն սկսելու համար: Հակառակ դեպքում կնքված պայմանագիրը դադարեցվում է:

 Գագիկ Ղազարէ

ա. պարբերության մեջ դասական նկարովի անիմացիա արտահայտությունը համարում եմ վրիպակ, պետք է լինի դասական նկարչական անիմացիա:

 Արմինե Անդա

7 (յոթ) տոկոս գումար (Կետ 64-, Արգումենտ Բ)

 ԿԵՏ 68

Անիմացիոն նախագծերի յուրաքանչյուր ֆիլմարտադրողի տարեկան տրամադրվում է առավելագույնը`18 000 000 դրամ:

 Իննա Սահակյան

Անհասկանալի է: Այսինքը մեկ արտադրող կարող է ունենալ մեկից ավելի նախագիծ, բայց չկա սահմանափակում: Ինչու՞ չկան զարգացման, հետարտադրական, տարածման փուլեր, ինչու՞ միայն կարճամետրաժ: Հարցերը շատ են այս բաժնում:

 ՀԱՎԵԼՎԱԾ 5

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 Փորձագիտական հանձնախմբերում ինքնաառաջադրման սկզբունքով ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել կինոոլորտում առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ ունեցող ստեղծագործական և ոչ ստեղծագործական հետևյալ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝  կինոռեժիսոր, կինոսցենարիստ, կինոօպերատոր, մոնտաժի ռեժիսոր, կինոքննադատ, կինոգետ, կինոպրոդյուսեր (ֆիլմարտադրող), կինոփառատոների ֆիլմընտրող մասնագետ, որոնք հեղինակել են ավարտուն ստեղծագործություն: Նախապատվությունը տրվում է ներքոնշյալ  միջազգային ձեռքբերումներից որևէ մեկն ունեցող թեկնածուներին

  1. մասնակցություն միջազգային կինոփառատոների
  2. անդամակցություն միջազգային կինոփառատոների ժյուրիի
  3. միջազգային կինոփառատոների մրցանակ
  4. համատեղ ֆիլմարտադրության փորձ
  5. կինոարվեստի կամ կինոարտադրության վերաբերյալ հրատարակված գիրք կամ աշխատանք

Բոլոր հայտատուները պետք է ներկայացնեն ընդլայնված ինքնակենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթական, մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները:

Մերի Աղախանյան

Հասկանում ենք դժվարությունն ու նյութերը թարգմանելու ծախսը, /միգուցե սինոփսիսի թարգմանությամբ դեռ միայնն/ բայց Ցանկալի է՝ մեկ պրոֆեսիոնալ սցենարիստի կամ ռեժիսորի ներգրավումը ժյուրիի կազմում, ով կլինի օտարերկրացի ճանաչված մասնագետ։ Ես օրինակ չգիտեմ Հայաստանում այնպիսի մասնագետ, որ կարողանա պրոֆեսիոնալ սցենարական կոնսուլտացիա անել և որոշել ֆիլմի գեղարեստական արժեքը, նամանաանդ եթե սցենարը օրինակ շատ արտհաուզային է։

 Արևիկ Ավանեսյան

Կցանկանայի ավելի հստակ լինեին չափորոշիչները ու պարտադիր պայմաններ լինեի, օրինակ լիամետրաժ խաղարակայի ֆիլմի հանձնաժողովի անդամ դառնալու համար կինոգործիչը պետք է առնվազն մեկ լիամետրաժ ֆիլմ ավարտած լինի, դա կարծում եմ մինիմալ պահանջ է: Եթե մեր նպատակն է, որ թափանցիկություն ու վստահություն ձևավորվի կինոկենտրոնի և այս հանձնաժողովի հանդեպ, ինչքան հստակ լինեն չափորոշիչները, այնքան ավելի հեշտ կլինի թե հանձնաժողովի հետագա անդամների համար, թե մրցույթի դիմող կինոգործիչների:

ՀԱՎԵԼՎԱԾ 5, ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ, ԵՆԹԱԿԵՏ 2

Կինոկենտրոնի և հանձնախմբի անդամի միջև կնքված

պայմանագիրը պարտադիր պարունակում է հետևյալ պայմանները

Կետ 2 «Փորձագիտական հանձնախմբի անդամը և նրա հետ փոխկապակցված անձինք (հայրը, մայրը, ամուսինը, կինը, ամուսնու և կնոջ ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ ու եղբոր ամուսինը և երեխաները) հանձնախմբերում անդամի ընդգրկվածության ողջ ժամանակահատվածի համար չեն կարող մասնակցել մրցույթի և չեն կարող ընդգրկված լինել մրցույթի ներկայացված հայտերի հիմնական ստեղծագործական կազմերում»:

 Իննա Սահակյան

Ինչպես նաև նրանց ղեկավարած կազմակերպությունները ու նրանց աշխատակիցները:

 Ման Փիքչըրս

Փորձագետների իրավասությունները պետք է կարգավորվի սույն Կանոնակարգի նախագծում և ամրագրվի երկկողմ պայմանագրերում:

Առաջարկ. «փորձագետները չեն կարող ընդգրկված լինել մրցույթի ներկայացված հայտերի հիմնական ստեղծագործական կազմերում» դարձվածքը փոխարինել՝

«… փորձագետները չեն կարող որևիցե առնչություն ունենալ մրցույթի ներկայացված հայտերին»:

Լևոն Մինասյան

Կածում եմ այս կետը շատ ճնշիչ է: Գուցե միայն նշվի, որ հանձնախմբի անդամը չի մասնակցի քվեարկությանը, եթե իր հարազատի նախագիծը քննարկվում է:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԵՏԵՐ

 Լ.Մինասյան

  • Նշել հետևյալ դրույթը, որ “Կինոկենտրոնը չի ընդունում Էրոտիկ, պոռնոգրաֆիկ, ազգայնական, պրոպագանդիստական, որևէ երկրի, ազգի, ցեղի, կրոնի նկատմամբ ատելություն սերմանող թեմայով ֆիլմերի ծրագրեր”

 

  • Նշել, որ լիամետրաժ ֆիլմերի դեպքում ընդունվում են միայն այն նախագծերը, որոնց առաջին կոմերցիոն էքսպլուատացիան նախատեսնված է կինէկրանների համար` լինեն դրանք խաղարկային, թե վավերագրական ֆիլմեր : Հեռուստատեսային ֆիլմերը Կինոկենտրոնից ֆինանսավորվելու հնարարվորություն չպետք է ունենան :

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Ման Փիքչըրս

– Նախագծի խմբագրականը մոտեցնել օրենսդրական ակտերի ձևակերպմանը հատուկ խմբագրական ոճի:

Արևիկ Ավանեսյան

Ընդհանուր առմամբ լավ աշխատանք է արված և կարելի է ասել մի քանի քայլ առաջ է գնացվել նախորդ տարիների համեմատ, բայց դեռ էլի գործ կա անելու ու լավացնելու ընդհանուր ընթացակարգը: Բոլոր ժամանակներում միշտ էլ ամենադժվար բանը որոշող հանձնաժողովի ընտրությունն ու գործելակերպն է, կարծում եմ պետք է ձգտել նրան, որ այն ավելի բաց լինի ու հնարավորինս թափանցիկ գործելաոճ ունենա: Եթե կա տեսլական, որ նախընտրելի է գնալ համատեղ արտադրությունների և միջազգային շուկա մտնել, պետք է բոլոր չափորոշիչները բարձրացնել այդ մակարդակի, քանի որ մեր արժեքներով դրսի շուկայի պահանջները չափել շատ դժվար է: Առաջարկում եմ որպես ռազմավարություն սահմանել առաջիկա 5 տարիներին ավելի շատ գումար տրամադրել ֆիլմի նախագծերի զարգացման համար և այնուհետև տեսնել թե հայկական նախագծերը ինչ հաջողություններ կունենան միջազգային պլատֆորմներում: Այն նախագծերը, որոնք կնկատվեն ու բարձր կգնահատվեն միջազգային մասնագետների կողմից, արդեն հեշտ կլինի նաև տեղի ուժերի կողմից այն սատարելն ու առաջխաղացմանն օգնելը: Ու խոսքը չի գնում սուտ թղթերի մասին, ինչպես եղել է առաջ, այլ ունենալ ճիշտ և մաքուր գործելաոճ, պարզապես որդեգրել հստակ ռազմավարություն:

 Առանձին ֆայլով ներկայացնում ենք նաև մասնագիտական հանձնախմբերի ստեղծման և գործունեության ընթացակարգի մասին Անկախ կինոգործիչների համայնքի ներկայացրած ամբողջական տարբերակը:

IFCA NEW PROPOSAL