Հայաստանը Բեռլինի կինոշուկայում կունենա առանձին տաղավար

Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով փետրվարի 20-27-ը պաշտոնապես  կներկայանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market): Այս մասին փետրվարի 19-ին՝ ասուլիսում, հայտնեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և գեղարվեստական  ղեկավար Մելիք Կարապետյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի  խոսքերով,  դեռևս 2019 թվականին, երբ  ինքը մասնակցել է  Բեռլինի կինոշուկային, ականատես է եղել մի փաստի, որ կինոշուկայում աշխատող հայ կինոգործիչները չունեն տարածք, որտեղ  կարողանան ներկայացնելու իրենց արտադրանքը, կազմակերպելու հանդիպումներ ու միջոցառումներ․ «վերադառնալուն պես, անմիջապես դիմեցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի աջակցեն մեզ 2020 թվականին կինոշուկայում սեփական տաղավար ունենալու գործին: Նախարարության պատասխանատուները գնահատելով խնդրի կարևորությունը ընդառաջեցին, և նրանց շնորհիվ մենք արդեն ունենք այդ հնարավորությունը»։

«Հայաստանյան փոքրաթիվ պատվիրակության թիմում է նաև  նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Այցելության ընթացքում հրավեր ունենք Պոտսդամի կինոինստիտուտից, ինչը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու գերմանական կրթական կինոծրագրերին ու գործունեությանը առհասարակ»,- նշեց Շուշանիկ Միրզախանյանը:

ՇՄիրզախանյանը հայտնեց, նաև որ Ազգային կինոկենտրոնը փոխում է (ռեբրենդինգ) կինոկենտրոնի  լոգոն և բեռլինյան կինոշուկայում արդեն կներկայանան նոր լոգոյով և նոր ոճով։ Ավելի ուշ, պատրաստ կլինի նաև Ազգային կինոկենտրոնի նոր կայքը, որը կունենա նոր ու ժամանակակից հնարավորություններ։

Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը  հայտնեց, որ  կինոշուկայում ներկայացվելու է շուրջ 50 հայկական ֆիլմ: Հատուկ Բեռլինի կինոշուկայի համար տպագրվել է կատալոգ, որում ներառվել են և կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած, և անկախ ստեղծագործողների ֆիլմերն ու նախագծերը։

Ազգային կինոկենտրոնի տնօրենը  լրագրողներին տեղեկացրեց  2020թ. փետրվարի 28-ից մարտի 14-ը ամերիկյան մայրցամաքում կայանալիք միջոցառումների մասին։ Վաշինգտոնի ազգային պատկերասրահը (National Gallery of Art) համագործակցելով ԱՄՆ-ում  ՀՀ դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ կազմակերպում են  «Հայկական ոդիսական»  հայ մշակույթին, երաժշտությանը և ֆիլմերին նվիրված բազմաշերտ փառատոն, որի շրջանակներում ամերիկյան հանդիսատեսին կներկայացվեն հայկական կինոժառանգության բացառիկ նմուշները  և հայկական երաժշտություն՝  Վաչե Շարաֆյանի և Արամ Խաչատրյանի գործերը։

«Մեզ համար սա շատ կարևոր քայլ է՝ ամերիկյան հանդիսատեսին ներկայացնելու հայկական կինոժառանգության բացառիկ նմուշները: Միջոցառմանը ցուցադրվելու են Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» (1938), Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968) և «Հակոբ Հովնաթանյան» (1967) ֆիլմերը։ Մշակութային այս միջոցառմանը մեր մասնակցությունը ապահովելու համար ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը շատ մեծ աշխատանք է կատարել»,- ասաց տիկին Միրզախանյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոն