Հայաստանը Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար կներկայացնի «Եվա» ֆիլմը

906959

Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար Հայաստանի կողմից որոշվել է ներկայացնել ռեժիսոր Անահիտ Աբադի հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը: Կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և  «Ֆարաբի» կինոհիմնադրամի ֆինանսկան աջակցությամբ:

Ֆիլմը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը: Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ:Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան:

Ֆիլմը նկարահանվել է Արցախում։ Դերասաններն են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը և այլք։ Կինոնկարի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, իսկ պրոդյուսերը՝  Թաղի Ալիղոլիզադեհը։